Մ-ն պետք է հատուկ հիմնադրամ ստեղծի ճգնաժամի մեջ գտնվող երկրներին օգնելու համար. Օլանդ


17:34 , 13 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Եվրամիությունը պետք է մշտական հիմնադրամ ստեղծի՝ օգնելու ճգնաժամի մեջ գտնվող այնպիսի երկրների, ինչպիսին է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը պետական այցով գտնվում է Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

«Եվրոպան օգնում է շատ երկրների, այդ իսկ պատճառով մեզ անհրաժեշտ է ստեղծել մշտական հիմնադրամ՝ նման գործողությունների ֆինանսավորման համար: Այն կարող է իր աշխատանքին անցնել դեռևս մինչև խաղաղարար գործողության մեկնարկը»:

«Խոսքն այն մասին չէ, որ մենք ուղարկենք մեր զինված ուժերը և խնդրենք ֆինանսավորել այդ գործողությունը, Ֆրանսիան ո´չ վարձկան է, ո´չ Եվրոպայի ժանդարմ»,- պարզաբանել է նախագահը:

Օլանդը նշել է, որ նման հիմնադրամի ստեղծման գաղափարը կառաջարակի Բրյուսելում դեկտեմբերի 19-20-ն անցկացվելիք ԵՄ գագաթնաժողովին:

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում ֆրանսիական զորքերի ռազմական գործողությունը սկսվել է դեկտեմբերի 6-ին՝ ՄԱԿ ԱԽ արտոնմամբ: Աֆրիկյան միության զորակազմի հետ համատեղ ֆրանսիացի զինվորականները սկսել են կարգուկանոն հաստատել երկրում, որը միջկրոնական հակամարտության ճարակ է դարձել: