13:36 , 11 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան այց չէ Երևան, այլ ընդամենը մասնակցություն կոնկրետ միջոցառման: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` հավելելով, որ թուրք պաշտոնյայի այցը առավել շատ միտված է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախաշեմին միջազգային հանրությանը համոզելու, որ Հայաստանի հետ ինչ-ինչ հարաբերություններ կան:
Նրա խոսքով, Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մերժումը խոսում է Թուրքիայի թշնամական վերաբերմունքի մասին: «Միաժամանակ, այդ երկիրն անում է ամեն բան` տպավորւթյուն ստեղծելու, որ Հայաստանի հետ ինչ-որ գործընթաց կա: Մինչդեռ ՀՀ դիվանագիտությունը միջազգային հանրության մոտ պետք է հնարավորինս շատ հնչեցնի, որ ոչ մի գործընթաց էլ չկա: Իրականում Թուրքիան այսօր ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու: Այդ երկիրն օգտագործում է հայ-թուրքական արձանագրությունները` իրացնելու իր նախապայմանները, և դրանք ամեն կերպ պարտադրելու Հայաստանին»,- ասաց Կիրո Մանոյանը:
Դաշնակցական գործիչը նկատեց, որ 2015 թվականը չպետք է դիմավորել արձանագրություններով, այլ կոնկրետ գործողություններ իրականացնել և համահայկական համախոհություն դրսևորել:
Ամփոփելով` Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ Թուրքիայի ԱԳ նախարարի` Երևան ժամանելու օրը Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը պիկետ կկազմակերպի:
Հիշեցնենք, որ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական Երևանի հրավերով դեկտեմբերի 12-ին կժամանի Հայաստան` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության նիստին: