09:40 , 4 դեկտեմբեր, 2013Kinoashkharh.am-ը գրում է.
Հայաստանի պետական էստրադային նվագախումբը 36 տարի ղեկավարել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը: 1992 թ. Օրբելյանը տեղափոխվել է ԱՄՆ, բայց Երևանը շարունակում է մնալ մաեստրոյի կյանքի անբաժան ընկերը: Սեպտեմբեր-հոկտեմբերին կոմպոզիտորին կարելի է տեսնել երևանյան համերգներում ու հանդիսություններում: Աշխույժ, եռանդով լի, գործնական. մաեստրոն անմիջապես հայտնվում է շատերի ուշադրության կենտրոնում, ու սպասում ես` հաստատ մեծ համերգ կամ համերգաշար է լինելու:
Երևանում բջջային հեռախոս չի օգտագործում. նրա բնակարանի քաղաքային հեռախոսը րոպեն մեկ զանգում է: «Օ, հարազատս, օ, բարեկամս, ես լավ եմ, ձայնդ լսելով` ավելի լավ եմ զգում ինձ: Զբաղվա՞ծ, դե ո՞վ է բանի տեղ դնում զբաղվածությանը, դու արի, կարոտել եմ քեզ»,- մաեստրոն յուրաքանչյուր զանգի այսպես է պատասխանում: Բնականաբար, բնավ նեղվելու բան չէ, որ հարցազրույցը պարբերաբար ընդհատվում է նման ջերմ զանգերով: Օրբելյանին սպասում են Երևանում, Օրբելյանը սպասում է երևանցիներին:
-Մաեստրո, չե՞ք հոգնում այդքան հանդիպումներից, զրույցներից, ի վերջո, Դուք մեկն եք, նրանք` շատ:
- Չէ, ի՞նչ եք ասում: Ինչի՞ց և ումի՞ց հոգնեմ. իմ ընկերներից ու բարեկամների՞ց: Նրանք իմ կյանքի մի մասն են: Մեծագույն պարգև է, որ ես ժամանակին նրանց հայրերի հետ եմ ընկերություն արել, իսկ հիմա` որդիների: Արամ Սաթյանն է ինձ զանգում, Վարդան Աճեմյանը, Լևոն Չաուշյանը. ախր նրանց հայրերն ինձ շատ հարազատ մարդիկ են եղել, մենք ընդհանուր շատ բան ունենք: Որդիների մեջ ես հայրերին եմ տեսնում: Նրանք Երևանի կոլորիտն են, անցյալը շարունակող ներկան: Իմ հիշողությունների քաղաքն է Երևանը, իսկ այդ հիշողություններում ամեն ինչ կա, ամենակարևորը` երիտասարդություն, խանդավառություն, հաջողություններ: Ես ճակատագրիցս դժգոհելու ոչ մի պատճառ չունեմ. գնահատվել և գնահատվում եմ, շրջապատված եմ սիրով և ուշադրությամբ. բազմաժանր երաժշտություն եմ գրել, որ միշտ հնչել է հայրենի և օտար բեմերից: Սա ամենակարևոր գնահատականն է: Բերանս չբացած`մարդիկ իրենք են առաջարկում իմ հոբելյանը կամ հեղինակային համերգը կազմակերպել:
- Ձեր բազմաժանր արվեստում մի ոլորտ կա, որին անդրադարձել եք, բայց կարճ ժամանակով` կինոերաժշտությունը: Ի՞նչ տեղ ունի այն Ձեր ստեղծագործական ճանապարհին:
- Կինոն ինձ շատ հարազատ աշխարհ է: Ինչ արել եմ այդ ասպարեզում, սիրով ու նվիրվածությամբ եմ արել: Կինոերաժշտությունը լուրջ զբաղմունք է, շատ ջանքեր ու ժամանակ է պահանջում: Ջանքեր չէի խնայի, բայց ժամանակս չէր ներում կինոյով զբաղվելու: Տարվա 8 ամիսը Երևանից բացակայում էի, մյուս 3-ը աշխատում էի նվագախմբի հետ: 1956 թվականից սկսած` 36 տարի Հայաստանի պետական էստրադային նվագախումբն եմ ղեկավարել, անգամ մեկ օրվա բացակայությունս զգացվում էր: Դրա հետ` համերգային շրջագայություններ, ձայնագրություններ, փորձեր. ֆիզիկապես անկարող էի աշխատել կինոյում: Ես ոչ միայն ափսոսում եմ, որ քիչ եմ կինոերաժշտություն գրել, այլև որ ակադեմիական ժանրում եմ քիչ ստեղծագործել: Առնո Բաբաջանյանի համար ափսոսում են, որ ավելի շատ էստրադայի ժանրով է ստեղծագործել, մինչդեռ կարող էր դասական երաժշտությունը հարստացնել: Ես Առնոյի համար էլ եմ ափսոսում, ինձ համար էլ: Շատ հրավերներ են եղել Յուրի Երզնկյանի, Հենրիկ Մալյանի, Լաերտ Վաղարշյանի կողմից: Բայց տեսնելով իմ զբաղվածությունը` սկսեցին աշխատել ուրիշ կոմպոզիտորների հետ:
- Այնուամենայնիվ, հինգ ֆիլմի համար երաժշտություն եք գրել, ու այդ գործերը, էկրանից իջնելով, մտել են մարդկանց մեջ, սիրելի ու հարազատ դարձել, այլ առիթներով էլ երգվել ու կատարվել:
- Դա էլ է առանձնահատուկ պարգև, երբ ստեղծածդ չի մոռացվում, ապրում է ու հարատևում: Դա արվեստագետի ամենակարևոր ձեռքբերումն է: Կինոյի համար գրած իմ երաժշտությունն ու հատկապես երգերը 50-60 տարվա պատմություն ունեն, բայց այսօր էլ հչում են, երգվում: Դրանք այնպես են ընդունվել ժողովրդի կողմից, որ ասես առանձին գործեր լինեն` դուրս ֆիլմերի ենթատեքստից: Ես անչափ ուրախ եմ դրա համար: 1955-ին Ալեքսանդր Հարությունյանի հետ գրեցինք ՙՍիրտն է երգում՚ ֆիլմի երաժշտությունը: Շատ լուրջ աշխատանք է, բավականին ժամանակ պահանջեց: Ես դեռ չէի ղեկավարում նվագախումբը, համեմատաբար ազատ էի, կինոերաժշտությամբ զբաղվելու ժամանակ ունեի: Այդ ֆիլմում ևʹ Հրաչյա Ներսիսյանը, ևʹ Վահրամ Փափազյանն են նկարահանվել: Ալեքսանդր Հարությունյանի հետ տարբեր ժանրերի երաժշտություն գրեցինք` թեʹ սիմֆոնիկ, թեʹ ջազային, թեʹ իտալական ռիթմերով: Ալեքսանդրն ավելի շատ նվագախմբի համար էր գրում, ես աշխատում էի երգերի վրա: Իմ կարծիքով` «Սիրտն է երգում» ֆիլմը ստացված է: Հետո աշխատեցի Լևոն Իսահակյանի «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմի երաժշտության վրա: Շատ հայտնի դերասաններ են խաղում այդ կինոնկարում` Բաբկեն Ներսիսյան, Վարդուհի Վարդերեսյան, Մետաքսյա Սիմոնյան, Լևոն Թուխիկյան, Խաչիկ Նազարեթյան, Գուրգեն Ջանիբեկյան: Հրաշալի արտիստներ. ես այդպիսի մեծերի հետ եմ աշխատել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ