00:09 , 7 դեկտեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
-Թե համեմատելու լինեք մերօրյա և խորհրդային ժամանակաշրջանի հայկական կինոն, ի՞նչ տարբերություններ կնշեք և ի՞նչ գնահատական կտաք:
- Բացառությամբ “Նռան գույնի”` երեկվա մեր կինոն, այսպես թե այնպես, միջազգային շատ բարձր մակարդակի չէր համապատասխանում, բայց խորհրդային կինոյի շրջանակներում նորմալ մակարդակ ուներ: Ի դեպ, ո´չ առաջինը, ո´չ էլ երկրորդն ինձ այնքան էլ չեն հուզում. շարունակաբար ընկնելով միջազգային նիշերի հետևից` կարող ենք ինքներս մեզ կորցնել, քանի որ ուզում ենք անպայման հասնել մի տեղ, ուր մեր հասնելու համար դեռ շուտ է: Ստիպված սկսում ենք նմանակել, ժամանակից առաջ վազել: Իսկ երեկվա մեր կինոյում կարևորն այն էր, որ այդ կինոն հայ մարդու մասին էր, տաք էր, բարի էր ու լավն էր: Մեզ համար էր լավը: Իսկ դա ամենակարևորն է: Հիշենք “Եռանկյունին”, “Մենք ենք մեր սարերը”, “Բարև, ես եմ” ֆիլմերը, որ ինտելեկտուալ կինո ստեղծելու առաջին փորձն էր և շատ հաջող փորձ` արված պրոֆեսիոնալ բարձր մակարդակով և էլի մարդու մասին: Բայց այսօր նաև դրսի կինոն մարդու մասին չէ և մարդու համար չէ, սպառողի համար է: Շուկայական խելացնոր մրցավազքը ստեղծում է նոր մարդ` մարդ-սպառող, որն արդեն լիարժեք մարդ չէ: Այս ֆոնի վրա մեր այսօրվա կինոն մոլորված է: Համաշխարհային կինոյի հետևից վազել չի հասցնի, շատ առաջ են գնացել, հետ դառնա դեպի էն կինոն` դա երեկվա օրն է…
- Այն, ինչ ասացիք, համաշխարհային ընդգրկում ունի: Թերևս չկա մի երկիր, որի կինեմատոգրաֆը հեռու լինի ձեր նկարագրածից: Մենք ի՞նչ կարող ենք անել:
- Մեր դժվարությունը նաև տրամաբանական հիմք ունի: Այսօրն ու այսօրվա հայ մարդը դեռ չի ձևավորվել: Շուկայականը մեզ մոտ դեռ նոր է “մուտանտ” ձևավորում: Գուցե թե կինոն չի կարողանում ամբողջացնել դեռևս չձևավորվածը:
- Գրականությունն այդ առումով կինոյից տարբե՞ր վիճակում է:
- Այո, ի տարբերություն կինոյի, գրականությունը տալիս է ժամանակի արտացոլքը, բայց մեր բեմադրիչներն ու ռեժիսորներն իրենց կողքին իրենց գրականությունը տեսնել չեն ուզում: Եթե նրանց ասես` առ քեզ գրականություն և փորձիր սրա վրա կինո անել, կասեն` չէ: Մենք դա տեսել ենք:
- Խնդիրը գրականություն-կինո կապի խզո՞ւմն է:
- Կինո-մարդ, կինո-գրականություն և էլի շատ կարևոր կապեր, ցավոք, խզված են այսօր, իսկ ասպարեզը տրված է հեռուստասերիալներին, որոնք սերունդ են “ձևավորում”, բայց կարելի է չակերտները բացել ու ասել` փչացնում: Դպրոցների հարևանությամբ եմ ապրում և լսում եմ, թե ինչ ու ինչպես են խոսում: Խոսում են սերիալային թեմաներով ու բառապաշարով` “թեմա կա ախպեր”,”սրան պիտի գլխից խփեն” և այլն: Այսպես է, իրենց վարկանիշն են կարևորում, մի քանի կոպեկ փողի համար թքած ունեն, թե ինչ հետևանքներ է ունենում իրենց արածը: Ու սա այն դեպքում, երբ գիշերով Արտեմ Սարգսյանը կասի` “Մեր լեզուն մեր խոսքը”, իսկ ցերեկով հենց նույն հեռուստաընկերությունը կմոռանա և° էդ լեզուն, և° էդ խոսքը ու կապականի ուզածի պես: Ի դեպ, վերջերս փորձում են գրական խոսել, բայց ավելի լավ է խոսեին նույն գողականով, քան այն գրականով, որով հիմա խոսում են: Լավ կանեին փողը չափսոսեին, խմբագիր վարձեին, որ կարգի բերեր տեքստը: Դե իսկ ռեժիսորն այսօր կոմերցիոն կինո է նկարում և այլ հետաքրքրություն բացարձակ չի դրսևորում: Եթե դրսի արածը չի կրկնօրինակում, ապա գնում է հետ` դեպի դասականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ