11:39 , 8 դեկտեմբեր, 2013Խոսրովի անտառ, Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ։ Սկիզբ է առնում Արարատյան դաշտում, Արաքսի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը։ Անտառի առանձին հատվածներ պահպանվել են մինչև մեր օրերը, դրանք ընդգրկված են «Խոսրովի անտառ» պետարգելոցում, որը զբաղեցնում է մոտ 27000 հեկտար տարածություն, կազմակերպվել է 1958 թվականին և գտնվում է 1600-2300 մ բարձրության վրա։ Խոսրովի անտառ Խոսրովի անտառը (Խոսրովի արգելոց) զբաղեցնում է 27000հա տարածք։ Այն սփռված է Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան և Ուրծ, Երանոս, Դահնակ, Իրից լեռ, Խոսրովասար լեռնաբազուկների լանջերին։ Գտնվում է 1600-2300մ բարձրությունների վրա։ Խոսրովի անտառը 1958թ-ից հանդիսանում է պետական արգելոց։ Այն կազմակերպվել է բուսական և կենդանական աշխարհի պահպանման, բարելավման ու նոր տեսակների ստացման նպատակով։ Լեռնաբազուկների ստորին լանջերում տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը։ Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում և հանդես է գալիս գիհու նոսր անտառներով ու կաղնուտներով։ Կան նաև լայնատերև իլենի, բռնչենի, արոսենի, կովկասյան ցախակեռաս։ Ավելի բարձր` լեռնատափաստանային բուսածածկույթ է։ Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը (վայրի ոչխարը) և բեզոարյան այծը։ Հանդիպում են նաև ընձառյուծ, գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, լուսան, կզաքիս, գայլ, գորշուկ և այլն։ Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը. հանդիպում են սև ցին, գառնանգղ, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի, ճայ և այլն։ Կան բազմաթիվ սողուններ, մասնավորապես` թունավոր գյուրզան։ 1954թ-ից կլիմայավարժեցվում է ուսսուրական բծավոր եղջերուն։ Խոսրովի անտառում են գտնվում Գեղարդը, Հավուց Թառը, Կաքավաբերդը, միջնադարյան կամուրջ և այլ պատմական հուշարձաններ։ Խոսրովի անտառով անցնում է ջրառատ Ազատ գետը, որի վտակների վրա կան բազմաթիվ հիասքանչ ջրվեժներ։ «Խոսրովի անտառ» անվանումն ստացել է Խոսրով Երկրորդ Կոտակ թագավորի պատվին։ Ըստ Խորենացու, Խոսրովի գահակալության ժամանակ, արգելոցի տարածքում կատարվել են անտառատնկումներ։