00:51 , 6 դեկտեմբեր, 2013
Kinoashkharh.am-ը գրում է.
Ջիվան Ավետիսյանի ֆիլմացանկի գերակշռող մասը նվիրված է Արցախին: Ռեժիսորը դա օրինաչափ է համարում, քանի որ ծնվել-մեծացել է Ստեփանակերտում ու կինոյի լեզվով այսօր փորձում է պատմել իր տեսածն ու վերապրածը: Նկարահանման հրապարակում Ջիվանն ու իր ստեղծագործական խումբն այս օրերին աշխատում էին «Թևանիկի» վրա: Խաղարկային լիամետրաժ ֆիլմի առանցքում 1991 թ. Արցախում տեղի ունեցող իրադարձություններն են…
- Ֆիլմի հիմքում Առնոլդ Աղաբաբովի 1996-97 թթ. գրած սցենարն է: Ցավոք, 99-ին նա մահացավ ու չկարողացավ ավարտին հասցնել իր աշխատանքը: Ծանոթանալու նպատակով սցենարն ինձ է փոխանցել կինոօպերատոր Լևոն Աթոյանը` իմ վարպետն ու Աղաբաբովի ընկերը: Կարդալուց հետո ես սիրահարվեցի այս պատմությանը. Նախ` թեման կրկին Արցախն էր, բացի այդ, հեղինակը չափազանց հետաքրքիր էր կառուցել իր պատմությունը:
Տարիներ անց Հայաստանի ազգային կինոկենտրոնը վստահեց ինձ այս աշխատանքը՝ ապահովելով ֆիլմի բյուջեի մի մասը: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ միասին Աղաբաբովի կարճամետրաժ ֆիլմի համար գրված սցենարը վերածեցինք լիամետրաժ ֆիլմի սցենարի` փորձելով, իհարկե, չխախտել դրամատուրգիական կառուցվածքը: Երեք մասից բաղկացած ֆիլմն ամբողջանում է 14-ամյա Թևանիկով, որի կերպարն աղերսվում է հայտնի Թևանի հետ: Հենց նրա անունով էլ «անհնազանդներին» թևանիստներ էին անվանել: Ցարական բանակի սպա իմ հայրական պապը` Ջիվան Ավետիսյան ավագը, նույնպես թևանիստ է եղել: Ֆիլմը կարելի է ներկայացնել այսպես. երեք երեխաների անձնական դրամա: Իրադարձությունները տեղի են ունենում նույն գյուղում, միևնույն ժամանակահատվածում` լուսաբացից մինչև կեսօր: Երեք պատմություններն էլ տխուր հանգուցալուծում են ստանում. Արամի ընտանիքը բաժանվում է, որովհետև մայրը ազերի է, Աստղիկի ծնողները մնում են խրամատում: Ֆիլմն ավարտվում է Թևանիկի մահով: Այս պատմությունն ուղղակիորեն պատերազմի մասին չէ, բայց պատերազմի մեջ ապրող ճակատագրերի մասին է: Այն ինչ ներկայացվում է այստեղ, Արցախում ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ