Բաղրամյան 26-ից առևանգել են նստացույց անող բազմազավակ ընտանիքին. Տեսանյութ


14:57 , 2 դեկտեմբեր, 2013

Բաղրամյան 26-ից առևանգել են  նստացույց անող բազմազավակ ընտանիքին (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Այս գիշեր ոստիկանները գողացել են Բաղրամյան 26-ի մոտ նստացույց անող Աշոտի ու Հեղինեի բազմազավակ ընտանիքին: Պատճառը Պուտինի այցն է Հայաստան: Ասել են, որ մեկ օրով պետք է տարածքն ազատել:

Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ Էմմա Սահակյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ երիտասարդ ընտանիքին անկողնու միջից հանել-տարել են, սակայն չեն տեսել, որ ծածկոցի տակ փոքր երեխան մնացել է:

«Երեխայի ձայնը լսեցի, գնացի, տեսնեմ՝ մնացել է: Երեխային ուզում էին տանել, հետո եկան, պարտադրեցին տանել: Չէի տալիս, հետո մայրը զանգահարեց, ասաց՝ ուղարկեք երեխային»,- պատմեց նա:

Էմմա Սահակյանը նշեց, որ տեղի ունեցածը մարդագողություն է. գողացան ընտանիքին, երեխաներին: Նա ասաց, որ խոսել է Հեղինեի հետ, որը պատմել է, որ հիմա իրենք տանն են, դուռը փակված է իրենց վրա, շրջափակված են ոստիկաններով, տնից դուրս գալ թույլ չեն տալիս:

«Արտակարգ ընտանիք է: Ես ինքս Էջմիածնից եմ: Արտակարգ ընտանիք են, և եթե տեսնեիք՝ ինչ համերաշխ ընտանիք են, կապշեք»,- ասաց նա՝ հավելելով, որ ոստիկանները ընտանիքին տարել են բռի ուժով, քաշքշելով, երեխաներին լացեցնելով: