Հոլիվուդի մոռացված 10 սկանդալային պատմություն


13:07 , 2 դեկտեմբեր, 2013

 10  Ռոսկո Արբակլ

 arbuckle

Սկանդալները կարող են մեծ հարված հասցնել մարդկանց հեղինակությանն ու կարիերային: Հենց այդպես էլ եղավ Ռոսկո Արբակլի դեպքում: Այս թմբլիկ դերասանը Հոլիվուդի բարձունքները նվաճել էր ընդամենը հինգ տարվա ընթացքում: 1918 թ.-ին Արբակլը երեք տարվա պայմանագիր ստորագրեց, որը նրան պետք է երեք միլիոն դոլարի եկամուտ բերեր: Երեք տարի անց կատակերգակի կյանքն իսկական մելոդրամայի էր վերածվել: Հոլիվուդյան դերասանի դեմ դատական գործ էր հարուցվել` սպանության մեղադրանքներ, փաատաբաններ, կասկածելի վկաներ և սեռական նրբերանգներ:  

1921 թ.-ի սեպտեմբերի 11-ին ոստիկանությունը ձերբակալեց Արբակլին: Սեպտեմբերի 5-ին Արբակլի կազմակերպած խնջույքի ժամանակ Վիրջինիա Ռապպը շատ վատ էր զգացել իրեն և 4 օր անց մահացել մոտակա հիվանդանոցում: Սկզբում Արբակլին մեղադրում էին սպանության, ապա նաև բռնաբարության մեջ: Երեք շաբաթ բանտում անցկացնելուց հետո որոշ մարդկանց երաշխավորության և գրավի շնորհիվ Արբակլը դուրս եկավ բանտից: Հաջորդ 7 ամիսների ընթացքում տեղի ունեցած երեք դատական նիստերից հետո Արբակլը արդարացվեց:  

Էդվարդ Բրաունն ասել է, որ միայն արդարացումը դեռ բավական չէ: Պետք է որոշակի փոխհատուցում տրամադրել Արբակլին: Կինոստուդիաները խուսափում էին Արբակլից: Արբակլի` կնոջ հետ հաշտվելու բոլոր փորձերն ապարդյուն դուրս եկան: Հաջորդ 10 տարիներին ընկճված Արբակլը առանձնակի հաջողություններ չունեցավ ո՛չ Հոլիվուդում, ո՛չ էլ արտասահմանում: Արբակլը վերգտավ իր հույսը, երբ «Warner Bros»  ընկերությունը համաձայնեց համագործակցել նրան հետ:  Որոշվեց, որ նա պետք է մի լիամետրաժ ֆիլմի ռեժիսորը լինի: Ֆիլմի աշխատանքները սկսվելու էին 1933 թ.-ի հունիսի 28-ին: Այդ նույն օրը քնած ժամանակ  46-ամյա Արբակլը մահացավ սրտամկանի ինֆարկտից:

 9  Էլիզաբեթ Թեյլոր

 1961-liz-taylor-os_1724080i

Օսկարակիր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը ութ անգամ ամուսնացել է: Թեյլորն ամուսնացել է միևնույն մարդու` Ռիչարդ Բարտոնի հետ երկու անգամ, սակայն նրա կենսագրության ամենահակասական դրվագը Էդդի Ֆիշերի հետ ունեցած սիրավեպն է:

Թեյլորն ամուսնացավ հայտնի պրոդյուսեր Մայք Թոդի հետ 1957 թ.-ին: Ամուսնությունից մի տարի անց Թոդը մահացավ ավիավթարից, և Թեյլորն այրի դարձավ: Թոդը Թեյլորի միակ ամուսինն էր, որից նա չամուսնալուծվեց, գուցե պարզապես չհասցրեց, քանի որ վթարը խլեց Թոդի կյանքը: Թեյլորին մխիթարելու շտապեց Թոդի մտերիմ ընկերը` Էդդի Ֆիշերը: Չնայած, որ Էդդին ամուսնացած էր դերասանուհի Դեբի Ռեյնոլդսի հետ, Էդդիի կարեկցանքը ամուրի կնոջ հանդեպ վերածվեց սիրո, և մի տարի անց Լիզն ու Էդդին ամուսնացան:

Նրանց ամուսնությունը հինգ տարի տևեց: Ամուսնության հինգերորդ տարում Թեյլորը հանդիպեց Ռիչարդ Բարտոնին և սիրահարվեց նրան: Հետադարձ հայացք ձգելով իր սերերին` Թեյլորն ասում էր. «Ես շատ նվիրված կին եմ եղել»:

 8  Լանա Թյորներ

Clark_Gable-Lana_Turner

1957 թ.-ին մաֆիայի պարագլուխ Միքի Քոհենի ընկեր Ջոնի Սթոմփանատոն դարձավ Լանա Թյորների սիրեկանը: Այս կրքոտ սիրավեպն ուղեկցվում էր վեճերով: 1958 թ.-ի ապրիլի 4-ին այդ վեճերից մեկի ժամանակ Թյորների 14-ամյա դուստրը` Չերիլը, լսեց, թե ինչպես է Ստոմփանատոն սպառնում այլանդակել Թյորներին: Չերիլը դանակը ձեռքն առավ ու վազեց մորը պաշտպանելու: Աղջիկը մահացու հարված հասցրեց մոր սիրեկանին: Սպանությունից մեկ շաբաթ էլ չէր անցել, սակայն մամուլը հեղեղված էր Թյորների և Սթոմփանատոյի անձնական նամակներով:

Ստոմփանատոյի որդին դատական հայց ներկայացրեց` մայր ու դուստր Թյորներներից պահանջելով 750.000 դոլարի փոխհատուցում: Լանան վճարեց 20.000 դոլար: Նրա դստերը չձերբակալեցին, իսկ քննիչը նշեց, որ Չերիլն այդ քայլին գնացել է մորը պաշտպանելու համար:

 7  Ջեկի Կուգան

 757px-Chaplin_The_Kid

Դուք հավանաբար տեսած կլինեք Չարլի Չապլինի «Փոքրիկը» ֆիլմը: Իսկ գիտե՞ք, թե ով էր հանդես գալիս փոքրիկի դերում: Փոքրիկի դերակատարը Ջեկի Կուգանն է: Կուգանը դեռևս փոքրուց է սկսել իր աստղային կարիերան և հսկայական գումարներ աշխատել: 1938 թ.-ին նա ամուսնացավ դերասանուհի Բեթթի Գրեյբլի հետ: Նույն տարում նա դատական գործ հարուցեց իր ծնողների դեմ` պահանջելով մորից ու խորթ հորից իրեն վերադարձնել իր աշխատած փողերը: Կուգանի հաշվարկներով` իր ծնողներն իրեն պետք է տային 4 միլիոն դոլար: Այս պատմությունը հրատարակվեց «Life» ամսագրում: Ամսագրի աշխատակազմը սատարում էր Կուգանին` մեջբերելով նրա մոր խոսքերը. «Մենք երբևէ չենք խոստացել Ջեկիին որևէ բան տալ»: Նրա խորթ հայրը նույնիսկ ավելի հեռուն գնաց. «Յուրաքանչյուր դոլարը, որ երեխան աշխատում է մինչև 21 տարեկան հասակը պատկանում է նրա ծնողներին: Ջեկին մի գրոշ անգամ չի ստանա իր աշխատած գումարից»: Դատարանը որոշեց, որ Կուգանին հասնում է 125.000 դոլար, շատ ավելի քիչ, քան Կուգանն էր նախատեսել ստանալ ծնողներից: Այնուամենայնիվ, նրա շնորհիվ օրենսդրական փոփոխություններ մտցվեցին: Կալիֆորնիայում մշակվեց «Դերասան երեխաների» օրինագիծը, որը մարդկանց ավելի հայտնի էր իբրև Կուգանի օրենք: Օրինագիծն ուժի մեջ մտավ 1939 թ.-ին:

 6  Ջին Հարլոու   

 Annex - Harlow, Jean_84

«Իմ ամենասիրելի՛ սեր, ցավոք սա միակ ճանապարհն է, որով հնարավոր է ուղղել սխալներս, որոնց պատճառով դու տուժել ես: Ես սիրում եմ քեզ: Դու հասկանում ես, որ անցած գիշերը սոսկ կատակերգություն էր»:  Այս գրությունը պրոդյուսեր Փոլ Բերնը գրել էր ինքնասպանությունից առաջ:

1932 թ.-ի սեպտեմբերի 5-ին ծառայապետը հայտնաբերեց պրոդյուսերի մերկ մարմինը: Նրա ձեռքին ատրճանակ կար, իսկ գլխին երևում էր կրակոցի տեղը: Այս ամենի պատճառով պրոդյուսերի հետ երկու ամիս առաջ ամուսնացած կինը` դերասանուհի Ջին Հարլոուն, տեղը չէր գտնում:   

Դերասանուհին ասաց. «Չգիտեմ, թե ինչու պետք է նման սարսափելի բան պատահեր: Ինչ վերաբերում է Փոլի թողած գրությանը, ես գաղափար անգամ չունեմ, թե դա ինչ է նշանակում»: 1932 թ.-ին արված այս բացատրությունը բավականին արժանահավատ չէր ոստիկանության, լրագրողների և կինոդիտողների համար: Բոլորը ցանկանում էին իմանալ, թե ինչու էր 42-ամյա Բերնը ցանկացել այրիացնել 21-ամյա աստղին:

Նախկինում Բերնն ամուսնացած էր եղել Դորոթի Միլլեթի հետ: Միլլեթի դիակը հայտնաբերվեց Սակրամենտոյի գետում` Բերնի ինքնասպանությունից երկու օր անց: Բամբասանքներ էին պտտվում այն մասին, որ Բերնի մահից առաջ Միլլեթն այցելել էր նրան:  

Տարիներ անց լրագրող Բեն Հեչն անդրադարձավ այս դեպքերին: 1960 թ.-ի նոյեմբերին հրատարակված նրա հոդվածն այնքան մեծ ֆուրոր առաջացրեց, որ քննիչ Մքքեսոնը նորից հետաքննություն սկսեց, սակայն կարճ ժամանակ անց նա հասկացավ, որ գործով ոչ մի նոր փաստ չի կարողանում գտնել: Հեչը խոստովանեց, որ իր հոդվածը հիմնված էր շշուկների ու բամբասանքների վրա և ոչ թե հավաստի փաստերի:   

Շարունակելի...