12:09 , 9 հունիս, 2012
1930-ական թվականների սկզբին Ամերիկայի հայ բողոքական հովիվներից Կ.Պ. Ատանալյանը Ամենայն Հայոց Տ. Խորեն Ա Մուրադբեկյան (1873-1932-1938) կաթողիկոսին է ուղարկում ճշտելուն կարոտ մի քանի հարցեր` կապված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հայ Ավետարանական եկեղեցու փոխհարաբերությունների հետ: Կաթողիկոսը նամակին պատասխանել հանձնարարում է այն ժամանակ Մայր Աթոռի միաբան (հետագայում՝ Կիլիկիո կաթողիկոս) Տ. Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանին (1867-1943-1952): Հարցումները և դրանց պատասխանները, որոնք տպագրվել են «Սիոն» ամսագրում 1934թ-ին, ստորև հատվածաբար (7 մասով) կներկայացվեն այս և գալիք գրառումներում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնականաբար, ուրախ լինել չի կարող եւ ոչ խրախուսել, որ քրիստոնէական եկեղեցիներից որ եւ է մէկի կողմից պրոպագանդ մղուի Հայ եկեղեցու զաւակների մէջ՝ եկամուտներ ձեռք բերելու նպատակով: Այդպիսի մերձեցումն ու հասկացուղութիւնը օգտակար չէ ոչ Հայոց եկեղեցու եւ ոչ ընդհանուր քրիստոնէական տեսակէտով. դորա հետևանքն է եղել պառակտում, բուռն վէճեր, ատելութիւններ եւ նոյն իսկ փոխադարձ վնասարարութիւններ մի եւ նոյն եղբայրների մէջ, ինչպէս եւ քրիստոնէական հեղինակութեան եւ հմայքի անկում մեզ շրջապատող ոչ-քրիստոնեայ ազգերի աչքում: Կաթոլիկ եկեղեցին դարերի ընթացքում կատարել է այդպիսի փորձեր եւ յաջողել է նորան մասնաւոր համայնքներ կազմել եւ բեկորներ պոկել հայ ժողովրդից, բայց դորա հետ էլ մեծամեծ խռովութիւնների եւ անախորժութիւնների պատճառ դարձել, փոխադարձ հալածանքների եւ ատելութիւնների նոյնազգի եղբայրների մէջ շատ երկար ժամանակներ. կրօնական պառակտման հետեւանքն է եղել փոխադարձ սառնութիւն, իրարամերժ վերաբերմունք ի վնաս մեր փոքրիկ ազգութեան սերտ միութեան:
Բայց աւելին եւս, հին Նախիջեւանի շրջանի միարարութեան յարած համայնքները մասամբ լուծուեցան մահմեդականութեան մէջ. Լեհաստանի ծաղկեալ գաղութը կորցրեց իւր ազգային բնոյթը եւ, գրեթէ, ամբողջապէս լուծուեցաւ շրջապատի մէջ: Հայաստանում եւ այլուր եղած շատ կաթոլիկ համայնքներ իրենց «ֆրանկ» են անուանում եւ ոչ հայ, որքան եւ կրօնականի իմաստ ունենար այդ բառը: Իմ խօսքս հասարակ ժողովրդի համար է եւ ոչ կրթուած կաթոլիկների, թէպէտ այդպիսիների մէջ էլ երբեմն նկատելի են սառն վերաբերմունք դէպի ազգային, ոչ կաթոլիկ, ամբողջութիւնը: