Վարազդատ և Մուշեղ


13:12 , 14 դեկտեմբեր, 2013

 

Պապի սպանությունից հետո հայ մեծամեծներն ու իշխանները հավաքվում են Մուշեղ 
սպարապետի մոտ խորհրդի։ 
-Ի՞նչ անենք, -ասում են նրանք, -լուծե՞նք մեր թագավորի վրեժը, թե ոչ։ Երկար խորհրդակցելուց հետո գալիս են այն համոզման, թե՝ 
-Մենք չենք կարող հեթանոս պարսիկների հպատակության տակ մտնել, ոչ էլ հունաց թագավորին թշնամացնել մեր դեմ։ Իսկ երկուսի դեմ կռվել և երկուսին Էլ թշնամացնել՝ իմաստ չունի, որովհետև առանց մեկնումեկին մեր թիկունքում ունենալու, հնարավոր չէ ապրել։ 
Եվ որոշում են առանց Պապի սպանության վրեժը լուծելու, հնազանդվել հունաց թագավորին։ 
Հունաց թագավորը Հայոց աշխարհի վրա թագավոր է նշանակում Վարազդատ անունով մեկին, որը դարձյալ Արշակունիների տոհմից էր։ 
Վարազդատը երիտասարդ էր, հադթահասակ ու անվեհեր և շատ հզոր նետաձիգ։ Պարսից Շապուհ թագավորից փախչելով՝ գնացել էր Հունաստան և իր քաջության շնորհիվ արժանացել հունաց թագավորի հովանավորությանը։ Իր քաջությամբ, մարմնական մեծ ուժով և ճարպկությամբ Վարազդատը Հունաստանում մասնակցում է ոլիմպիական խաղերին։ Պիսա քաղաքում նա հաղթում է բռնցքամարտիկներին, իսկ Արեգ քաղաքի կրկեսի ըմբշամարտում կես օրվա ընթացքում նա մի քանի առյուծ է սպանում և արժանանում օլիմպիական ըմբշամարտում հաղթողի պատվավոր կոչման։ 
Վարազդատը նաև քաջ ու անվեհեր կռվող էր։ Նա հունաց զորքերի կազմում մասնակցում էր լանգոբարդների1 դեմ մղած կռիվներին։ Մի անգամ պաշարված բերդի համար մղվող ճակատամարտում Վարազդատի վրա են հարձակվում հինգ ախոյաններ։ Վարազդատը, սուրը մերկացնելով, մեկ-մեկ բոլորին կոտորում է և դիմելով դեպի բերդը՝ դիպուկ ու ճարպիկ նետահարությամբ բերդի պարսպի վրայից թշնամու տասնյոթ զինվորի միանգամից ներքև է գլորում, ինչպես ուժեղ մրրիկից թափվող վաղահաս թզեր։ Նա իր հերոսական արարքներով առհասարակ հիշեցնում էր իր քաջ ու անվեհեր նախնուն՝ Տրդատ Մեծ թագավորին։ 
Վարազդատը մեծ շուքով ու հանդիսավորությամբ գալիս է Հայաստան և թագավորում։ Հայոց բոլոր նախարարներն ու մեծամեծները հավաքվում են նրա շուրջը, ուրախանում իրենց նոր թագավորով։ 
Իր թագավորության առաջին տարում Վարազդատը երկրում շրջագայելիս, Դարանաղիի դժվար մատչելի տեղերից մեկում հանդիպում է մի խումբ ասորի ավազակների։ Վարազդատը հարձակվում է ավազակների վրա, փախուստի մատնում և հետևներից ընկած՝ հետապնդում։ Եփրատ գետի նեղ հոսանքներից մեկում ավազակները փայտե կամրջակով անցնում են մյուս ափը և իրենց հետևից կամրջակը վերցնում, գցում են գետը։ Վարազդատը վազքով հասնում է գետաբերանին, ցատկում է Եփրատի վրայով, թռչում, անցնում է մյուս ափը։ Ավազակները նրանից զարհուրած՝ զենքերը վայր են դնում և անձնատուր լինում։ 
Վարազդատը թեպետ շատ քաջ էր ու համարձակ, բայց բնավորությամբ մանկամիտ էր և երեխայի պես դյուրահավատ։ 
Մուշեղ սպարապետը բարի խորհուրդներով միշտ նրան խրատում էր, համոզում շրջահայաց լինել, թագավորությունը ամուր պահել, իր թշնամիներին ու բարեկամներին ճանաչել։ Ինքը՝ Մուշեղը, առաջվանից ավելի խոհեմությամբ ու զգուշությամբ էր հոգ տանում Հայոց աշխարհի սահմանների ամրությունը, անվտանգությունը, շենությունն ու բարեկարգությունը հաստատ պահելու համար։ Նա Հայոց աշխարհի գրեթե բոլոր գավառներում ամուր բերդեր է շինել տալիս, շրջապատում մեկ կամ կրկնակի պարիսպներով, դարձնում զորանիստ տեղեր հայոց զորքերի համար, որպեսզի դրանք դառնան ռազմական կայուն ամրություններ դրսից ներխուժող թշնամիների դեմ։ 
-------------------------- 
* Շարադրված է ըստ Մ. Խորենացու և Փ. Բուզանդի «Հայոց պատմություն» գրքերի։ 
1 Լանգոբարդներ (բառացի՝ երկայնամորուսներ), հին հայերենում՝ ղանկվատներ, գերմանական ցեղեր, որոնք մեր թվականության առաջին դարում ապրում էին Էլբայի ձախ ափին, նրանք հետզհետե տարածվում են դեպի Դանուբ գետը, անցնում Ալպյան լեռները, նվաճում հյուսիսային և միջին Իտալիան, ապա մինչև 8-րդ դար հետզհետե ձուլվում տեղական ռոմանական ազգաբնակչության մեջ։ Նրանց անունով մինչև այժմ Լոմբարդիա է կոչվում Իտալիայի հյուսիսում գտնվող ընդարձակ նահանգը։