12:09 , 13 դեկտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Իրանի նոր առաջնահերթությունները Կովկասում
Երեք տասնամյակների ընթացքում Իրանը Կովկասում վարում էր Ռուսաստանի հետ որոշակիորեն համաձայնեցված քաղաքականություն: Իրանը Կովկասը դիտարկում էր որպես Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ասպարեզ, եւ հաճախ էր գնում զիջումների շատ հարցերով, քանի որ Ռուսաստանը համարվում էր զենքի ու տեխնոլոգիաների մատակարար եւ իբր նպաստում էր Իրանի հետ արտաքին քաղաքական ու արտաքին տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի ու Ղարաբաղի խնդիրների մասով Իրանը փորձում էր համատեղել իր եւ Ռուսաստանի շահերը, եւ իրանցիները տեսք էին ընդունում, թե հաշվի են առնում ռուսական շահերը: Իրանը մշտապես փորձում էր Հայաստանը հասցնել Ռուսաստանից ավելի անկախ իրավիճակի:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, ռուսներն ավելի ուշադիր էին հետեւում տարածաշրջանային ինքնուրույն խաղ խաղալու Իրանի ու Հայաստանի փորձերին: Նման իրավիճակ էր ստեղծվել նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններում: Ռուսաստանը կտրուկ դեմ է հյուսիս-արեւմտյան, այսինքն եվրոպական ուղղությամբ հաղորդակցությունների ստեղծմանը, մասնավորապես գազի տեղափոխման մասով, ինչը կհանգեցներ Ռուսաստանի գեոտնտեսական դիրքերի կորստին:
Դրա հետ մեկտեղ, Իրանը զուսպ քաղաքականություն էր վարում Հյուսիսային Կովկասում: Իրանցիներն այդպես էլ լուրջ կապեր չհաստատեցին Չեչնիայի ու Դաղստանի հետ: Ջոհար Դուդաեւը ժամանակին իրանցիներին մեղադրեց վախկոտության եւ Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկության մեջ: Այդպիսով, Հյուսիսային Կովկասից Իրանի ինքնամեկուսացման արդյունքում այդ տարածաշրջանում ամրապնդվեցին Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի դիրքերը, եւ հարց է առաջանում՝ ո՞վ շահեց դրանից:
Ներկայում իրավիճակը փոխվել է արմատապես: Ճեղքվել է Իրանի տոտալ շրջափակումը, եւ Իրանը դառնում է ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ռազմավարական գործընկերը: Կասկած չկա, որ իրանցիների հայտարարությունը, թե ռուսների հետ հարաբերությունները մնում են նախկինի պես, ավելին չեն, քան իրանցիների դիվանագիտական դարավոր փորձի արտահայտություն:
Նախեւառաջ, Իրանը կարող էր փոխել իր վերաբերմունքը ղարաբաղյան թեմային, եւ հնարավոր է կճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը ռուսների համար գիշերային մղձավանջ կլինի: Իրանը ձեռնամուխ է եղել սեփական ազդեցության ուժեղացման ծրագրերի մշակմանը Հյուսիսային Կովկասում, նախեւառաջ Դաղստանում եւ Չեչնիայում, ինչպես նաեւ Հարավային եւ Հյուսիսային Օսիայում, քանի որ օսերին համարում է ազգակից ժողովուրդ:
Իրանցիները բավական մանրամասն սկսել են զբաղվել ավարների ու լեզգիների խնդիրներով, այդ թվում Ադրբեջանի շահերի հետ կապված հարցերով: Ընդ որում, Իրանը մտադիր է այդ կապերն իրականացնել Ռուսաստանի շահերը լիովին անտեսելով, դիմելով այն հնարավորություններին, որոնք տալիս են միջազգային իրավունքը, քաղաքացիական հասարակության իրավունքները եւ կրոնական համատեքստը:
Հյուսիսային Կովկասում Իրանի ակտիվությունը կարող է հանգեցնել ոչ միայն քաղաքական իրավիճակի էական փոփոխության, այլեւ կստեղծի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու արդյունավետ լծակներ: Բացի այդ, իրանա-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը զուգընթաց հյուսիսկովկասյան խնդիրները կարող են քննարկման նոր ասպարեզ տեղափոխվել:
Հնարավոր են այլ, անսպասելի սյուժեներ, կապված իրանա-վրացական հարաբերությունների հետ, քանի որ Վրաստանը բավական նյութ է կուտակել Հյուսիսային Կովկասի ժողովուրդների հետ հարաբերություններում: Վրաստանի հետ Իրանը նախեւառաջ կապում է եվրոպական ուղղությամբ հաղորդակցությունների ստեղծումը, այսինքն՝ իրանցիների հավերժական երազանքի իրականացումը:
Ռուսաստանն ամեն ինչ անելու է Կովկասում Իրանի ծրագրերն ու ջանքերը շրջափակելու համար, նախեւառաջ՝ Հայաստանի միջոցով, ինչը կհանգեցնի անսպասելի հետեւանքների, այսինքն՝ հայ-իրանական հարաբերությունների վատթարացման:
Մինչդեռ հայ-իրանական հարաբերությունները կարող էին կարեւոր գործոն լինել ամերիկյան քաղաքականության մեջ, թուրքական էքսպանսիան զսպելու մասով, սակայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն եւ Իրանը կարողանան վերակենդանացնել Հայաստանի ինքնիշխանությունը: