Իրանը պատրաստ է նավթի գինը նվազեցնել մինչև 20 դոլարի մեկ բարելի դիմաց


13:34 , 6 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 4-ին Իրանը և Սաուդյան Արաբիան բաց հակամարտության մեջ են մտել նավթի արդյունահանման ծավալների մեծացման կապակցությամբ՝ հաղորդում է The Financial Times-ը: Իրանը ցանկանում է մեծացնել նավթի արդյունահանումը, չնայած ՕՊԵԿ-ը չի փոխել հաջորդ տարվա արդյունահանման նպատակները՝ օրական 30 միլիոն բարել:

Նավթային կարտելը վերահսկում է նավթի համաշխարհային շուկայի 1/3-ը: Սակայն այժմ ՕՊԵԿ-ը պետք է հաղթահարի Իրաքի և Իրանի ձգտումները. կարտելի այդ երկու անդամները ցանկանում են մեծացնել նավթի արդյունահանումը՝ չնայած սահմանափակումներին:

Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն չորեքշաբթի Վիեննայում հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ծավալել գնային պատերազմ՝ մեծացնել նավթի արդյունահանումը, նույնիսկ եթե գները նվազեն:

«Մենք կհասնենք օրական 4 միլիոն բարելի, նույնիսկ եթե նավթի գինը նվազի մինչև 20 դոլար»,- հայտարարել է Զանգանեն:

ՕՊԵԿ-ի մյուս մասնակիցները ստիպված կլինեն կրճատել արդյունահանումը՝ շուկայում գները պահելու համար, երբ այստեղ վերադառնա Իրանը:

Իրանի կոշտ հայտարարությունները կապված են այն բանի հետ, որ դրանով հիմք է ստեղծվում Սաուդյան Արաբիայի հետ հետագա բանակցությունների համար, քանի որ վերջինս ՕՊԵԿ-ի առաջատարն է և ստիպված կլինի կրճատել արդյունահանումը, որպեսզի հնարավորություն տա Իրանին և Իրաքին վերադառնալ շուկա: Թագավորությունը արդյունահանումը մեծացրել է ռեկորդային ծավալով՝ օրական 10 միլիոն բարել, որպեսզի փոխհատուցի ՕՊԵԿ-ի նյուս անդամ երկրների արդյունահանման նվազումը: