Ձեր ծանոթների ցանկում հաստատ առնվազն մեկը կա, ով ասում է՝ ես Տարանտինոյի ֆանատ եմ, եթե իհարկե դա Դուք չեք: Ու երբ իրեն հարցնում ես՝ բոլոր ֆիլմերը տեսե՞լ ես, ասում է՝ հա, բա ոնց, նույնիսկ «Ջեքի Բրաունը», «4 սենյակը», «Մայրամուտից լուսաբացը», որի սցենարը նույնպես ինքն է գրել: Բայց կա ֆիլմ, որը ձեզ հնարավորություն կտա ձեր ինքնավստահ ծանոթների մի մասի «պորտը տեղը դնել», որովհետև, հավատացնում եմ, քչերը գիտեն, որ էս հայտնի-անհայտ ֆիլմի… նոր պարբերություն. մի մատ խորքից:
…Սցենարը գրել է մեծն Տարանտինոն: Ավելին` էս սցենարն ու «Կատաղած շների»սցենարը ի սկզբանե նախատեսված են եղել որպես մեկ ամբողջական ֆիլմի սցենարներ, բայց Տարանտինոն էլ է մարդ, ու իրեն էլ, հատկապես հեռավոր 90-ականների սկզբին, փող էր պետք: Ու ստիպված վաճառում է էս հատվածը, որ «Կատաղած շները» նկարահանի: Սցենարը գնում է Թոնի Սքոթը ու նկարահանում մի հոյակապ ֆիլմ:
Սյուժեն շատ պարզ է, քանդելու համար նախատեսված կծիկներ չկան. մարմնավաճառուհին (Փաթրիսիա Արքեթ) սիրահարվում է տղային (Քրիսթիան Սլեյթեր), տղան սիրահարվում է մարմնավաճառուհուն, ամուսնանում են (ու էս ամեն ինչը՝ մեկ օրում): Նույն օրը մեր հերոսը որոշում է գնալ իր` արդեն կնոջ նախկին կավատի մոտ, սպանել նրան ու հետ վերցնել իր սիրելիի հագուստը:
Ֆիլմը ոչ մի լուրջ ազդեցություն չի թողնի ձեր ներաշխարհի վրա, չի փոխի ձեր կենսակերպը, բայց կստիպի ձեզ գերագույն հաճույք ստանալ` դերասանական խաղի, ռեժիսորական աշխատանքի (որն, ի դեպ, այնքան էլ աչք չի ծակում ու հենց դրանով է լավը) և, իհարկե, հիանալի սցենարի շնորհիվ: Սա Տարանտինոյի առաջին լուրջ սցենարական աշխատանքներից է, եթե ոչ առաջինը: Այսինքն հնարավորություն ունեք տեսնելու «մաքուր» Տարանտինոյին, երբ նա դեռ աստղ չէր ու ձգտում էր սեփական խոսքն ասել կինոյում:
