Ֆիլմ, որի վերջը սկիզբն է, սկիզբը` վերջը: Դիտելուց հետո հաստատ կուզես նորից նայել սկզբի 10-15 րոպեն, (եթե իհարկե էդքան անհետաքրքրասերը չես)՝ հասկանալու այն ամենն, ինչ տեղի ունեցավ ֆիլմի վերջում: Մի պահ մի տեսակ դժվար է հասկանալ, թե ինչու էդպես եղավ, ինչ եղավ, մահացա՞վ:
«Սեր»-ը պատմություն է տարեց զույգի մասին, որ միասին մի երկար կյանք է անցել, ենթադրաբար սկզբում՝ բուռն, հետո էլ ներդաշնակ ու խաղաղ սիրո մեջ: Հասել են մի կետի, որտեղ իրար կորցնելու սարսափը ձևակերպելի չէ՝ շատ է մեծ ու անորոշ: Հարց. մահն ի զորու՞ է բաժանել նրանց: Պատասխան. ֆիլմը դիտես` կասես:
Աննան հիվանդանում է: Սկզբում կորցնում է հիշողությունը, հետո դժվարանում է մարմինը շարժել: Ժորժն իր վրա է վերցնում կնոջը խնամելու առաքելությունը, համոզված, որ իրենից ավելի լավ ոչ ոք չի կարող դա անել: Մի կողմ է թողնում կոնսերվատորիայի գործերն ու ամբողջությամբ իրեն նվիրում կնոջ խնամքին: Ի վիճակի չէ տեսնել Աննային ծերանոցում, որովհետեւ նախ՝ խոստացել է, որ չի անի դա, ու որ ավելի կարեւոր է` չի ուզում:
