ԱԺ-ն անում է ամեն ինչ, որպեսզի 2014 թվականից գործի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը


19:57 , 11 դեկտեմբեր, 2013

Ազգային ժողովի իշխող կոալիցիան արեց ամեն ինչ, որպեսզի 2014 թվականից գործի պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգը: Փաստորեն, ես և մինչև 40 տարեկան բոլոր աշխատողները պետք է հունվարից «հարկվենք նոր հարկատեսակով»՝ յուրաքանչյուր ամիս մասհանում կատարենք մեր աշխատավարձից առնվազը 5 տոկոսի չափով: Սա ես ընկալում եմ, որպես պետության կողմից հարկադիր ցմահ կալանք մեր եկամուտների մի մասին, որովհետև երաշխիք չունեմ, թե ինչ կլինի տասնամյակներ հետո: Կներեք, իսկ դուք հարցրել է երիտասարդության կարծիքը, ու՞ր կորան ձեզ միշտ տոկոսներ բերող սոցիոլոգների հարցումները: Թեև լավ է, որ այդպիսի հարցում այս անգամ չեք պատվիրել, որովհետև արդյունքը կլիներ այն՝ ինչ միշտ մտածել եք: Եվ եթե սա է մեր երկրի երիտասարդության զբաղվածության խթանման պետական ծրագիրը՝ գնաճի ֆոնին ամեն գնով նվազեցնել եկամուտները, կոտրել հայրենի երկրում սեփական ապագան կառուցող երիտասարդության ձգտումը, ապա այսքանից հետո ոչ մեկը իրավունք չունի մեղադրելու այն քաղաքացիներին, որոնք ունեն ճամպրուկային տրամադրությունը: