19:36 , 8 հունիս, 2012
Կոմպոզիտոր, նվագավար, մանկավարժ, ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՎԽՍՀ, Ադր. ԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, սոցիալիստական աշխատանքի հերոս
Ծնվել է 1903թ. հունիսի 6-ին Թիֆլիսում: Վաղ մանկության առաջին երաժշտական տպավորությունները մորից լսած հայկական ժողովրդական երգերն էին, որ երգում էր չափազանց արտահայտիչ, հոգեկան ջերմությամբ...
Դեռեւս նախադպրոցական տարիքում փոքրիկ Արամը փողոցում ժամերով կանգնում եւ լսում էր ժողովրդական թափառաշրջիկ երգիչներին, աշուղներին եւ սազանդարներին: Նա ագահաբար կլանում էր նրանց արվեստը, թեեւ ամեն բան չէ որ հասկանում էր: Նրան գրավում եւ երեխայաբար հիացնում էր ժողովրդական երաժշտության ռիթմի «կախարդիչ» ուժը:
«...Ինչ-որ հրաշքով թբիլիսցի կազմարարի աղքատիկ ընտանիքում հայտնվեց մի հին, հալից ընկած դաշնամուր:
- Բավական արագ սովորեցի լսողությամբ ժողովրդական երգերի ու պարերի մեղեդիներ նվագել,- պատմում է Խաչատրյանը. - Մի անբացատրելի երանությամբ ես անվերջ մեկ կամ երկու մատով դրանք դուրս էի «կորզում»... Առավել դժվար էր շատ թե քիչ տանելի նվագակցություն գտնելը: Սակայն որոշ ժամանակ անց դրանից էլ գլուխ հանեցի: Ես ավելի համարձակ դարձա ու սկսեցի տարբերակել ծանոթ եղանակները, հորինել նորերը:
...Երաժշտության տարրական տեսության նկատմամբ մնալով կուսական անտեղյակության մեջ, նա հույսը դնում էր շնորհալի ինքնուս բնազդի ու ներհայեցողության վրա... եւ աստիճանաբար, նույնիսկ «շուքով», կատարում էր հանրածանոթ երգերը եւ պարերը՝ հարստացնելով դրանք իր անպաճույճ «իմպրովիզացիաներով»...
...Ավագ եղբոր առաջարկով Արամն անցավ նախապատրաստական դասընթացները եւ 1922թ. ընդունվեց Մոսկվայի համալսարանի կենսաբանության ֆակուլտետը:
Երաժշտությունը նրան շեղեց կենսաբանությունից... Նույն աշնանը Արամ Խաչատրյանը քննության ներկայացավ Գնեսինների անվան Մոսկվայի երաժշտական տեխնիկում (այժմ՝ ինստիտուտ): Չունենալով ոչ մի, նույնիսկ տարրական երաժշտատեսական պատրաստականություն, նա, այնուամենայնիվ, առանց մեծ դժվարության գլուխ հանեց ընդունելության փորձություններից...՚ (Գեորգի Խուբով, Արամ Խաչատրյան, Երեւան, 1977):
1934թ. Ա. Խաչատրյանն ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (դասատու՝ Ն. Մյասկովսկի), իսկ 1936 թ`. ասպիրանտուրան, 1957-ից՝ ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության քարտուղարն էր, 1950-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում եւ Գնեսինների անվան երաժշտական մանկավարժական ինստիտուտում, 1952 թվականից պրոֆեսոր էր:
Խաչատրյանը 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից էր: Նա համաշխարհային ճանաչում է բերել հայ ազգային երաժշտարվեստին: