01:15 , 17 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Դաշնային Ժողովին իր ուղերձում Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ որեւէ մեկին թույլ չի տա ռազմական առավելության հասնել Ռուսաստանի նկատմամբ: Օրերս ԱՄՆ բանակը հրապարակել է մարտական լազերի փորձարկումների մասին տեղեկություն: Դա HEL MD (Army High Energy Laser Mobile Demonstrator) լազերի առաջին ցուցադրումն էր:
Այս զենքով բանակի զինումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետեւանքներով հակամարտության, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը: Նա ասել է, որ Ռուսաստանն ուշադիր հետեւելու է այս զենքի վերաբերյալ ԱՄՆ որոշմանը:
Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը հայտարարել է, որ «Ռուսաստանի ներքաշումը սպառազինությունների մրցավազք վտանգավոր է երկրի համար եւ սպառնում է անխուսափելի փլուզումով, ինչպես արդեն եղել է մեր պատմության ընթացքում»: Առավել եւս, որ հաջորդ տարիների համար Ռուսաստանի բյուջեում նախատեսվում է ռազմական ծախսերի կրկնակի աճ:
Այնուամենայնիվ, Ռուսաստանն արդեն ձեռնամուխ է եղել սպառազինությունների մրցավազքին, եւ այդ կապակցությամբ Հայաստանի վիճակն ավելի է բարդանալու: Հայաստանը ստիպված է լինելու հրաժարվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունից:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը գտնում է, որ Հայաստանը հրաժարվել է ոչ միայն եվրոպական շուկաների եւ տնտեսական համագործակցության առավելություններից, այլեւ եվրատլանտյան անվտանգության համակարգի աջակցությունից, նախեւառաջ՝ ՆԱՏՕ-ի հետ հասկանալի համագործակցությունից:
Հայաստանն ընտրել է ՀԱՊԿ-ը, ավելին, Սերժ Սարգսյանն ասել է, որ ՀԱՊԿ-ը այս տասնամյակներին ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը: «Ներկայում ՀԱՊԿ մեր գործընկերները ձեւավորում են տնտեսական փոխգործակցության նոր պլատֆորմ», ասել է նա: Փաստացի, Հայաստանը մտնում է Եվրասիական միություն, որը պետք է դառնա ՀԱՊԿ «տնտեսական պլատֆորմը»: Թեեւ, ընդունված է, որ ռազմական բլոկը ստեղծվում է տնտեսական որոշակի պլատֆորմի պաշտպանության համար: Համենայնդեպս, ՆԱՏՕ-ն ստեղծվել է այն երկրների պաշտպանության համար, որոնք ունեն տնտեսական ու քաղաքական ընդհանուր շահեր:
Թեեւ, ՀԱՊԿ-ն առայժմ իրեն ոչ մի կերպ չի դրսեւորել: Համենայնդեպս, իր գոյության 20 տարիների ընթացքում կազմակերպությունը ոչ մի անգամ չի մասնակցել իրական գործողությունների, սահմանափակվելով միայն վարժանքներով: Փոխարենը, ՀԱՊԿ-ի իր գործընկերներին Ռուսաստանը կարող է վաճառել իր հին զենքը, որպեսզի փող հավաքի ԱՄՆ հետ սպառազինության նոր մրցավազքի համար:
Վերջերս Հայաստանը վավերացրեց Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիրը, համաձայն որի Հայաստանը չի կարող զենք գնել ոչ մեկից, բացի Ռուսաստանից:
Հետաքրքիր է, Պուտինն իր հետ Երեւանից տարե՞լ է Հայաստանին ՆԱՏՕ-ի երկրների կողմից փոխանցված ժամանակակից հակատանկային զենքը, որի անալոգը ռուսները չունեն: