11:31 , 8 դեկտեմբեր, 2013Նրան, ինչպես եւ նույնպես Դիլիջանում վերջերս կառուցված Կենտրոնական բանկի շենքին, նախկին Կինեմատոգրաֆիստների տան տեղում կառուցվելիք ՊԵԿ ուսումնական կենտրոնին նույն ճակատագիրն է սպառնում` փլուզում սողանքից:
Այս մասին երեկ «Էկոլուր» մամուլի ակումբում հայտարարեց «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ, երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը: Այդ շենքերը, ըստ գիտնականի, կփրկվեն միայն այն դեպքում, եթե հակասողանքային միջոցառումներ իրականացնեն, որոնք, մյուս կողմից, թանկ հաճույք են: Մեկ սողանքի գոտում ռիսկերը նվազեցնելու համար կարող է ծախսվել միջինը 100 միլիոն ԱՄՆ դոլար: Հենց այսքան է պահանջվում ՊԵԿ ուսումնական կենտրոնն ընդգրկող սողանքային գոտու անցանկալի անակնկալներից խուսափելու համար: Բայց խնդիրը նրանում է, որ Դիլիջանում մեծ նախագծեր իրականացնող պետական կառույցներն ու մասնավոր ընկերությունները, Ռուբեն Յադոյանի խոսքով, միլիարդներ ծախսելով, չեն ցանկանում միլիոն էլ տալ կառուցածը սողանքից փրկելու համար: «Դիլիջանը որքան գրավիչ է, այնքան էլ վտանգավոր` երկրաբանական կառուցվածքի տեսակետից: Չգիտես ինչու, շինարարները մոռացել են սրա մասին: Ես միշտ ասել եմ, որ Դիլիջանում մի փոքրիկ հյուղակ էլ կառուցելուց առաջ պետք է հակասողանքային միջոցառում ձեռնարկել, որը թույլ կտա ինչ-որ աստիճանով մեղմել ռիսկերը: Սրանք քանդվելու են: Սա ցավով եմ ասում, բայց քանդվելու են: Եթե անմիջապես ամենասկզբում ոչ մի միջոցառում չեն արել, գոնե թող էսօր մտածեն: Ամոթ է»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց երկրաբանական գիտությունների թեկնածուն:
Գիտնականը լրագրողների հարցին ի պատասխան, թե հակասողանքային ի՞նչ միջոցներ է հնարավոր ձեռնարկել, ծիծաղեց` ասելով, որ ժամանակակից աշխարհում դրանք բազմաթիվ են եւ հուսալի: «Ամոթ է էսօրվա դրությամբ ասել` ինչ կարելի է անել: Չէ՞ որ մենք այսօր Լուսին ու Մարս ենք թռնում: Ամեն միջոց էլ կա»,- եւ հատուկ ՊԵԿ-ի, գործարար Ռուբեն Վարդանյանի եւ Կառավարության համար նշեց բոլոր միջոցները: Լրագրողների դիտարկմանը, թե` դրանք թա՞նկ արժեն, Ռուբեն Յադոյանը հակադարձեց. «Մարդկային զոհերի դիմաց նման հասկացություն չկա: Երբ մարդու կյանքի մասին ենք խոսում, թանկ ոչինչ չկա»:
Յադոյանը կինեմատոգրաֆիստներին դեռ ԽՍՀՄ տարիներին է զգուշացրել, որ սողանքի վրա են: Եվ 5 տարի հետո շենքերը սկսել են ճաքեր տալ: Հիմա էլ ՊԵԿ-ին է զգուշացրել: Երբ «Ինժեներ-երկրաբան» միությունը տվել է իր եզրակացությունը սողանքների մասին, փոխանակ մտահոգվելու, Յադոյանին համոզել են, թե` թույլ տվեք հակասողանքային ծրագրի գումարների հաշվին ուրիշ բան կառուցենք: «Ես իրենց պարզ ասացի` ամոթ է»,- պատմեց Յադոյանը: Նա իր հետ բերել էր երկրաբանական եւ սողանքային գոտիների քարտեզներ, որոնց վրա ցույց տվեց իր նշած բոլոր կառույցները` սողանքային կարմիր գույնի մեջ: Ցանկացած երկրաշարժի դեպքում սողանքի տեղաշարժ կլինի եւ շենքերը կփլվեն: «Յադոյանը կլինի, չի լինի, սողանքը լինելու է եւ էդ շենքերը քանդվելու են»,- ասաց բանախոսը: «ՀԺ»-ի հարցին, թե ի՞նչը կարող է պատճառ լինել, որ հատկապես մասնավոր ներդրողը չի անհանգստանում իր գումարները քամուն տալուց, Յադոյանը պատասխանեց. «Բեսպրեդել հասկացություն կա: Այ էդ գումար դնող, կառուցողները կարծում են, որ եթե իրենք գումար ունեն, իրենք ամեն ինչ գիտեն եւ իրենց ամեն ինչ թույլատրելի է: Սա ամենավտանգավորն է: Եթե դու միլիարդ ես ծախսում շենքը կառուցելու համար, նրա երկու տոկոսը հակասողանքային չարժե՞ անել: Երբ վարչապետը կամ նախագահը գնում է Ռուբեն Վարդանյանի միջազգային դպրոցի ժապավենը կտրում, մինչեւ կտրելը թող հարցնեն` ապահովագրված է՞ սողանքից: Այնտեղ նախկինում տուրբազա էր, որը քանդվեց սողանքից»,- իր մտահոգությունը հայտնեց երկրաբանը:
Հայաստանում կա ավելի քան 2000 սողանքային գոտի, որոնք ակտիվացել են ենթակառուցվածքների ինտենսիվ զարգացումից: Հայաստանում խոշոր սողանքներից ապահովագրված են միայն Արարատի եւ Արմավիրի մարզերը:
Գագիկ Աղբալյան