08:32 , 7 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ճապոնիայի արքայադուստր Ակիկոն հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ուշաթափվել է Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում: Այս մասին հայտնել է Ճապոնիայի կայսերական պալատի գործերի վարչությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Վարչության փոխանցմամբ՝ Ակիկոն գիտակցությունը կորցրել է հանդիսավոր հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էին կայսերական ընտանիքի անդամները կայսեր ու կայսրուհու՝ Հնդկաստանից վերադառնալու առիթով, որտեղ գտնվել են պաշտոնական այցով:
31-ամյա արքայադստեր վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ուշաթափությունը կապում են արյան ճնշման կտրուկ անկման հետ: Միջադեպի հետևանքով Ակիկոն ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր այցը Հավայա, որտեղ պետք է ներկա գտնվեր ճապոնական դիցաբանության և հավայան լեգենդների հիման վրա արված բեմադրությանը, տեղի համալսարանում կարդար մշակույթի թեմայով մի քանի դասախոսություններ:
Արքայադուստր Ակիկոն հանգուցյալ արքայազն Տոմոհիտոյի դուստրն է: Տոմոհիտոն ներկայիս կայսր Ակիհիտոյի հորեղբոր տղան է: