Որտե՞ղ փնտրել հետեւանքի պատճառը


10:49 , 14 դեկտեմբեր, 2013

Մոտ երկու շաբաթ առաջ դպրոցական մի միջադեպ խախտեց համացանցային կյանքը: Բանն այն է, որ Երեւանի դպրոցներից մեկում քաշքշոցներ ու ծեծկռտուք էին տեղի ունեցել աշակերտների միջեւ: Դրան գուցե ոչ ոք ուշադրություն չդարձներ, եթե չլիներ հետեւած բողոքի ակցիան. 6-րդ դասարանի երեխաների ծնողները հայտարարել էին, որ այլեւս իրենց երեխաներին դպրոց չեն տանի, եթե այդ դասարանում սովորող նորեկ տղան` Հարությունը, դպրոցից չհեռանա: Դասադուլի դուրս եկած ծնողներն ու երեխաները պնդում էին, որ գրեթե բոլոր տղաների հետ խնդիր է ունեցել: Առաջին օրերին նույնիսկ մամուլի հրապարակումներ եղան` Հարությունին անվանելով փոքրիկ ահաբեկիչ: Չնայած մի քանի օրվա դասադուլին ու երեխայի` այդ դպրոցից հեռանալու պահանջին, Հարությունը շարունակեց նույնիսկ միայնակ դասի գնալ: 
Կոնֆլիկտն ի վերջո հարթվեց: Ծնողների զայրույթը իջավ: Հիմա երեխաները սովորում են նույն դասարանում: Աշակերտական այս միջադեպի հիմքում նկատվեցին այն խնդիրները, որոնք դուրս են զուտ աշակերտական ծեծկռտուքի շրջանակից: Նկատվեցին շերտեր, որոնք բացահայտում են ոչ այնքան դպրոցական կոնֆլիկտի, որքան հասարակությունում առկա պրոբլեմի էությունը: 

Հարությունը այդ դասարանում նորեկ էր: Ի սկզբանե աչքի էր ընկել լավ ընդունակություններով ու պարտաճանաչությամբ: Նրա պատմելով` ամեն ինչ սկսվել էր դեռ սեպտեմբերին, երբ տեսողության վատ լինելու պատճառով խնդրել էր ուսուցչին առաջին նստարանին նստել: Բայց հենց այդտեղ էր, որ դասարանի «բնիկները» որոշել էին փորձել նորեկի ամրությունը: Երեխաներից մեկը արգելել էր նրան նստել դիմացի նստարանին` պատճառաբանելով, որ իր «ախպերը» պիտի նստի, ապա ավելացրել, որ այդտեղ որոշողը իրենք են եւ նորեկն էլ իրենց պետք է ենթարկվի: Քիչ չեն դեպքերը, որ այսպիսի պայմաններում նորեկը կլռեր ու կենթարկվեր` լռությունը պահպանելով վախի ու միաժամանակ հոգեկան ապրումների հաշվին: Բայց տղան այս դեպքում պարզապես ընդդիմացել էր` դեմ արտահայտվելով իր նկատմամբ, իր բնորոշմամբ, ինքնահաստատվել ցանկացող տղաներին: Դժվար է ասել, թե հաշտությունից հետո որքանով են պահպանվում խաղաղ համակեցության կանոնները: Այս դեպքից հետո գուցե այստեղ ինչ-որ բան փոխվի կամ արդեն փոխվել է: Բայց քանի՜-քանի՜ այսպիսի դեպքեր մնում են ուշադրությունից դուրս ու հաճախ խեղվող ճակատագրերով: 
Իսկ ամեն ինչ միայն այստեղ` դպրոցում, աշակերտական անմեղ քշքշոցներով ու ծեծկռտոցով չի վերջանում: Այն, ինչ աչքաթող ենք անում վաղ շրջանում, հետո ավելի մեծ խնդիր է դառնում: Ի վերջո, նաեւ աշակերտական սեղանին նստելու համար նորեկների հաշվին ինքնահաստատվող երեխաներն են մի օր համալրում մեր ազգային բանակի շարքերը:

Երկու օր է անցել ՀՀ մի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից, երբ ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն գործեց 19-ամյա մի երիտասարդ: Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունների համաձայն` նա նախորդ օրը զանգել էր հորը, ասել, որ ինքնասպան է լինում, ու որ իր վրա լաց չլինեն: Ավելի ուշ ՊՆ քննչական ծառայությունը հայտնեց, որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող է ձերբակալվել: Մեկ այլ կասկածյալ փախել է զորամասից: Մամուլում տարածված լուրերի համաձայն` այդ ողբերգության պատճառը ինչ-որ հեռախոս է եղել: Այս դեպքն, ամեն դեպքում, շատերին է ցնցել: 19-ամյա երիտասարդի համագյուղացիները չեն կարողանում հավատալ, որ այդ խելացի երիտասարդը կարող էր հեռախոսի պատճառով ինքնասպան լինել: Թե իրականում ո՞վ, ինչո՞ւմ, ինչքա՞ն է մեղավոր եւ արդյո՞ք հնարավոր էր նման դեպքը կանխել, դեռ պատկան մարմինները կպարզեն: 
Պնդել, թե բանակը հասարակության հայելին է, ըստ ՀՀ պաշտպանության նախարարի, «նշանակում է արդարացնել բանակում արձանագրվող ողբերգական միջադեպերն ու ու բացասական երեւույթները»: Դա է պատճառը, որ նախարարը ընդգծում է, որ «որպես փակ ինստիտուտ, բանակը պետք է ձերբազատվի այդ երեւույթներից: Այդ իմաստով նախարարությունը 2014 թ.-ը հայտարարում է բանակում «գողական բարքերի» դեմ պայքարի տարի: 
Սա, ըստ էության, հեշտ գործ չէ: Ուզենք, թե չուզենք, նաեւ բանակն է կրում հասարակության բացասական երեւույթների ազդեցությունը: Մեղադրանք չէ, բայց աստված մի արասցե, ինչ-որ միջադեպի կրկնման դեպքում`այն էլ ողբերգական ավարտով, այդ ժամանակ հասարակական շրջանակում քչերն են հիշում անգամ աշակերտական սեղաններին նստելու համար նորեկների հաշվին ինքնահաստատվել փորձող երեխաներին: Այն, որ բանակում այդ զինծառայողների համար պատասխանատու են նաեւ սպաները, կասկածից դուրս է, բայց դրանից առաջ գուցե մենք բոլորս մտածենք` առնվազն 18 տարեկան դարձած տղային ինչպիսի՞ բազայով ենք բանակ ուղարկում: 
Պատահական չէ, որ գուցե չգիտակցված, բայց վատ արարք թույլ տված երեխաների դեմ գուցե երբեմն կոշտ միջոցով պայքար մղած Հարությունի կողքին շատերը կանգնեցին: Գուցե սա է մթության մեջ եղած եզակի, բայց լուսավոր մոմը, որ կարող է ճեղքել խավարը: