Սկսվեց 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով դատաքննությունը


02:49 , 14 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում այսօր սկսվեց 22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով   դատաքննությունը:  Ըստ մեղադրական եզրակացության` 26-ամյա Դավիթ Թամրազյանը 2013 թվականի մայիսի 7-ին գնացել է Մարիամ Հունանյանի վարձակալած բնակարան, թե իբրև  վերջինիս անակնկալ նվեր ունի տալու, աղջկան խնդրել է փակել աչքերը, իր մոտ եղած խոհանոցային դանակով կտրել է նրա կոկորդը, ինչի հետևանքով աղջիկը տեղում մահացել է: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` հրկիզել է դեպքի վայր հանդիսացող բնակարանը` սեփականատիրոջը պատճառելով 680.437 ՀՀ դրամի գույքային վնաս:    Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ աղջկան  «դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով» սպանությունը կատարվել է այն պատճառով, որ Դ.Թամրազյանը անձնապես վիրավորված է եղել այդ պահին իր հետ հարաբերությունները խզած Մարիամ Հունանյանից:    Սպանության մասին հայտնի էր դարձել հրդեհի վերաբերյալ ահազանգի հետևանքով: Հրդեհը մարելուց հետո օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի մահճակալին հայտնաբերել էր 1991 թ. ծնված Մարիամ Հունանյանի դիակը` պարանոցը կտրած վիճակում: Մայիսի 19-ին` ժամը 09:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները, սպանություն կատարելու կասկածանքով` Ավանի Քուչակ թաղամասի շենքերից մեկից բերման էին ենթարկել 1987թ. ծնված Դավիթ Թամրազյանին, ով, ըստ ոստիկանության հաղորդագրության, խոստովանել էր, որ մայիսի 7-ին` ժամը 23:20-ի սահմաններում, հյուրընկալվել էր Մարիամ Հունանյանի մոտ և իր հետ նախապես վերցրած խոհանոցային դանակով պարանոցը կտրելով` սպանել էր նրան: Դավիթ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանությունը, և 185-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման եղանակով՝ պատճառելով  խոշոր չափերի վնաս:     Ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն, իհարկե, մեղավոր չի ճանաչում: Ի դեպ, լրագրողների հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ Դ.Թամրազյանը առաջ է քաշում սպանության սեփական վարկածը: Ըստ այդմ, սպանությունը կատարել է ոմն Խաչիկը, ով Սատանայապաշտ ոհմակի ղեկավար է, և սպանությունը ոչ այլ ինչ է, քան ծիսակատարություն: Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ ըստ նախաքննության մարմնի՝ Դ.Թամրազյանը սպանություն է կատարել, սպանության պրոցեսը տեսանկարահանել ու տեսագրությունը ցույց տվել երրորդ անձի, ինչը  հիմնավոր կասկած պետք է հարուցեր մեղադրյալի հոգեկան վիճակի մասին ու  ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հիմք հանդիսանար, ինչը նախաքննական մարմնի կողմից չի արվել: Այսօր դատարանում սկսվեց վկաների հարցաքննությունը: Վկաներ, տաքսու վարորդներ Հայկ Խաչատրյանը և Տարոն Ջավադյանը շատ ժլատ տեղեկություններ հայտնեցին. դեպքի օրը առաջինը «Հին Ջրվեժ» ռեստորանի մոտից երիտասարդի է տեղափոխել, իսկ երկրորդը՝ աղջկա ու երիտասարդի: Երկու դեպքում էլ վարորդները՝  ի դեմս իրենց տղամարդ ուղևորի, չճանաչեցին Դավիթ Թամրազյանին. մութ էր, չեն տեսել:  Առաջին վկային հարցաքննելու ընթացքում փոխադարձ անլուրջ ու անհարգալից մթնոլորտ էր տիրում դատարանի դահլիճում: Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի գնահատմամբ, դատավորն ու դատախազը «ձեռք  էին առնում» վկային: Դատարանն էլ իր հերթին տպավորություն ուներ, որ վկան ձեռք է առնում դատարանին: Մասնավորապես, մեքենայի պետհամարանիշի մասին հարցին ի պատասխան  վկան  ներկայացրեց մեքենայի ողջ «հիվանդության պատմությունը»: Դատարանն էլ վկայի՝ «տեր եմ ցուցմունքներիս» հայտարարության վերաբերյալ արձագանքեց, թե տերը ո՞րն է, վկան հո չի՞ ամուսնանում:   Սպանված աղջկա մայրը դատարանում հայտնեց, որ իմացել է, որ իր դուստրը ընկերություն է արել ամբաստանյալի հետ, որի հետ համատեղ աշխատում էին: Տուժողի մայրն իմացել է նաև, որ դեպքից 15 օր առաջ Դավիթի ընկերուհին ու իր դուստրը «ծեծել են իրար աղջիկներով»: Տուժողի իրավահաջորդը  պահահանջեց, որպեսզի  ամբաստանյալը դատապարտվի ցմահ ազատազրկման և նրա մայրն էլ տառապի այնպես, ինչպես ինքն է տառապում: Իսկ սպանված աղջկան ու նրա ընկերուհիներին իր բնակարանը վարձակալության հանձնած տուժող Լուսինե Գալստյանը հայտնեց, որ նրանք իր բնակարանում բնակվել են մոտ վեց ամիս, իրեն տեղեկացրել են, որ իր բնակարանն այրվել է և բնակարանում հայտնաբերվել է կնոջ դիակ, ինքը դժվարությամբ է ճանաչել այրված կնոջը: Մինչ դատաքննությունը սկսվելը՝ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ ի դեմս նախագահող դատավոր Դավիթ Բալայանի: Ըստ պաշտպանի՝ նախաքննության ընթացքում դատավորը որոշում է կայացրել Դ.Թամրազյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասին: Դատարանն անհիմն համարեց միջնորդությունը և ՀՀ օրենսդրությունից չբխող: