Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս. միջադեպ Հրանտ Թոխատյանի և Ստեփան Սաֆարյանի միջև


17:32 , 11 դեկտեմբեր, 2013

Հրանտ Թոխատյան, Ստեփան Սաֆարյան ավագանի Mardik.am-ը գրում է.

Երեկ ավագանու նիստից  հետո Mardik.am-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես  ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանը մոտեցավ «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանին և հարցրեց, թե արդյոք նա չի ցանկանում իրենից ներողություն խնդրել` իրեն վիրավորելու համար:

Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, քանի որ, ինչպես Հրանտ Թոխատյանն է համարում, որ ինքը իրեն վիրավորել է, այնպես էլ ինքն է համարում , որ Հրանտ Թոխատյանն է իրեն վիրավորել: Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ իր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կառուցողական ընդդիմություն չկա, պարզապես իր կարծիքն է եղել, իսկ Ստեփան Սաֆարյանի ասածն արդեն վիրավորանք է:

«Դուք ինձ և իմ գործընկերներին եք վիրավորել»,-ասաց Ստեփան Սաֆարյանը և Հրանտ Թոխատյանին կոչ արեց չհամարձակվել իշխանությանն արդարացնել ընդդիմությանն ու ընդդիմադիր մարդկանց վիրավորելով ու ոչնչացնելով:

«Դուք շատ փոքր եք ինձ վիրավորելու համար»,-բացականչեց Հրանտ Թոխատյանը, իսկ Ստեփան Սաֆարյանն էլ պահանջեց իրեն չվիրավորել: «Ես քաղաքականության մեջ եմ գաղափարներ ու սկզբունքներ հարգելու ու պաշտպանելու, այլ ոչ թե մեծ ու փոքր խաղալու համար: Հարգեք, որ պատասխանը` հարգանք ստանաք»,-պատասխանեց Սաֆարյանը:

Խոսակցությունը գնալով թեժացավ և ավագանու անդամները սկսեցին միմյանց հետ բարձր տոնով խոսել:«Այդ տոնով ինձ հետ չխոսես»,-ասաց Հրանտ Թոխատյանը։ «Դու էլ ինձ վրա մատ թափ չտաս»,-պատասխանեց Ստեփան Սաֆարյանը, իսկ Հրանտ Թոխատյանն էլ ավելացրեց, որ թափ կտա և եթե նույնիսկ պետք լինի` կծեծի էլ: «Հապա բախտդ փորձիր»,-արձագանքեց Ստեփան Սաֆարյանը:

Խոսակցությանը միջամտեց «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, ով փորձեց մեղմել իրավիճակը: Վեճին ականատեսներն էլ հորդորեցին «դուք»-ով խոսել միմյանց հետ:

Հիշեցնենք, որ Ստեփան Սաֆարյանը պատասխանել էր Հրանտ Թոխատյանի panorama.am-ին տված հարցազրույցին արած  այն հայտարարությանը, որ մինչ այսօր չունենք ընդդիմություն. չենք ունեցել, չունենք և մոտակա ժամանակներս չենք ունենալու:  «Այն, ինչը մեզ մոտ անվանում են արմատական ընդդիմություն, ես այդ ամենին չեմ հավատում, որովհետև ոչ մեկից ոչ մի կառուցողական հայտարարություն չեմ լսել: Ամեն ինչը միայն «քանդողական» է` քանդենք, ոչնչացնենք, վռնդենք, ու մեկը չեղավ, որ ասի՝ դա երկրորդ հերթին, առաջին հերթին եկեք այսպիսի երկիր կառուցենք՝ ոչ ոք…»,-ասել էր նա:

Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքի էջում մասնավորապես գրել էր. «Անողնաշարության արդարացումը «ընդդիմություն կամ քաղաքացի չկա/չի եղել/չի լինելու» ձևակերպումն է, որը նմանների համար ապահովագրում է հավերժ տեղ իշխանության կճղակների տակ: Իսկ ո՞վ է ձեր ձեռքերը կապել, որ ինքներդ չեք ստեղծում Ձեր ասած լավ ընդդիմությունը, և ո՞վ էր մղում ՀՀԿ ցուցակներ մտնել, եթե «ճիշտ» ընդդիմության բանաձևը գիտեք…Լավ եք արել, ՀՀԿ ցուցակ եք մտել, ձեր իրավունքն ու ընտրությունն է: Բայց ընդդիմության վրա քար մի նետեք, այ պնակալեզներ»: