Այսօր Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցն է. մարդիկ դեռ 25 տարվա մետաղյա տնակներում են ապրում


09:36 , 7 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից 25 տարի է անցել, սակայն Հայաստանում դեռ կան երկրաշարժից տուժած ընտանիքներ, որոնք շարունակում են ապրել մետաղյա ժամանակավոր տնակներում: Իսկ որոշ բնակավայրերում, ինչպես Գյումրին, դեռ կան երկրաշարժի հետևանքով ավերված շինություններ, որոնք դեռևս ապամոնտաժված չեն:

Հիշեցնենք, որ 1988-ի երկրաշարժն ընդգրկեց հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները՝ նրա տարածքի մոտ 40%-ը։ Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17%-ը, շուրջ 8 մլն քառ. մ բնակելի տարածություն։ Դադարեցին գործել 170 արդյունաբերական ձեռնարկություններ, շուրջ 1200 անասնապահական շինություններ ավերվեցին։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի։

Ի՞նչ է փոխվել ողբերգությունից 25 տարի անց: Անօթևան մնացած ընտանիքներից քանի՞սն են փոխհատուցում ստացել, քանի՞սը՝ ոչ:

Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ այսօր Կառավարությունը 4000-ից ավելի անօթևան ընտանիքներից անօթևան են ճանաչում մոտավորապես 1200-ին, մյուսների մասին ասում են, թե մենք նրանց առաջ պարտավորություն չունենք։

«Բայց այդ մարդիկ 25 տարվա մետաղյա տնակներում ապրում են, հիվանդանում են, արտագաղթում են: Քաղաքի բնակչության շուրջ 18 տոկոսը ապրում է այդ «կոնտեյներների» մեջ 25 տարի շարունակ: Մենք վաղը նշելու ենք ամոթի օր»,- երեկ Tert.am–ի հետ զրույցում ասաց Լևոն Բարսեղյանը:

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գյումրիում երկու կարգավիճակի անօթևաններ կան. նրանք, ովքեր պետությունից փոխհատուցման ենթակա են, և նրանք, ովքեր ենթակա չեն:

Նրա հաղորդմամբ, Կառավարության որոշման համաձայն`այն ընտանիքներն են բնակարանային փոխհատուցման ենթակա, որոնք մինչև 2008 թվականի նոյեմբերի 1-ը հաշվառվել են հերթացուցակներում:

«Այս պահի դրությամբ անօթևանների հերթացուցակում հաշվառված են 4270 ընտանիք: Անօթևանների հերթացուցակում 3200 անօթևան ընտանիք կա, որոնք փոխհատուցման ենթակա են: Մնացած մոտ 1100 ընտանիքի խնդիրը բաց է մնում: Կառավարության խոստումների համաձայն նրանցից 430 պետք է հաջորդ բնակարան ստանան»,- տեղեկացրեց «Շիրակ» կենտրոնի ղեկավարը:

1988թ-ի երկրաշարժից հետո երբեմնի խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Սպիտակի համար հիմնական խնդիրը 25 տարի անց աշխատատեղերն են, որոնք դեռ «կամաց-կամաց փորձում են լուծվել»։ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը թվարկեց, թե ինչ գործարաններ կային երկրաշարժից հետո և այսօր ինչով են զբաղվում սպիտակցիները։

«Եթե թվարկեմ նախկինում ինչ գործարաններ կային, շուրջ կես ժամ կտևի՝ ունեինք վերելակաշինության գործարան, շաքարի գործարան, ալրաղացի կոմբինատ, թռչնաբուծական ֆաբրիկա, ռետինատեխնիկական իրերի գործարան, կոշիկի ֆաբրիկա, թեթև արդյունաբերության՝ կարի ֆաբրիկաների մեծ ցանց ունեինք և սպասարկվող ոլորտում ամեն ինչ, շինարարական մի քանի կազմակերպություն, այսօր, ցավոք, աշխատեղերի մի քիչ բաց ունենք, որը փորձում ենք կամաց-կամաց լրացնել»,-ասաց նա՝ ավելացնելով, որ այս պահին արդեն կառուցվում է հզոր թռչնաբուծական ֆաբրիկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ