12:20 , 6 դեկտեմբեր, 2013Ազատագրական պայքարի առաջամարտիկ Նելսոն Մանդելան 95 տարեկան հասակում երեկ մահացել է: Հարավաաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահը մահացել է Յոհաննեսբուրգի իր տանը` շրջապաված ընտանիքի անդամներով և մտերիմներով: Նրա առողջությունը վերջին մի քանի տարիներին գնալով վատթարանում էր, ինչի պատճառով էլ նա հետ էր մնացել հասարակական կյանքից:
Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայիս նախագահ Ջեյկոբ Զուման իր ցավակցական ելույթում ասել է. «Մանդելայի մահը խորը վիշտ է մեզ համար: Մեր ազգը կորցրեց իր ամենանշանավոր զավակին… Հարավային Աֆրիկայի քաղաքացինե՛ր, Նելսոն Մանդելան մեզ միավորեց, և մենք պետք է միասնաբար հրաժեշտ տանք նրան»:
Զումայի հրամանով երկրի բոլոր դրոշները իջեցվել են: Մանդելայի մահը ծանր հարված է ոչ միայն Հարավային Աֆրիկայի բնակիչների համար, այլև աշխարհի տարբեր ծայրերում բնակվող բոլոր այն մարդկանց համար, ովքեր մեծարում էին Մանդելային` իբրև կարկառուն պետական գործիչ և բարոյականության տիպար, ով կարող է համեմատվել Գանդիի և Մարտին Լյութեր Քինգի հետ:
Լսելով պատերազմների ժամանակ իր նախնիների կատարած սխրագործությունների մասին` Մանդելան դեռևս մանկուց երազում էր իր սեփական ներդրումն ունենալ իր ժողովրդի ազատագրման համար մղվող պայքարում:
Նելսոն Մանդելան քաղաքական գործունեությամբ ակտիվորեն սկսել է զբաղվել 1942 թ.-ից, սակայն Աֆրիկայի Ազգային Կոնգրեսի անդամ է դարձել միայն 1944 թ.-ին: Նա քաղաքացիական անհնազանդություն էր քարոզում անարդար օրենքների դեմ: 1955 թ.-ին քաղաքական այլախոհության համար նրան ձերբակալեցին: 1961 թ.-ի մարտի 29-ին Մանդելան ազատ արձակվեց: Ազատ արձակվելուց հետո քաղաքացիական անհնազանդության կոչերը չէին դադարում: Երբ երկրում բողոքի մասսայական ակցիաներ սկսեցին, ոստիկանությունը այդ ակցիաներից մեկի ժամանակ սպանեց 69 անզեն ցուցարարի: Դրանից հետո Մանդելան զինված պայքար մղելու որոշում կայացրեց: Երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակ, իսկ Մանդելային արգելվեց դուրս գալ երկրից: Այնուամենայնիվ, նա կարողացավ այլ մարդու անունով մեկնել Անգլիա` այնտեղ համախոհներ գտնելու համար: Հարավային Աֆրիկա վերադառնալուն պես նրան ձերբակալեցին` երկիրն անօրինականորեն լքելու և սաբոտաժի մեղադրանքներով: Դատական նիստերից մեկի ժամանակ Մանդելան ասել է. «Ես երազում եմ ազատ ու ժողովրդավարական հասարակության մասին, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար իրավունքներ: Ես հուսով` կապրեմ և կիրականացնեմ իմ երազանք, սակայն հարկ եղած դեպքում, ես պատրաստ եմ մեռնել հանուն այդ երազանքի»: Նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին, սակայն 1990 թ.-ին նա ազատ արձակվեց: Մանդելան իր կյանքի 27 տարիներն անցկացրել է բանտում: Բարաք Օբաման ասել է, որ Մանդելայի կյանքի ճանապարհորդությունը բանտախցից մինչև նախագահական աթոռ վկայում է այն մասին, որ մարդկանց կյանքում կարող են անսպասելի բարեփոխումներ տեղի ունենալ: Այսօր` լույսը դեռ չբացված, բազում մարդիկ հավաքվել էին Մանդելայի տան մոտ և մոմավառության արարողությամբ` իրենց հարգանքի տուրքն էին մատուցում մեծն առաջնորդին:


