Հայ արվեստի հետքերը ռումինական պատմական հուշարձանների վրա


18:57 , 11 դեկտեմբեր, 2013

Հայ ճարտարապետության հանճարը հայ մշակույթի փառքերից է եւ այդ փառքով հայ ճարտարապետությունը աշխարհին ներկայացավ իր հրաշակերտ հայ եկեղեցիներով: Հայ ճարտարապետական ոճը իր ազդեցությունը տարածեց նաեւ ռումինական ճարտարապետության վրա: Այս պարագան ընդգծված է գրեթե բոլոր հին ու նոր գիտնական-հետազոտողների կողմից: Նրանց միջից առաջինն էր պրոֆ. Կր. Թոչիլեսկուն, ով հաստատում էր այն «խնամությունը», որ գոյություն ուներ Ռումինիայի Արճեշ եկեղեցու ճակատի զարդարանքների եւ Հայաստանի հուշարձանների զարդարանքների միջեւ: Ուրիշ մի նշանավոր գիտնական՝ Պ. Փ. Հաշտեուն, հիացած լինելով Արճեշի եկեղեցու տարաշխարհիկ տեսարանից, նշում էր, որ այն շատ հայկական էր, եւ նույնիսկ փորձում էր հաստատել, որ Վանի շրջանից գաղթած եւ եկած հայ վարպետների ձեռքով էր շինված եկեղեցին:

Նշանավոր ռումին պատմաբան Ա. Շվազին հաստատում էր, թե ստորին Դանուբի հովիտի մեջ կառուցված Գուրթեա դե Արճեշի, Թըրկովիշթեի, Տրակոմիրնայի եկեղեցիները չունեն ոչ մի զարդ, որ հայկական չլինի: Պրոֆ. Կ. Պալշը 1911թ. իր մի ուսումնասիրության մեջ նշմարում էր հայ ճարտարարվեստի ազդեցությունը Գոզիա վանքի եկեղեցու վրա: Մանրամասն ուսումնասիրությունից հետո, Կ. Պալշը եզրակացրեց, որ Մոլդովիայի եւ Վալախիայի հուշարձանների զարդական ճարտարապետության սկզբնաղբյուրները արեւելյան են եւ հատկապես` հայկական: Ճարտարապետական գծերի առանձնահատկությամբ եւ, մանավանդ, քանդակների հարստությամբ պատերի արտաքին երեսների վրա Գուրթեա դե Արճեշի եկեղեցին եւ Տեալու վանքը շատ նմանություններ ունեն Հայաստանի ճարտարապետության զարդարվեստի հետ: Անշուշտ, դյուրին չէ ճշտել այն ճանապարհը` որտեղից հայկական արվեստը թափանցեց Ռումինիա: Ծագումը պետք է փնտրել Հայաստանի արվեստի մեջ: Գուրթեա դէ Արճեշի եկեղեցիի հարուստ զարդաքանդակները հայկական մոտիվների իսկական հավաքածու է հանդիսանում:

Գուրթեա դե Արճեշի եկեղեցին կառուցվել է 1512-1517թթ...իր ոճով` հարուստ զարդարանքով եւ գեղեցկությամբ, միակն է հանդիսանաում Եվրոպայի հարաւ-արեւելյան մասի մեջ գտնվող եկեղեցական կոթողներից: Եկեղեցական ճարտարապետության մեջ ուրույն տեղ գրավող Արճեշի վանքը շատ տպավորիչ է իր քանդակներով. պարանի նման պատերի գոտիներով, որոնք բաղկացած են շատ տարրերից հյուսված թելերով՝ մերթ դեպի աջ, մերթ դեպի ձախ` նրանց վրայի տախտակներով եւ ստորին մասի վրա եղող մեկը մյուսից տարբեր հարուստ վարդազարդերով, եռակոնքերով, աղեղնակերպերով, որմնասյուներով, ծաղկաձեւ զարդերով, հյուսակներով, երկրաչափական կամ կենսաբանական զարդարանքներով, ծակոտին, ջղաձեւ եւ բարձրաքանդակներով կամ արտակարկառ ու առընթերադրված, որտեղ հարգված է համաչափությունը, համեմատությունը, պերճութունն ու նրբութունը, որտեղ քննադատ աչքն ու ոգին ոչինչ չի կարող գտնել ուղղելու, ոչ մի ավելորդություն, ոչ մի պակասություն: Գուրթեա դե Արճեշի վանքի հայկական ոճի մասին, ժամանակին մատնանշումներ ու ակնարկություններ են արել բազմաթիվ մասնագետներ: Աննկատ չենք կարող թողնել սկզբնական նմանություններ, որոնք գոյություն ունեն Մոլդովական կամարների սիստեմին եւ Հայաստանի քարե ճարտարապետական կոթողների միջեւ:

Ինչը երեւում է Սանահին վանքի ժամատան մեջ, 10-13-րդ դար: Հետաքրքրական է նմանեցնել նաև մոլդովական քարե կլորաձեւ կամարների ութը աղեղներով ձեւը հայկական վանքերի ժամատան վեցական կիսաբոլոր աղեղներով ձեւի հետ: Այս երկու սիստեմները` հայկական եւ մոլդովական, տարակուսական պետք չէ մեզ թվան: Հայկական մտքի ներմուծումով, նրա մշակումը մոլդովական ճարտարապետության ձեւերի վրա, կարող է լինել տեղական ճարտարապետների եւ հայ գաղթական վարպետների համագործակցության արդյունքը, որ գոյություն ուներ Մոլդովայի մեջ 14-րդ դարում: