00:19 , 11 դեկտեմբեր, 2013
Սարի գագաթը ամպին պահ մտավ,
Մերկացած ուսը հովով շղարշեց,
Գանգուր փեշերը իրար հավաքած
Թշվառ ու տխուր մշուշում ծածկվեց:
Ամպերը թել-թել մասունք են հյուսում,
Սարերի հեվքն է գիշերը կարծես,
Ճայերը հիմա քնած են լռիկ,
Քնքույշ տեսիլք է գիշերը կարծես...
Վայելքներ հագած լռել է չորս դին,
Հեռաստանն անծիր դողում է մերթ-մերթ,
Մթնշաղի մեջ հովն է թեվածում,
Հար ու հավիտյան գիշեր է կարծես...
Պոկված երազ է սարերի հեվքը,
Քնքույշ տեսիլք է, լռելյան ու հար...
Թախիծն է թշվառ հեծել չամփեքին,
Ունկնդրում է լուռ գիշերում խավար...