08:30 , 4 դեկտեմբեր, 2013
Kinoshkharh.am-ը գրում է.
Ֆիլմ, որը հաշված օրերի ընթացքում հայկական իրականության մեջ ռեկորդ սահմանեց։ Արշակ Զաքարյանի «Անպետքը« կարճամետրաժ ֆիլմն ու դրան վերաբերող ակնարկները համացանցում դիտվել են մոտ կես միլիոն անգամ, ստացել 35000 like։ Սա նշանակում է, որ մեր ժողովուրդը լափով չի կերակրվում, որքան էլ նրան լափ են դեմ տալիս։ Մեր ժողովուրդն ունի լավ ճաշակ, թացը չորից տարբերում է ու իրական հույզերի, զգացողությունների կարոտ է։
Ֆիլմի սյուժեն իր թեմայով ու բովանդակությամբ նորություն չէ։ Թափառող սյուժե է, որի նմանն էլի կարող ենք տեսնել այլ ազգերի նկարահանած ֆիլմերում։ Բայց «Անպետքն» իր փոքր ծավալի ու գործողությունների դինամիկ զարգացման մեջ խտացրել է մարդկային կյանքի արժևորումը։ Ֆիլմը մեր ժամանակի զարկերակի վրա է. այսօր այնքան հաճախակի են դարձել ինքնասպանությունները։ Իսկ «Անպետքն» իր հերոսի օրինակով ապացուցում է, որ յուրաքանչյուրն աշխարհ է գալիս հատուկ առաքելությամբ, ու անպետք կյանքեր ուղղակի չեն լինում։ Իր իսկ աչքում անպետք թվացողը մեկ ուրիշի համար ինքնազոհողության է գնում։ Ճակատագրական դիպվածը մարդու կյանքն արժևորում է նրա իսկ աչքում, ու անպետք համարվողը հաջորդ պահին հերոսանում է։ Նրան ապշեցնում է այն միտքը, որ ինքն անպետք չէ, որ պետք եկավ ուրիշին ամենավճռորոշ պահին։
«Անպետքի» ստեղծագործական խումբի համար դիտողների դրական արձագանքն անսպասելի չի եղել, բայց որ այսքան բուռն կլիներ, անակնկալ է եղել։ Ֆիլմի պրեմիերան Վրաստանում է տեղի ունեցել։ Վիրահայերն, իմանալով, որ Դիլիջանում տեղի են ունենում ֆիլմի նկարահանումները, հանդես են գալիս նախաձեռնությամբ` առաջինը «Հայարտուն» կենրոնում ցուցադրել «Անպետքը»։ Արշակ Զաքարյանը պատմում է, որ երբ գնացել են Վրաստան, իրենց ընդունել են`որպես հերոսների։ Հանդիսատեսն արդեն ծանոթ է եղել ֆիլմին։ Երևանյան պրեմիերա նախապատրաստվում է, բայց նշանակված օր չկա դեռ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ