Ռիո դե Ժանեյրոյում տարհանվել է 2000 ընտանիք՝ հորդառատ անձրևների պատճառով


13:58 , 12 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վերջին օրերին Ռիո դե Ժանեյրոյում տեղացող հորդառատ անձրևների պատճառով տարհանվել են ավելի քան 2000 ընտանիքներ, զոհվել է առնվազն 2 մարդ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:

Ուժեղ անձրևները քաղաքում սկսվել են երեքշաբթի երեկոյան: Ջուրը հեղեղել է Ռիոյի մի քանի գլխավոր փողոցներ, ինչը հանգեցրել է տրանսպորտային կոլապսի:

Քաղաքային ոստիկանության տվյալներով՝ վատ եղանակային պայմանների հետևանքով հաճախակի են դարձել փողոցային կողոպուտների դեպքերը: Երկրի կառավարությունը կարգադրել է ուժեղացնել փողոցների պարեկությունը և տուժած գոտիներ ուղարկել առաջին անհրաժեշտության ապրանքներ, իսկ քաղաքապետ Էդուարդ Պաիսը մարդկանց կոչ է արել չլքել տները:

Օդերևութաբանների տվյալներով՝ միայն տասը ժամվա ընթացքում տեղացել է տեղումների ամսական նորման: Կանխատեսումների համաձայն՝ անձրևները կշարունակվեն առնվազն մինչև կիրակի: