Սարսափելի տարիներ էին, հեռուն մտածելու հնարավորություն չկար


00:39 , 7 դեկտեմբեր, 2013

միշաKinoashkharh.am-ը գրում է.

Մեր հարցազրույցը կինոգետ, “Ոսկե ծիրան” երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի հետ է:

-Արտավազդ Փելեշյանի կարճատև ներկայությունը Հայաստանում շատերին նորից տարավ դեպի կինո։

- Այդ հարցում, իհարկե, նշանակություն ունեն թե´ Փելեշյանի ֆիլմերը և թե´ անձը։ Իսկապես, նրա ֆիլմերը մնայուն արժեք են բոլոր ժամանակների համար, իսկ ինքը` որպես ստեղծագործող, որպես անհատ, չափազանց հետաքրքրական է։ Նա ոչ միայն ռեժիսոր է, այլև լուրջ մտածող փիլիսոփա։ Ինչ-որ մի ուղի, հորիզոն է բացվում ինչպես նրա ֆիլմերը դիտելիս, այնպես էլ նրա հետ զրույցելիս։

- Այսօրվա հայկական կինոն նոր հորիզոններ բացելու հեռանկարներ ունի՞։

- Արվեստը միշտ էլ ունի այդ հնարավորություններն ու հեռանկարները։

- Բնականաբար։ Սակայն մերօրյա հայկական կինոն հասնու՞մ է այդտեղ։

- Դե Փելեշյանի նման մարդիկ, եթե չասեմ հարյուր տարին մեկ, ապա շատ հազվադեպ են ծնվում։ Հենց այդ պատճառով էլ նույն պահանջներով երիտասարդներին մոտենալը ճիշտ չէր լինի։ Բայց, իհարկե, ազգի արգանդը չի չորացել։ Կան շատ երիտասարդներ, որոնք սիրում են կինոն, հետաքրքրվում են կինոյով ու փորձում են իրենց մտքերը արտահայտել հենց կինոյում։ Ինչքանով են այդ մտքերը խորն ու անկեղծ, արդեն մարդուց է կախված, նաև ժամանակով է բացատրվում։

- Սակայն հայկական կինոն հայ մարդուն կարծես ասելիք չունի, և այդ հարցում առանձնապես ազդեցություն չեն ունենում նաև միջազգային փառատոների մրցանակները։

- Կարծում եմ հայկական կինոն և հայ հանդիսատեսը լավ էլ գտել են իրար։ Գնացեք և տեսեք ինչ-որ “poker.am” կամ նման մեկ այլ ֆիլմ, բավական շատ հանդիսատես է հավաքում։ Մեր ստեղծագործողներն էլ այդ կարգի ստեղծագործողներ են։ Հետևաբար մեկը մյուսին համապատասխանում են։ երկուսն էլ ապրում են նույն ժամանակում, երկուսն էլ նույն այդ մշակույթի ներկայացուցիչն են և սպառողը։ Այնպես որ այստեղ շատ մեծ խզում չեմ տեսնում։ Այլ հարց է, երբ խոսքն այդ շոուներից տարբեր բարձր արվեստի մասին է։ Այստեղ գալիս է այդ հակասությունը։ Մեր հանդիսատեսի ճաշակը տարիներ շարունակ փչացրել են, և շատ դժվար է նորից հետ բերել։ Բայց “Ոսկե ծիրանի” ընթացքում տարեցտարի համոզվում ենք, որ այս երկրում քիչ չեն իսկապես բարձր արվեստով հետաքրքրված մարդիկ։ Այդպես չէր առաջին տարիներին։ Ապացուցված է, որ եթե մարդկանց ուրիշ որակի ֆիլմեր ես ցույց տալիս, տեսնում են, որ կան այդ հորիզոնները, և դրա պահանջն է ձևավորվում։ Այդ պատճառով էլ չենք կարող մեղադրել ո´չ այն ստեղծագործողին, որն այդ ամենօրյա ծամոնն է հրամցնում հացի փոխարեն, ո´չ էլ այն հանդիսատեսին, որը վերցնում է այն։

- Ի՞նչն է պակասում հայկական կինոյին Ձեր իսկ խոսքով ամենօրյա ծամոնի փոխարեն հաց առաջարկելու համար։

- Ասուլիսներից մեկի ժամանակ, երբ “Հայկական համայնապատկեր՚” ծրագիրն էինք ներկայացնում, լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչն է պակասում մեր ֆիլմերին, որպեսզի գլխավոր մրցույթում հանդես գան։ Ոչինչ չգտա ասելու բացի մի բանից. շնորհքը։ Մեծ տաղանդ կունենան ստեղծագործողները` ուրեմն կլինեն իսկապես մեծ ֆիլմեր։ Կզգան ժողովրդի ցավը` ուրեմն ժողովուրդը կգա այդ ֆիլմերը նայելու։ Չեն զգա` ուրեմն այդպվես էլ ամեն մեկն իր մատից ծծած պատմությունները կպատմի, կհիանա ինքն իրենով, ժողովուրդն էլ կգնա, կնայի այ էդ poker-ները։

- Գուցե կինոդրամատուրգիա՞ն լուծում առաջադրի։

- Անկեղծ ասած, երեբեք չեմ հասկացել, թե ինչ է կինոդրամատուրգիան։ Կա լավ և վատ գրականություն։ Ի վերջո, կարելի է և առանց որևէ սցենարի ֆիլմ նկարահանել։ Բայց եթե կինոդրամատուրգիա ասելով` հասկանանք հենց կինոյի համար գրված գրականությունը, ապա նաև դրա պակասն ունենք։ Ճիշտ է, շատ չեմ կարդացել ժամանակակից երիտասարդ գրողներին, բայց կարծում եմ, որ իրոք շատ հետաքրքրական մի բան լիներ` ինձ էլ կհասներ։ Վերջին գործը, որ կարդացել ու փափագում եմ, որ որևէ մեկը բեմադրի, Վարդան Գրիգորյանի 25-30 տարի առաջ գրած “Դար կորստյան” վեպն է, որն այսօրվա մասին է։ Շատ եմ զայրանում, երբ երիտասարդները գրում են ինչ-որ սցենար, որն էդպես էլ չի հասկացվում` ինչի մասին է, ու չեն էլ անդրադառնում գրականությանը։ Գնացեք, կարդացեք ու տեսեք` ինչեր կան, ինչո՞ւ եք անիմաստ տանջում ձեզ։ Անդրադարձեք, ասենք, Մանուկ Մնացականյանի, Ռուբեն Հովսեփյանի, Նորայր Ադալյանի և էլի շատերի գրականությանը, որը մեր օրերի ու մեր իրականության մասին է։ Ի դեպ “Հայֆիլմի” լավագույն տարիներին այդ հեղինակներից այն, ինչ հասցրեցին, նկարահանեցին։ 60-ականների մեր կինոյի վերելքը շատերը կապում են նաև գրականության հետ, թեև իմ կարծիքով` համարել, որ կար լավ գրականություն և ստեղծվեց լավ կինո, այնքան էլ ճիշտ չի լինի։ Քիչ չենք տեսել լավ գրականության հերն անիծող ռեժիսորների։ Հետևաբար այս ամենը մի տեղից է գալիս` մթնոլորտից։ Այն ժամանակ արվեստի մթնոլորտ կար նաև հասարակության մեջ, շունչ ու սպասում կար, մի փոքր էլ ազատություն էին տվել, ու հեռանկար էր ստեղծվել։ Չնայած երբեմն ամենաանբարենպաստ պայմաններում են ստեղծվում հանճարեղ գործեր, սակայն իհարկե, երբ նպաստավոր մթնոլորոտ կա, նույնիսկ այն մարդիկ, որոնք շատ մեծ տաղանդի տեր չեն, հանկարծ իրենցից մեծ գործեր են անում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ