17:03 , 8 հունիս, 2012
1958 թվականին ես հետևյալ գրառումը արեցի. "Իրականի և ոչ իրականի միջև հստակ տարբերություններ չկան, ինչպես և չկան դրանք ճշմարտության և ստի միջև: Բոլորովին պարտադիր չէ, որ ինչ-որ բան լինի կամ ճշմարիտ, կամ սուտ, այն կարող է լինել և ճշմարիտ, և սուտ միաժամանակ": Ես մինչ այժմ գտնում եմ, որ այս պնդումը իմաստազուրկ չէ և կարող է կիրառվել արվեստի օգնությամբ իրականության ուսումնասիրության ժամանակ: Իբրև գրող` ես համաձայն եմ դրա հետ, իբրև քաղաքացի` ոչ: Որպես քաղաքացի ես պետք է հարցնեմ` որն է ճշմարիտ և որը` սուտ: Դրամատիկ արվեստում ճշմարտությունը միշտ սահում է կողքովդ և դուք երբեք չեք հասկանում` արյդոք ձեզ հաջողվել էր այն գտնել: Սակայն միշտ կփնտրեք: Փնտրտուքը էությանը հասնելու ցանկության իրացումն է: Փնտրտուքը ձեր խնդիրն է:
Հաճախ դուք մթության մեջ կբախվեք ճշմարտությանը, կսայթաքեք` նրան դիպչելով, ձեր առջև գուցե պատկերներ կամ ուրվագծեր կերևան, որոնք կհիշեցնեն ճշմարտությանը, սակայն, որպես կանոն, դուք ինքներդ ձեզ սրանում իսկի հաշվի չեք տալիս: Սակայն իրական ճշմարությունն այն է, որ դրամատիկ արվեստում երբեք գոյություն չունի մեկ ճշմարտությունը: Ճշմարտությունները շատ են: Մեկը մարտահրավեր է նետում մյուսին, դրանք վանվում են միմյանցից, արտացոլում մեկմեկու, ծաղրում, կուրացնում: Երբեմն թվում է, թե դուք բռնել եք ճշմարտությանը և մի ակնթարթ սեղմել բռունցքի մեջ, սակայն այն անհետանում է ձեր մատների արանքից:
Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես են ծնվում իմ պիեսները: Սակայն ես չեմ կարող բացատրել: Ինչպես և երբեք չեմ կարող պատմել, թե ինչի մասին են դրանք: Թերևք միայն պատասխանեմ. դա այն է, ինչ պատահել է: Մարդիկ այդպես էին խոսում: Այդպես էին վարվում:
….
Քաղաքական թատրոնը բոլորովին այլ խնդիրների ամբողջություն է: Ամեն գնով պետք է խուսափել քարոզից: Պետք է օբյեկտիվ լինել: Հերոսները պետք է հնարավորություն ունենան ազատ շնչել, հեղինակը չի կարող սահմանափակել կամ նեղել նրանց` իր սեփական ճաշակին, նախապաշարմունքներին և տրամադրություններին համապատասխան: Նա պետք է պատրաստ լինի դիտարկել նրանց ամենատարբեր տեսանկյուններից, բոլոր հնարավոր իրավիճակներում, բայց ամեն դեպքում թույլ տալ գնալ այնտեղ, ուր ուզում են: Այս հնարքը ոչ միշտ է կիրառվում: Քաղաքական սատիրան երբեք չի հետևում վերևում նշված ոչ մի երաշխավորության: Այն անում է միանգամայն հակառակ ինչ-որ բան` իրացնելով միայն իրեն հատուկ գործառույթը:
…
Քաղաքական լեզուն քաղաքական գործիչների շուրթերով չի փորձում անդրադառնալ նման թեմաների, որովհետև քաղաքական գործիչների մեծամասնությունը, դատելով նրանից, թե ինչ գիտենք մենք նրանց մասին, շահագրգիռ են ոչ թե ճշմարտության, այլ իշխանության և այդ իշխանությունը պահելու հարցում: Իշխանությունը պահելու համար կարևոր է, որ մարդիկ անգիտության մեջ գտնվեն այն ճշմարտության նկատմամբ, նույնիսկ այն ճշմարության, որ վերաբերում է նրանց սեփական կյանքին: Հենց այդ պատճառով մեզ շրջապատում է ահագնային գորգը, որ գործված է ստից և այն մեզ առաջարկում են սպառել:
Ինչպես հայտնի է ներկաներից յուրաքանչյուրին, Իրաքի վրա հարձակման արդարացումը Սադամ Հուսեինի մոտ զանգավածյին ոչնչացման խիստ վտանգավոր զենքի առկայության մասին պնդումներն էին, այդ թվում այնպիսի զենքի, որը կարող էր գործի դրվել և 45 րոպեում հասցնել աներևակայելի ավերածություններ: Մեզ համոզեցին, որ դա ճիշտ է: Սակայն դա սուտ էր: Մեզ տեղեկացրին, որ Իրաքը կապված է Ալ-Քաիդայի հետ և նրա հետ մեկտեղ կիսում է 2011 թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքերի պատասխանատվությունը: Մեզ համոզեցին, որ սա ճշմարտություն է: Սակայն դա սուտ էր: Մեզ ասացին, որ Իրաքը վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար: Մեզ համոզեցին, որ դա ճշմարտություն է: Սակայն դա սուտ էր:
Ճշմարտությունը լրիվ այլ տեղ է: Ճշմարտությունը կապված է նրա հետ, թե ինչպես են Միացյալ Նահանգները պատկերացնում իրենց դերը աշխարհում և ինպես են գերադասում իրացնել այդ դերը:
…
Իրաքի վրա հարձակում բանդիտիզմի գործողություն էր, անթաքույց պետական ահաբեկչություն, որը ցուցադրում էր լիակատար քամահրանք միջազգային իրավունքի հասկացության նկատմամբ: Իրաքի վրա հարձակումը կամայականություն էր, ռազմական գործողություն, որը հիմնված էր հետևողական ստի, ԶԼՄ-ների աղաղակող մանիպուլյացիայի, իսկ հետևաբար նաև` հասարակության աղաղակող մանիպուլյացիայի վրա: Այն կոչված էր ամրապնդել Մերձավոր Արևելքի նկատմամբ տնտեսական և ռազմական վերահսկողությունը` ներկայացնելով այն, որպես վերջին միջոց, իբրև ազատագրում, որովհետև բոլոր այլ արդարացումները այլևս ոչինչ չէին արդարացնում: Հրեշավոր պնդում ռազմական գործողության համար, որը պատասխանատու է հազարավոր անեմղ մարդկանց մահվան և խեղման համար:
Իրաքյան ժողովրդին մենք բերեցինք խոշտանգումներ, ռումբեր, ուրան, պատահական մարդկանց բազմաթիվ սպանություններ, արհավիրք, անկում և մահ` կոչելով դա Մերձավոր Արևելքում ազատության և ժողովրդավարության ամրապնդում:
Քանի մարդու պետք է սպանել, որպեսզի ձեր գործողությունները որակավորվեն որպես զանգվածային սպանություններ և ձեզ ռազմական հանցագործ համարեն: Հարյուր հազա՞ր: Կարծում եմ, այս թիվը ավելի քան բավարար է: Հետևաբար արդարությունը պահանջում է, որ Բուշն ու Բլերը կանգնեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի առաջ: Սակայն Բուշը հիմար չի: Նա չի վավերացրել ՄԱԿ-ի միջազգային դատարանը: Դրա համար էլ եթե ամերիկյան զինվորը, կամ որ ոչ պակաս տրամաբանական է, ամերիկյան քաղաքական գործիչը հայտնվի մեղադրայի աթոռին, Բուշը այնտեղ կուղարկի իր հատուկ գրոհայիններին: Նա արդեն բոլորին զգուշացրել է:
…
Մահը այս կոնտեքստում անկարևոր է: Եվ Բուշը, և Բլերը այն հետին պլան են մղել: Առնվազն 100000 իրաքցի են զոհվել ամերիկյան ռումբերի պայթյուններից, մինչև Իրաքը ոտքի կանգնեց: Այդ մահերը նշանակություն չունեն: Լիակատար դատարկություն: Այդ զոհվածները նույնիսկ գրանցված չեն: "Մենք չենք զբաղվում սպանվածների հաշվարկով", - ասաց ամերիկյան գեներալ Թոմմի Ֆրենկսը:
Պատերազմի ամենասկզբում բրիտանական թերթերի առաջին էջում հայտնվեց մի նկար, որտեղ Բլերը համբուրում էր փոքրիկ իրաքցի տղայի այտը: Նկարի մակագրությունը հետևյալն էր. "Շնորհակալ մանուկը": Մի քանի օր անց թերթի ներսի էջերից մեկում մեկ այլ չորսամյա իրաքցի տղայի նկար էր տպագրված` միայն առանց ձեռքերի: Նրա ընտանիքը ոչնչացվել էր պայթյունի հետևանքով: Միայն այդ երեխան էր փրկվել: "Երբ ես նորից ձեռքեր կունենամ" վերնագրված էր նկարը: Հոդվածը կիսատ էր: Այս տղային Բլերը չէր գրկել, ինչպես և չէր գրկել ոչ մի այլ հաշմված երեխայի, ձեռքերում չէր պահել ոչ մի արյունաշաղախ դիակ: Արյունը կարող է կեղտոտել վերնաշապիկը և փողկապը: Իսկ նրան հենց էդ պահին պետք է հեռուստացույցով ելույթ ունենալ` մի ահավոր զգացողական ճառով:
Գրողի կյանքը շատ խոցելի, պրակտիկորեն ոչնչով չպաշտպանված գործունեություն է: Եվ չարժե բողոքել: Գրողը անում է իր ընտրությունը և պետք է հավատարիմ մնա դրան: Սակայն ճշմարտություն է նաև այն, որ դուք բաց եք բոլոր քամիների առաջ, որոնցից ոմանք իսկապես սառցաշունչ են: Դուք եք պատասխան տալիս ինքներդ ձեզ համար և հայտնվում եք դժվարին իրավիճակներում: Դուք, եթե չստեք, չեք գտնի ոչ թաքստոց, որ պաշտպանություն, եթե ստում եք, իհարկե, կգտնեք այդ պաշտպանությունը և կարելի է պնդել, որ կսկսեք դառնալ քաղաքական գործիչ:
Ես կարծում եմ, որ չնայած գոյություն ունեցող հսկայական տարաձայնություններին, կյանքի և հասարակության մասին իրական ճշմարտությունը իմանալու` քաղաքացիների հաստատակամ, անհողդողդ և կրքոտ վճռականությունը մեզ տրված հրամայական է: Փաստացի` մեր պարտքը:
Եթե այդ վճռականությունը չդրսևորի իրեն աշխարհի քաղաքական ընկալման շրջանակներում, մենք հույս չենք ունենա վերածնել այն, ինչը գրեթե կորցրել ենք. ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ: