«Ես քեզ, դու՝ ուրիշին» անվամբ մարդասիրական նախաձեռնության մեկնարկը տրված է


00:24 , 13 հունիս, 2012

«Ես քեզ, դու՝ ուրիշին» անվամբ մարդասիրական նախաձեռնության մեկնարկը տրված է: Վերջինիս էությունը կայանում է հետևյալում. ստեղծվելու է համապատասխան կայք և ցանց, որի միջոցով շրջանառության մեջ են դրվելու մարդկային կյանքին վտանգ սպառնացող ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին տեղեկություններ, որոնք ֆինանսական միջոցների ու դոնորների առկայության դեպքում ենթակա են բուժման:
Առաջնահերթությունը կտրվի այն անձանց, որոնց առավել շտապ է օգնություն անհրաժեշտ: 
Օգնության կարիք ունեցող յուրաքանչյուր անձ պետք է իր կարիքը հավաստող տեղեկություններ ուղարկել համակարգող խմբին, որը կգնահատի դեպքը, կստուգի տրամադրված տեղեկատվության ճշմարտացիությունը և առաջնահերթության կարգով կհրապարակվի կայքում։
Նախաձեռնության գերագույն նպատակներից մեկը վստահության ձեռբերումն է. երբ օգնության կարիք ունեցողն ու օգնության ձեռք մեկնողը հավատացած են, որ իրենց ներդրածը նպատակային է օգտագործվում: Վստահություն շահելու հիմնական գրավականը փաստերով համեմված տեղեկատվության մատուցումն է: Այդ իսկ պատճառով նախաձեռնության քայլերն են՝ մշակել համապատասխան տեղեկատվությունը, տեղեկացնել հանրությանը, կազմակերպել դրամահավաք և հաշվետվություն ներկայացնել։ 
Աշխատանքը իրականացվելու է միմիայն կամավորական հիմունքներով: Նախաձեռնությունը ստանձնում է միջնորդի դեր՝ օղակելով օգնության կարիք ունեցողին և օգնության ձեռք մեկնողին: 

Նախաձեռնության հիմքում դրվելու է «Pay it forward» հայտնի ֆիլմի գլխավոր գաղափարախոսությունը (այստեղից էլ նախաձեռնության անվանումը), այն է` մենք լավություն ենք անում այն անձին, ում կյանքը փրկում ենք, իսկ նա և նրա հարազատները «պարտավորվում են» իրենք էլ իրենց հերթին երեք (երեքը պայմանական ընտրված թիվ է) այլ անձանց լավություն անել, հնարավորինս համաչափ լավություն՝ պայմանով, որ այդ անձիք էլ, շարունակելով շղթան, պետք է երեք այլ անձանց լավություն անեն։ Այսինքն՝ գաղափարի էությունը կայանում է նրանում, որ պետք չէ լավություն անել ու ակնկալել, որ դիմացինն էլ քեզ պետք է լավություն անի, այլ պետք է սկիզբ դնել մի շղթայի, որը, համոզված ենք, կծառայի իր բուն նպատակին և հասարակությունը, ի վերջո, էլ ավելի կկարևորի մարդկասիրական արժեքները: Իհարկե, եթե նրանք անգամ նման «պարտավորություն» չստանձնեն, ամեն դեպքում մենք պատրաստակամ կլինենք աջակցելու, քանի որ մարդկային կյանքը ամենակարևոր արժեքն է: 

Նախաձեռնությունը, հավատացած լինելով, որ ԶԼՄ-ները զգալի դեր ունեն հասարակության արժեքանորմային համակարգի ձևավորման մեջ, փորձելու է այնպես անել, որ այսուհետ ԶԼՄ-ներն ավելի հաճախ խոսեն նման թեմաներից, մասնավորապես՝ մարդու կյանքի՝ որպես գերագույն արժեքի մասին: 

Նախաձեռնության գերակա նպատակներից է նաև ԶԼՄ-ների միջոցով քարոզչություն իրականացնել և հասնել նրան, որ պետությունը հոգա ամենածանր հիվանդություններով տառապող անձանց հոգսերը, այսինքն՝ պետական պատվերի շրջանակներում նրանք կարողանան համապատասխան բուժում ստանալ:

21-րդ դարում գումար չունենալու պատճառով մահանալը, մեղմ ասած՝ անթույլատրելի է։