ՌԴ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն Վրաստանի ապաօկուպացման դեպքում. Փանջիկիձե


10:08 , 5 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն այն դեպքում, եթե տեղի ունենա Վրաստանի ապաօկուպացում, իսկ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման փաստը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն՝ փոխանցում է RIA Novosti-ն:

«Վրաստանի համար ցանկալի է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնել, քանի որ դա նշանակում է երկու բան. առաջինը՝ երկրի ապաօկուպացում և երկրորդ՝ ճանաչման հետկանչում: Այդ պայմանների կատարման դեպքում մենք մեծ հաճույքով կվերականգնենք դիվանագիտական հարաբերությունները»,- ասել է Փանջիկիձեն:

Վրաստանի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով պաշտոնակալել է նոյեմբերի 17-ին, խոստացել է, որ Թբիլիսիի կողմից Ռուսաստանի հանդեպ ագրեսիա չի լինի, և որ Վրաստանը կլինի կառուցողական ու կշարունակի հարաբերությունների հաստատման գործընթացը, սակայն միևնույն ժամանակ կպահպանի Աբխազիայի ու Հարավային Օսիայի չճանաչման քաղաքականությունը: