Ինչո՞ւ պետք է երևանցին բավարարվի ամանորյա հին դեկորացիաներով


15:51 , 12 դեկտեմբեր, 2013

Նորից մոտենում է Ամանորը, նորից Երևանը զարդարվում է, նորից ակտուալ են դառնում խոսակցությունները՝ այդ զարդարանքների նպատակահարմարության և գեղեցկության վերաբերյալ: Եկեք խոսենք Երևանի տոնական դեկորացիաների էսթետիկական գեղեցկության վերաբերյալ:
Հանրապետության հրապարակը քաղաքի սիրտն է, և, բնականաբար, այնտեղ էլ հենց տեսնում ենք տոնական դեկորացիաների ամենամեծ խտությունը և հենց այնտեղի դեկորացիաներն էլ ամենաշատ հարցերն են առաջացնում: Այս տարվա քննարկումների թեման է, թե որքանո՞վ է արդարացված անցած տարվա նույն դեկորացիաների դնելը, առավել ևս, որ դեռ անցած տարի դրանք, մեղմ ասած, հիացական գնահատականների չարժանացան: Թիրախում մասնավորապես հրապարակի շատրվանների միջի անհասկանալի կոմպոզիցիաներն են, որոնց իմաստը այդպես էլ շատերը չհասկացան: Չհասկացան ճիշտ այնպես, ինչպես չհասկացան մայրաքաղաքի գլխավոր դիզայներ Գագա Ամատունու այլ գործերը, եթե չասենք՝ առհասարակ բոլոր գործերը:

Իհարկե, էսթետիկ գեղեցկության ընկալումը ամենքի մոտ տարբեր է: Տարբեր է սովորական քաղաքացու մոտ, տարբեր է մեկ այլ քաղաքացու մոտ, տարբեր է քաղաքապետարանի ներկայացուցչի մոտ, ով պատասխան է տալիս դոկորացիաների համար, բայց պետք չէ մոռանալ, որ այդ դեկորացիաները արվում են բոլորի համար, հետևաբար՝ հնարավորինս պետք է բավարարեն բոլորին, ինչը հնարավոր է, եթե խուսափեն չափից ավել աբստրակտիզմից ու պարբերաբար թարմացնեն տեսականին: Ընդհանրապես, օրակարգային է գլխավոր դիզայներ ունենալու անհրաժեշտության հարցը, որովհետև եթե այդ պաշտոնի ներկայացուցիչը իր պարտականությունները կատարում է այնպես, որ հետո քաղաքի կեսը դժգոհ է մնում, ապա այստեղ մի բան այն չէ: Առհասարակ, ժամանակն է լուրջ մտորել այդ պաշտոնի անհրաժեշտության մասին: Ի վերջո, 21-րդ դարում ցանկացած դիզայներական պրոյեկտի համար կարելի է բաց մրցույթ հայտարարել ու հանգիստ ընտրել լավագույն տարբերակը, այլ ոչ թե ողջ պատասխանատվությունը բարդել մեկի ուսերին, ում ճաշակը կարծես տրամաբանորեն տարբերվում է քաղաքացիների մեծամասնության ճաշակից:

Ֆինանսական հարցն էլ, որքան էլ խուսափենք, գալիս է օրակարգ: Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս եզակի առիթներից մեկով, որը տոն է բոլորի համար և որի ժամանակ բոլորին էլ հաճելի է ինչ-որ նոր շունչ ու թարմություն տեսնել, արվում է խնայողություն, ու հրապարակ են հանվում մեկ տարվա վաղեմության դեկորացիաները: Ինչո՞ւ մենք ամեն տարի պետք է տեսնենք միևնույն զարդերն ու լույսերը հանրապետության գլխավոր տոնածառի վրա, առավել ևս, երբ բյուջեից ամեն տարի պարտաճանաչորեն միջոցներ են հատկացվում, որպեսզի զարդարանքի հարցը լուծի, երբ նույն քաղաքապետարանի բյուջեն աճել է այս տարի և էլ ավելի է աճելու հաջորդ տարի:

Մի՞թե հնարավոր չէր, օրինակ, 718 միլիոն դրամի ծառայողական նոր ավտոմեքենաներ գնելու ու մեկանգամյա օգտագործման կավե արձանների, Նունե Եսայանի 56 միլիոնանոց համերգի, 170 միլիոնի բիոզուգարանների փոխարեն էլ չէ, բայց գոնե այդ հարյուրավոր միլիոն դրամների մի փոքր մասով ինչ-որ նոր ու ավելի հոգեհարազատ զարդարանքներ անել: Հնարավոր էր ու, անկասկած, մեծ խնդիր չէր: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանում ու պատկան մարմիններում առհասարակ բացակայում է առաջնահերթությունները ընկալելու ունակությունը, իսկ այս կոնտեքստում առաջնահերթությունը քաղաքացիներին հաճելի նորություն մատուցելն էր:
Զավեշտը այն է, որ վստահաբար այս փաստարկները կփորձեն չեզոքացնել պարզ հակափաստարկով. «Խնայողություն ենք ուզում անել»:

Սակայն, նորից ու նորից առաջ է գալիս այդ չարաբաստիկ առաջնահերթության պահը և հարց է ծագում, թե ինչո՞ւ են խնայողություններ անում մեր հարմարավետության ու հաճույքի հաշվին, բայց ի սպառ մոռանում են այդ խնայողությունների մասին, երբ բանը հասնում է պետական ապարատի ներկայացուցիչների ու մարմինների ծախսերին: Ինչո՞ւ համառորեն չեն ուզում խորհրդակցեն հանրության հետ ու հենվեն հասարակական կարծիքի ու պահանջի վրա, այլ թողնում են, որ ինչ-որ դիզայներ որոշի դա մեր փոխարեն, և այսպիսի բազմաթիվ ինչուներ...
Հարցը բաց է մնում, իսկ հրապարակի այս տարվա միապաղաղությունը, կարծես, եկել է խորհրդանշելու այն ստագնացիան, որում հիմա հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը: