Լոկալ միջուկային հակամարտությունների հիմնական հետևանքը կլինի սովը. հետազոտություն


19:58 , 11 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Երկրում լոկալ միջուկային հակամարտության գլխավոր հետևանքը կլինի զանգվածային սովը, այլ ոչ թե շրջակա միջավայրի աղտոտվածությունը կամ ճառագայթումը: Նման եզրահանգման են եկել Միջուկային պատերազմը կանխելու բժիշկների (IPPNW) և Բժիկներ՝ սոցիալական պատասխանատվության համար (PSR) կազմակերպությունները, որոնք փորձել են հաշվարկել տարածքային վեճեր ունեցող Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հավանական հակամարտության հետևանքները:

Մասնագետների գնահատմամբ, եթե այդ երկու երկրները միջուկային հարվածներ հասցնեն միմյանց, ապա կսկսվի գյուղատնտեսական կուլտուրաների արտադրության նվազում, որի հետևանքով զգալիորեն կթանկանա սննդամթերքի գինը: Մասնագետների հաշվարկների համաձայն՝ դրա արդյունքում ամբողջ աշխարհում սովից կտառապի ավելի քան երկու միլիարդ մարդ (որոնցից 1.3 միլիարդը Չինաստանում)՝ այսօրվա 850 միլիոնի փոխարեն:

Հետազոտության համաձայն՝ միջուկային զենքի կիրառումից հետո մթնոլորտ կբարձրանա մուր, որը կհաղթահարի ամպերի շերտը, կփակի արևը, ինչը կհանգեցնի ջերմաստիճանի անկման, ընդ որում՝ ոչ միայն հակամարտության գոտում:

Այսպիսով, Հնդկաստանի և Պակիստանի միջև միջուկային հարվածների հետևանքով ԱՄՆ-ում հացահատիկային կուլտուրաների աճը տասը տարվա ընթացքում կնվազի միջինը 10 %-ով: Չինաստանում բրնձի բերքն առաջին չորս տարիներին կկրճատվի 21 %-ով և միջինը 10 %-ով հետագա վեց տարիներին:

Բացի սովից, մարդիկ կմահանան նաև տարբեր հիվանդությունների տարածումից: IPPNW-ի հետազոտությունում չի մեկնաբանվում, թե ինչ պատճառով է Հնդկաստանի և Պակիստանի ենթադրյալ միջուկային հակամարտությունը սահմանափակվում միայն լոկալ մակարդակով: