Տուտյան Թանգարանը՝ Հնատիպ հավաքածուների կենտրոն


18:24 , 7 դեկտեմբեր, 2013

1926-թվականին Վենետիկի Մխիթարյաններից Հայր Մկրտիչ Վրդ. Պոտուրյանը իր հրատարակած «Երկիր» շաբաթաթերթի մեջ, նշելով անհրաժեշտությունը ազգային գրադարան-ընթերցարանի, մարտի 13-ին գրում է.
«Անուրանալի անհրաժեշտութիւն մըն է, որ Ռումանիոյ մէջ ցրուած հայութիւնը իր դպրոցին ու եկեղեցիին կից ունենայ հայ ընթերցարան-գրադարանը»:
Հ. Մկրտիչ Պոտուրյանի այս կոչից հետո Բուխարեստի եկեղեցական վարչությունը 1927 թվականի իր ծրագրի մեջ նախատեսում է 30.000 լեյի գումար՝ կենտրոնական մատենադարանի հիմնումի համար: Այս մատենադարանի մեջ պիտի կենտրոնանային Բուխարեստի եկեղեցու եւ դպրոցի, ինչպես նաեւ գավառի եկեղեցիների ու գրադարանների գրքերը:

Մատենադարանը պիտի ունենար նաեւ փոքր թանգարան, ուր պիտի պահվեին իշխանական հրովարտակներ, հայկական հին դրամներ, ինչպես նաեւ եկեղեցական հին զանազան իրեր:
Եկեղեցու վարչությունը նշանակում է հանձնախումբ, որ պիտի զբաղվեր այս ծրագրի կարգադրությամբ: 
Հանդիսավոր բացումը կատարվում է 1927 թ. հոկտեմբերի 9-ին: Կենտրոնի բացումը կատարեց Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ.Հուսիկ արք. Զոհրապյանը եւ անվանվեց Տուտյան, քանզի Տուտյան ընտանիքը բավական գումար տրամադրեց, որպեսզի այս շինությունը ավարտին հասնի: Պետք է նշել, որ Կենտրոնը բացվեց նշանավոր հայագետ Յ. Ճ. Սիրունիի ջանքերով, ով մատենադարանի բացվելուց մի քանի տարի հետո դարձավ «Տուտյան» կենտրոնի տնօրենը: 

Շատ մեծ աշխատանք տարվեց, որովհետեւ փրկվեցին բազմաթիվ արժեքավոր գրքեր, լրագրական հավաքածուներ եւ վավերաթուղթեր, որոնք պահված կամ նետված էին: Մատենադարանը հարստացավ եւ դարձավ նման հիմնարկություններից լավագույններից մեկը:
«Տուտյան» կենտրոնի բացումից մինչեւ այսօր պահվում են այսպիսի ձեռագրեր՝ թվով շուրջ 72, որոնց մեջ մագաղաթյա Ճաշոցներ՝ գրված 1331-ին, 1460-ին, 1666-ին, Երուսաղեմ, Լվով եւ Պոլիս, Մաշտոցներ՝ ընդօրինակված 1555-ին եւ 1669-ին, առաջինը՝ Լվովի մեջ, եւ Կամենիցի մեջ գրի առած մի Կանոնագիրք ՝ 1621-ին, եւ այլն:


Մատենադարանը ճոխ է նաեւ ձեռագիր կոնդակներով, սկսած Ղուկաս Կաթողիկոսից՝ 1792-ին: Ունի նաեւ ճոխ հավաքածու հայ հին տպագրություններից, ի շարս որոնց՝ 1668-ին Ամստերդամում հրատարակված Մ. Խորենացիի Աշխարհագրությունը, Առաքել Դավրիժեցիի 1669-ին՝ Պատմությունը, նույնպես 1669-ին տպագրված Աստվածաշունչը, 1676-ին Մարսելում հրատարակված Պարզատոմար Մշտնջենականը, 1685-ին Վենետիկում տպված Ավետարանը, 1686-ին Կ. Պոլիս տպված Ճաշոցը, դարձյալ 1686-ին Վենետիկում տպված Պարզաբանությունն Հոգենվագ Սաղմոսաց, դարձյալ Վենետիկում տպված 1686-ին Խորհրդատետրը, եւ այսպես երկար մի շարք, մինչեւ 1800-ական թվականները:

Ձեռագիրների մեծամասնությունը բովանդակությամբ կրոնական բնույթի են. Ճաշոց, Ավետարան, Մաշտոց, Հայսմավուրք, Շարականներ, Քարոզգիրք, Խորհրդատետր: Նաեւ կան Բժշկարան, հայերեն լեզվի քերականություն, գիտելյաց գանձարան եւ մի քանի հայաշատ քաղաքների մասին վիճակագրություններ, որոնք իրենց հնությամբ հետաքրքրական են հետազոտողի համար:
Ձեռագիրները՝ բոլորագիր, նոտրագիր եւ ոմանք շեղագիր են, երկսյուն, բազմաթիվ լուսազարդ գլխագիրներով եւ գլուխների սկիզբները թռչնագիր տառերով եւ գույնզգույն մելանով, մասնավորաբար կարմրագույն: Ոմանք, մանավանդ Ավետարանները, ունեն գունավոր ճոխ ու գեղեցիկ նկարներ:
Ձեռագիրների մեջ կան 1265-ին թղթի վրա գրված մի Ավետարան Կիլիկիայի Մաշկեւոր վանքի մեջ, Ճաշոց՝ 1313-1331 թվականներին` գրված Երուսաղեմի մեջ, թղթի վրա: Ուրիշ Ճաշոց, դարձյալ թղթի վրա, գրված 1459-1460 թվականներին Աքքերմանի մեջ, ձեռամբ Նիկողայոս եպիսկոպոսի: Դարձյալ Ճաշոց, մագաղաթի վրա գրված 1667-ին Կ. Պոլիս: 1660-ին գրված, մագաղաթյա Տոնացույց, տեղը անհայտ: 1605-ին Լվովի (Լեմպերկ) մեջ գրված Քարոզգիրք: 1633-1655 թթ Կաֆայի մեջ գրված Հայսմավուրք եւ այլն:


2010թ. նոյեմբերից Ռումինիայում իր պաշտոնավորությունը սկսեց Ռումինիայի Հայոց Թեմի նոր առաջնորդ՝ հոգեշնորհ Տ.Տաթեւ վրդ. Հակոբյանը, ով 2012 թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օծվեց եպիսկոպոս: Իր նախորդ այցելությունից արդեն իսկ քաջատեղյակ լինելով հնատիպ գրականության հավաքածույին, Սրբազանը գրադարանի հետ կապված առաջին գործնական քայլերից մեկը եղավ նախեւառաջ առաջնորդարանից գրադարան տեղափոխեց այնտեղ գտնվող մեծ թվով գրքեր, որոնց թվում նաեւ շուրջ 30 հնատիպ գիրք: Այնուհետեւ, որոշում կայացվեց նաեւ Ռումինիայում Հայոց Թեմին պատկանող հայկական եկեղեցիներում պահվող առավել արժեքավոր գրքերը, ձեռագրերն ու մի շարք եկեղեցական ծիսական իրեր նմանապես կենտրոնացնել Բուխարեստի Հայոց Թեմի Առաջնորդարանի Հայ Մշակույթի Տանը «Տուտյան» կենտրոնում: Իրականացված շրջագայությունների արդյունքում, Սուչավայից, Պիտեշտից, ֆոկշանից, Բոտոշանից, Յաշից, Բրեյլայից, Գալացից եւ Տըրգու Օկնայից բերվեցին թե՛ հնատիպ (մինչեւ 1850թ. տպագրություններ), եւ թե՛ նորատիպ(1851-ից հետո հրատարակված) բազմաթիվ գրքեր, ինչպես նաեւ ձեռագրեր: Հիշեցնենք, որ 84 տարի առաջ Հակոբ Սիրունին ու մի շարք հայ մտավորականներ նման մի առաքելության շնորհիվ էր ,որ հիմնադրվեց Բուխարեստի «Տուտյան» Կենտրոնը:
Տ.Հեթում քահանա Թարվերդյան