Դերասան Արման Կոթիկյանը` նաև բանաստեղծ, թարգմանիչ և եղեռնի տարեգիր


00:43 , 15 դեկտեմբեր, 2013

5deea2a402dcKinoashkharh.am-ը գրում է.

Նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արման (Առաքել) Կոթիկյանը տրապիզոնցի է: Ծնվել է 1896-ին: Նա Անանիայի և Մաքրուհու յոթ երեխաներից վեցերորդն էր: Նախնական կրթությունը ստացել է ծովափնյա Էլևի ավանում, որտեղ ապրում էր նրանց ընտանիքը: Ապա, բնակվելով Տրապիզոնում` ավագ եղբոր` Գևորգի մոտ, ուսումը շարունակել է Ազգային վարժարանում:  Նրանց բազմանդամ ընտանիքը ևս տեսել է Ցեղասպանության սարսափները, փրկվել են միայն Արմանը, քույրը` Վարդուհին և եղբայրը` Գևորգը: Արմանը և Գևորգն իրենց ընկերոջ` Ղազար Հարությունյանի (Մակունց) հետ ապաստանել են Տրապիզոնի մերձակա թուրքաբնակ և հունաբնակ Զյուրմելա գյուղի անտառում, ուր նրանց 11 ամիս գաղտնի սնունդ է հասցրել Զոյի անունով մի երիտասարդ հույն կին: Հույն կնոջ արարքի հերոսությունը գնահատելու համար նշեմ, որ հայերի տեղահանության մասին 1915 թ. հունիսի 13-ին թուրքերեն հրապարակված պաշտոնական հայտարարության հինգերորդ կետը զգուշացնում էր, որ «Կառավարութեան հրամանին չհնազանդող, տեղափոխութենէն խուսափող և այս ու այն կողմը պահուողները, պահողները, կերակրողները և անոնց պահուիլը ապահովողները կախաղան բարձրացնելու համար զինուորական ատեանին առջև պիտի ղրկուին»: Բայց մահապատժի սպառնալիքի դեպքում անգամ շատ հույներ օգնության ձեռք մեկնեցին հայերին: Սակայն, շուտով` 1919-ին, Տրապիզոնի վիլայեթում սկսվեց հույների կոտորածը. ի՞նչ եղան Զոյին և նրա ընտանիքի անդամները, ցավոք, անհայտ է:

ko

Լուսանկարում` վերջին շարքում կանգնած են (ձախից) Ղ. Հարությունյանը (Մակունց), Գևորգ և Արման Կոթիկյանները: Կենտրոնում նստած են  Զոյին և նրա քույրը`  Մելին, իրենց երեխաներով, նրանց երկու կողմերում նստած են նրանց սկեսուրները, առջևում, հավանաբար, նրանց և ազգականների երեխաներն են: Նկարի աջ անկյունում այն կողովն ու սափորն են, որոնցով Զոյին հաց ու ջուր է հասցրել թաքնված հայերին: Տրապիզոն, 1916թ.

 1916 թ. ռուսական զորքի կողմից Տրապիզոնի գրավումից հետո Ա. Կոթիկյանը զբաղվել է որբահավաքով, մասնակցել է Տրապիզոնի Աղջկանց վարժարանի շենքում որբանոց-դպրոցի ստեղծմանը, հայոց լեզու և պատմություն է դասավանդել Մխիթարյան վարժարանում, որտեղ իր սաներից կազմել է եռաձայն երգչախումբ և համերգներ տվել: Նրա աշակերտների թվում էր նաև բնիկ տրապիզոնցի, ապագա ամերիկյան նշանավոր գրող և գրականագետ Լևոն-Զավեն Սյուրմելյանը:

Այս ամենից զատ Ա. Կոթիկյանը նաև Տրապիզոնի Հայկական կոմիտեի վերաքննիչ մարմնի անդամ էր: Նա 1917 թ. մարտի 28-ին ազատման դիմում է գրել և տեղափոխվել Սուխում` քրոջ մոտ: 1917 թ. Թիֆլիսի հայկական մամուլում տպագրել է լուրջ հոդվածներ, նվիրված Տրապիզոնի նահանգի անցյալին ու ներկային, հասարակական, քաղաքական, տնտեսական վիճակին, մարդկային ու նյութական կորուստներին, հրատարակել է վերապրողներից իր գրառած սարսափելի հուշերը: Եվ տարիների հեռվից, կարդալով այդ օրերի նրա հրապարակումները, զարմանում ես, որ դրանք պատկանում են ընդամենը 21-ամյա մի երիտասարդի գրչին: Այնուհետև` 1918-ին, Ա. Կոթիկյանը Ստավրոպոլի նահանգի Եսենտուկի քաղաքում, ծանոթանալով ճանաչված դերասան և բեմադրիչ Օվի Սևումյանի հետ, նրա թատերախմբի հետ հյուրախաղերով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Կովկասի հայաշատ քաղաքներում: 1919 թ. նա Ա. Արման գրական կեղծանունով Թիֆլիսում հրատարակել է 1914-18 թթ. Տրապիզոնում, Սուխումում, Թիֆլիսում և Հյուսիսային Կովկասում գրած իր բանաստեղծությունների «Մխացող շուշաններ» ժողովածուն: Նույն թվականին Օ. Սևումյանի հետ Բաթումից մեկնել է Կ. Պոլիս: Կարճ ժամանակ անց նա հաստատվել է Փարիզում, ուր մինչև 1925 թ. ուսանել է իրավաբանություն և Սորբոնի համալսարանում` գրականություն:

Մեծ եղեռնի ահասարսուռ հուշերը չէին սպիանում, և Արման Կոթիկյանը 1924-ին գրել է «Մեր տունը» բանաստեղծությունը.

…Գիշեր է զով-կալի գիշեր-

Հասկն է արծաթ, լուսեն լուսնի…

- Արտերուն մեջ- տխու˜ր հուշեր-

Ցորենի տեղ փուշ կը բուսնի…

Ա. Կոթիկյանը Փարիզում բազմիցս հանդես է եկել հայ թատերասերների առաջ, համագործակցել է Փարիզի «Հայ դրամատիկի» հետ, 1932 թ. հիմնել է «Հայ ժողովրդական թատրոնը»: Հայրենիքից հեռու, օտար ափեր նետված հուսաբեկ արվեստագետը չէր կարող մոռանալ իրենց տունը, զոհված մորը, անցյալի կորուսյալ մտերիմներին, և 1933 թ., Սենայի մեջ իր արտացոլանքը դիտելով, գրել է «Կրկնատեսիլ» բանաստեղծությունը:

1936 թ. Արման Կոթիկյանը ներգաղթել է Խորհրդային Հայաստան: Ընդամենը մեկ տարի հետո նա իր շուրջը ստալինյան բռնությունների, գիշերային ձերբակալությունների, մի անմեղ բառի պատճառով աքսորի կամ գնդակահարության դատապարտվելու ականատեսն է եղել ու, կարծում եմ, վերհիշել է Ցեղասպանության օրերի սարսափները: Եվ հասկանալի է, թե ինչու է նա այդ և հաջորդ տարիներին, մինչև կյանքի վերջը լռել իր անցյալի գործունեության մասին: Ի՞նչ իմանար, թե որ գործչի, կուսակցության, թերթի խմբագրի, մտավորականի հետ իր ծանոթությունը չէր դառնա իր դեմ անստորագիր նամակի նյութ` համապատասխան ծանր հետևանքներով: Հայրենադարձվելով` Արման Կոթիկյանն աշխատել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որտեղ խաղացել է բազմաթիվ դերեր Վ. Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո» և «Վինձորի զվարճասեր կանայք», Լոպե դը Վեգայի «Շունը դեզի վրա», Ա. Պուշկինի «Քարե հյուրը», Շիլլերի «Սեր և խարդավանք», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Հ. Իբսենի «Նորա», Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» և «Մեծապատիվ մուրացկաններ», Վ. Փափազյանի «Ժայռ», Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար» և այլ ներկայացումներում:

Նա նկարահանվել է նաև կինոյում` «Դավիթ բեկ» (1944), «Անահիտ» (1947), «Հասցեատիրոջ որոնումները» (1955), «01-99» (1959), «Նվագախմբի տղաները» (1960), «Տժվժիկ» (1961), «Մսյո Ժակ և ուրիշները» (1963), «Կարինե» (1967): Արման Կոթիկյանի բարձր տաղանդի և հյութեղ խաղի շնորհիվ էկրանից կամ բեմից արտասանած նրա խոսքերն ու արտահայտությունները դառնում էին թևավոր, նմանակվում և տարբեր առիթներով կրկնվում ժողովրդի կողմից:

Նա նաև ֆրանսերենի հրաշալի գիտակ էր. հենց նրա թարգմանությամբ են հայ ընթերցողները կարդացել Գի դը Մոպասանի պատմվածքները (1950) և «Սիրելի բարեկամ» վեպը (1953), Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» չափածո պիեսը (1951, Ավ. Իսահակյանի առաջաբանով), Լուի Արագոնի բանաստեղծությունները (1959), Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» վեպը (1964):

Նա թարգմանել է նաև Վիկտոր Հյուգոյի բանաստեղծությունները, որոնք տպագրվեցին թարգմանչի մահից 40 տարի անց` 2008-ին: Գիրքը հրատարակության է պատրաստել նրա դուստրը` Երևանի կոնսերվատորիայի դասախոս Սեդա Կոթիկյանը: Ա.Կոթիկյանը նաև հայերենից ֆրանսերեն է թարգմանել Վահան Տերյանի և Ավետիք Իսահակյանի մի քանի բանաստեղծություններ, որոնք ցարդ անտիպ են: Ընդհանրապես նա մեծ սեր ուներ պոեզիայի հանդեպ և բանաստեղծություններ է գրել ողջ կյանքի ընթացքում: 1946-ին հրատարակվել է նրա «Խութեցի Հովնան» պոեմը, 1965-ին` «Ակոսներում» չափածո ստեղծագործությունների ժողովածուն, որում տպագրված է նաև Զոյիին նվիրված «Վերհուշ» վերնագրով մի բանաստեղծություն: Նա չի նշել, թե ով է Զոյին: Գուցե դեռ մտավախություններ ուներ: Հիշեցնեմ, որ Զոյին այն հույն կինն է, որը Ա. Կոթիկյանին, նրա եղբորն ու ընկերոջը մեկ տարի լեռներում հաց ու ջուր է հասցրել, փրկել մահից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ