12:54 , 12 դեկտեմբեր, 2013Վերջերս համացանցում եկեղեցականներից մէկի կողմից տարածուեց մի հարցուպատասխան, համաձայն որի` թոյլատրելի են քաւոր-սանիկ եւ քաւորի տղայ-սանուհի ամուսնութիւնները: Սա պատճառաբանւում էր այն հանգամանքով, որ արգելուած են միայն արիւնակցական ազգակցական մերձամուսնութիւնները` այն էլ մինչեւ 5-րդ պորտը` վկայակոչելով Գէորգ Ե. կաթողիկոսի շրջաբերականը: Այս առիթով հարկ է նշել, որ սա հակասում է Հայ Եկեղեցու դարաւոր եւ նուիրական կանոններին` հաստատուած սուրբ հայրապետների եւ եկեղեցական ժողովների կողմից: Այսպէս, արիւնակցական ազգակցական մերձամուսնութիւնները, ըստ Սբ. Ներսէս Շնորհալի հայրապետի սահմանած կանոնների, արգելուած են մինչեւ 7-րդ պորտը, այսինքն` թոյլատրելի են 8-րդ պորտից սկսեալ, իսկ խնամիական ազգակցականութեան պարագային` 5-րդ պորտից սկսեալ: Այստեղ յատուկ ուզում եմ ընդգծել, որ քաւոր-սանիկ փոխյարաբերութիւնը կազմում է հոգեւոր ազգակցականութիւն, քանի որ քաւորը հանդիսանում է նորոգ մկրտեալի կնքահայրը` կնունքի հայրը կամ հոգեւոր ծնողը: Հետեւապէս, հոգեւոր ազգակցական մերձամուսնութիւնները եւս արտօնելի են 8-րդ պորտից սկսեալ: Սրանցից դուրս որեւէ առարկութիւն հակառակ է Հայ Եկեղեցու կանոնական որոշումներին եւ ընդունելի չէ: Իսկ ինչ վերաբերում է Գէորգ Ե. կաթողիկոսի շրջաբերականին, դա իր ժամանակի համար էր` նկատի ունենալով օրուայ պատերազմական ծանր դրութիւնը եւ ծնելիութեան ահռելի պակասը: