Երջանկություն


19:36 , 11 հունիս, 2012

Նրանք բաժանվեցին եւ տղան հանգիստ շունչ քաշեց․ այժմ նա ուներ տխուր լինելու արդարացված պատճառաբանություն։ Հիմա գլուխը կախ քայլելիս ծանոթ մեկին հանդիպելով կարող էր ինքն իրեն նեղություն չտալ եւ չձեւանալ երջանիկ։ Նախկինում շատ բարդ էր նույն կերպ վարվել, քանի որ չորս կողմից նրան հարցախեղդ էին անում՝ ինչու՞ ես լուռ, բա՞ն է պատահել, տխուր ես երեւում, կուզե՞ս խոսել։ Իսկ հիմա ոչ միայն այդ հարցերն էին անհետացել, քանի որ բոլորը հասկանում էին նրա հոգեվիճակը՝ սիրտը կոտրվել է, այլ նաեւ որպես բոնուս հաճախ արժանանում էր մեջքին կարեկցաբար հասցվող թփթփոցների։

Իհարկե նա չէր հասկանում մարդկանց այս վերաբերմունքը, սակայն դեմ չէր օգտվել դեպքերի նման դասավորվածությունից։ Երբեմն մտածում էր, որ նման հանգստության համար պատրաստ է ժամանակ առ ժամանակ անցնել բաժանման ճնշող գործընթացով։ Նախապես մտածված բաժանում, գործարքի պես։ Նա շրջապատին կտար իրեն կարեկցելու եւ այդ կարեկցանքի միջոցով ավելի լավ դրության մեջ գտնվելու ինքնախաբեության հնարավորություն, իսկ նրանք իրեն կտային տխուր լինելու ազատություն։ Իհարկե տխրության անառիթ լինելու փաստը հայտնի կլիներ միայն կողմերից մեկին՝ իրեն։

Քանի որ տղան երբեք չէր կարող բացատրել, որ տխրությունն իրեն առանձնապես չի անհանգստացնում, որ նա այդ վիճակից իհարկե հաճույք չի ստանում, սակայն անդադար կրկնվող հարցերն իրեն ավելի են հոգնեցնում։ Նա երբեք չէր կարող հասկացնել մարդկանց, որ երջանկությունը ոչ թե տխրության բացակայության մեջ է, այլ սեփական զգացմունքների համար արդարացում չփնտրելու եւ ոչ ոքի բացատրություն չտալու մեջ։

Նրանք բաժանվեցին, եւ որքան էլ զարմանալի է, տղան իր տխրության մեջ շատ երջանիկ էր։