17:06 , 6 դեկտեմբեր, 2013Esem.am-ը գրում է.
Օրերս համացանցում տարածում գտավ սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանի«Ուսուցիչ» կոչվող երգը, որը լայնորեն քննարկվեց ցանցաբնակների կողմից: ESem.am-ն այս մասին զրուցեց Դիանայի հետ և պարզեց` արդյոք նա երգչուհու կարիերա՞ է սկսել:
Դիանա Գրիգորյանի փոխանցմամբ՝ երգը ձայնագրվել է մի քանի տարի առաջ, երբ վոկալի դասընթացների է գնացել Արմանուշ Լևոնովնայի մոտ: «Որպես հաղորդավարուհի՝ ինձ համար շատ կարևոր է ճիշտ շունչ վերցնելու, արտաշնչելու և այլ նրբությունների տիրապետելը, որպեսզի խոսքս ճիշտ լինի: Տկն Արմանուշի մոտ ուսանելուս շրջանում մոտենում էր ուսուցչի տոնը, և հայտնի պրոդյուսերի կողմից առաջարկ եղավ, որ տոնին նվիրված երգ կատարեմ: Սկզբում երկմտեցի, քանի որ երգչուհի չեմ և երբևէ չեմ հավակնել լինել, ի վերջո, համաձայնեցի և կատարեցի Արամայիս Սահակյանի խոսքերով «Ուսուցիչ» երգը,- ասաց Դիանան և հավելեց, որ երգի ձայնագրման համար մոտ մեկ ամիս անցկացրել է ձայնագրման ստուդիայում: - Ինձ ասում էին՝ ժպիտով երգի. խնդիր կար, որ երգն ավելի շատ լինի որպես երկխոսություն, քան երգ, և մեկ ամիս պահանջվեց, որպեսզի ստացվի այն, ինչ ցանկանում էին»:

Դիանայի խոսքով՝ այդ երգի հիման վրա պետք է տեսահոլովակ նկարահանվեր, սակայն մինչ ուսուցչի տոնը չեն հասցրել իրագործել այդ մտահղացումը: Հետո այլևս չեն վերադարձել այդ թեմային, քանի որ ժամանակավրեպ էր:
Դիանա Գրիգորյանը նշեց, որ ինքը երգչուհի չէ և չի պատրաստվում երգել, իսկ երգը երևան է եկել այն բանից հետո, երբ մայրիկը գտել է «մինիդիսկը», որի վրա այն ձայնագրված էր: «Կրկին լսեցինք և հիշողություների գիրկն ընկանք. հիշեցի Արամայիս Սահակյանի արձագանքը: Ցանկություն ունեի երգն ունենալ համակարգչիս մեջ: «Հարազատ թշնամի» սերիալում Լիլիին մարմնավորող Անուշիկը վերցրեց այն, որպեսզի գցի համակարգչի մեջ: Հենց նա էլ իմ նկարներով տեսանյութ էր հավաքել, կցել երգին և տեղադրել ֆեյսբուքյան էջումս: Սկզբում ասացի՝ ինչու՞ ես նման բան արել, տես` մարդիկ ինչեր են խոսելու, նա էլ ասաց, թե լավ, հետաքրքիր երգ է: Ճիշտն ասած, ես էլ ընկա հիշողությունների գիրկն ու չպնդեցի, որ հեռացնի»,- ասաց սցենարիստն ու հավելեց, որ ինքն անձամբ չէր տարածի այդ ձայնագրությունը:

Երգի շուրջ բարձրացած աղմուկի և բացասական մեկնաբանությունների վերաբերյալ Դիանան ասաց, որ չի պատկերացնում՝ ինչպես կարող են մարդիկ այդքան չար լինել: «Ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող է հայ տղամարդը, ով ընտանիքի սյունն է համարվում, հետաքրքրվել նման բաներով, կարդալ և իրեն թույլ տալ այդպիսի բովանդակությամբ մեկնաբանություններ գրել կնոջ հասցեին: Դա կարող է անել միայն պորտաբույծը, ով աշխատանք չունի և առավոտից երեկո համակարգչի առաջ նստած ինչ-որ բացասական բաներ գրելով է ինքնահաստատվում,- ասաց Դիանան և հավելեց,- ժամանակին շատ էին քննադատում «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիքը», սակայն ինձ ցույց տվեք մի հաղորդում, որն այդքան օգտակար է եղել նորաստեղծ ընտանիքներին: Մենք մեր հերոսներին կենցաղային իրեր էինք անշահախնդրորեն նվիրում, հնարավորություն ընձեռում ամուսնությունից հետո տասն օր հանգստանալ Ծաղկաձորում: Գուցե հերոսներն այնքան էլ նորաոճ չէին հագնվում, սակայն մենք չէինք կարող և մեզ թույլ չէինք տա փոխել նրանց հագուստը: Գուցե մի քիչ լավ չէին խաղում, սակայն նրանք դերասաններ չէին: Չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է հայը հայի նկատմամբ այդպես տրամադրվել: Այդպես վարվելով, միմյանց հաջողություններով չուրախանալով` մենք մեր հարևաններին ծիծաղեցնում ենք մեզ վրա»:

Սցենարիստը նշեց, որ երբ մուտք է գործել հեռուստատեսություն 16 տարեկան է եղել: Շուտով կդառնա 30 տարեկան և այս տարիներն բավականին փորձ է կուտակել: «Ես մեղավոր չեմ, որ իմ բոլոր նախագծերը շատ բարձր վարկանիշ են ունենում: Այն ամենը, ինչին ես հասել եմ, հասել եմ բացառապես իմ աշխատասիրության շնորհիվ: Հեռուստատեսության բոլոր աշխատակիցներն էլ կփաստեն դա: Մարդիկ շարունակաբար քննարկում են իմ կապը Սարգսյան ընտանիքի հետ (նկատի ունի «Արմենիա TV»-ի նախկին սեփականատերերին, հեղ.): Տարիներ են անցել, և ես դեռ Արմենիա TV-ում եմ, աշխատում եմ և գնահատվում եմ: Եթե ես վատ աշխատեմ կամ իմ նախագծերը բարձր ռեյթինգ չունենան, իմ աշխատանքը կհամարենք ավարտված: Այո, այսօր ոլորտում շատերը կան, ովքեր ինչ-ինչ ճանապարհներով են հաջողության հասնում, սակայն ես հեռուստատեսությունում եմ, որովհետև իմ նախագծերը բարձր վարկանիշ ունեն: Մարդիկ խոսում են, թե ես մեծ հնարավորություններ, տներ ունեմ, «X6» եմ վարում: Լավ կլիներ, եթե այդպես լիներ, սակայն դա այդպես չէ: Ես ապրում եմ իմ աշխատավարձով, որը ստանում եմ ամենօրյա տքնաջան աշխատանքի համար: Իսկ գովազդից և հովանավորչական փաթեթներից գոյացած գումարի հետ ոչ մի կապ չունեմ, թեև մարդիկ անընդհատ քննարկում են, թե այդ գումարներն իմ գրպան են գնում: Եթե ես այդքան հնարավորություններ ունեի, ինչու՞ փակվեց իմ հաղորդումը,- ասաց Դիանան և հավելեց, որ իր ճանապարհը հարթ չէ, ինչպես կարծում են շատերը: -Փառք Աստծո, ես կարողացել եմ իմ շուրջ հավաքել արհեստավարժ և աշխատասեր թիմ ու հաջողություն գրանցել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ