Դավութօղլուի փաստարկներից անգամ եփած հավի ծիծաղը կգար. ՀՀԿ պատգամավոր


12:46 , 14 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Թուրքիայի կողմից նախապես պատրաստված շոու էր: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

«Նա փորձեց երկու ազգերի միջև հավասարություն դնել: Դա խայծ էր, մանկամտություն: Անգամ եփած հավի ծիծաղը կգար, որ հայերի անհնազանդությանը թուրքերը պատասխանել են դեպորտացիայով, դա աբսուրդ է: Տեղահանությունը մենք կարող ենք կոչել հայրենազրկում: Կա պատմական ճշմարտություն, և Թուրքիան պետք է պատմությանը նայի առանց ակնոցների, գնա ուղիղ ճանապարհով»,- ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ ՄՄ անդամակցումից հետո հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր զարգացմանը, Մկրտիչ Մինասյանը նկատեց. «Թե Եվրասիական միության անդամ դառնալուց հետո Հայաստանն ինչ հարաբերություններ կունենա իր ոխերիմ հարևանների հետ, միայն ենթադրել կարելի է, իսկ ընդհանրապես, ՄՄ-ին մեր անդամակցությունը լայն հնարավորություն է ստեղծում հայ արդյունաբերողների համար: Սա կբերի երկրի հզորացման»,- ասաց պատգամավորը:

Ասուլիսի մյուս բանախոս, ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն իր հերթին նկատեց, որ Թուրքիան իր ներկա վարքագծով չի կարող պատմություն սրբագրել: «Նա իրեն միջազգային հանրության աչքին փորձում է ներկայացնել որպես դեմոկրատ: Իսկ Ցեղասպանության փաստը հերքելու համար թուրքերը շատ լավ տերմին են ընտրել՝ «տեղահանություն». կարծես մարդկանց ճանապարհել են գնացքներով, կառքերով կամ մեքենաներով»,- ասաց նա: 

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` այսօր ուժեր պետք է ներդնել ոչ այնքան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում (Արագած Ախոյանի խոսքով, Ցեղասպանության փաստը պատմական աքսիոմա է և արդեն իսկ ճանաչված շատ երկրների կողմից), որքան պահանջատիրության մեջ: «Երկու հազար տասնհինգն էլ կգա, Ցեղասպանության հարյուրամյա տարելիցն էլ կանցնի, բայց եթե ձեռքներս ծալած նստենք, ոչ մի բանի էլ չենք հասնի»,- ասաց նա: 

Հանրապետական պատգամավորն էլ նշեց, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են տարվում, և մեծ են ակնկալիքները, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին առավել մեծ թվով երկրներ կընդունեն պատմական ճշմարտությունը: