11:17 , 5 դեկտեմբեր, 2013
Panarmenian.net-ը գրում է.
Դեկտեմբերի 4-ին Կիևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը, Ջեյմս Ուորլիքին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն արտգործնախարարներին են միացել առանձնազրույցից հետո, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակել են նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր են փոխանակվել հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ:
Նախարարներն և համանախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնել են այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։
ԱԳ նախարարները՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:
Նոյեմբերի 19-ին Վիեննայում վերջին երկու տարում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն ու առանձնազրույցն էին, որից հետո նախագահներին էին միացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին, որ առանձնազրույցի և դրան հաջորդած համանախագահների ու նախարարների մասնակցությամբ աշխատանքային հանդիպմանը նախագահները քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Նախագահները պայմանավորվել էին հանդիպել առաջիկա ամիսներին: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մանրամասները չէին հրապարկվել:
Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանին հարցին, թե ինչպես անցավ հանդիպումը, նշել էր միայն.«Նորմալ»: Հետագա մեկնաբանություններից ՀՀ նախագահն ու Իլհամ Ալիևը ձեռնպահ էին մնացել: