Ինչո՞ւ ենք այսքան ստրկամիտ և ուրիշներին հպատակ


11:36 , 2 դեկտեմբեր, 2013

Ինչո՞ւ է Ռուսաստանի նախագահի գալուստը  այսքան կարևորվում մեր  քծնվող  պաշտոնյաների  համար: Հասկացանք, որ ինչ ունենք-չունենք, տվել  եք ռուսներին, և հիմա մենք մեր երկրում ապրում  ենք  վարձով` հյուրի կարգավիճակում, բայց  մի՞թե  հայը  տարիների  ընթացքում  այսքան  արժեզրկվել  և  կորցրել  է  իր  արժանապատվությունը: Ինչպե՞ս  կարելի է աստվածացնել և հատուկ պատրաստվել  մի  երկրի  նախագահի «հայտնությանը», երբ  նույն այդ անձի ղեկավարած երկրում ՀԱՅ  ՏՂԱՄԱՐԴՈՒՆ, կանացի ծաղկավոր  խալաթ  հագցնելով, համայն  աշխարհի  աչքի  առաջ   ծաղր  ու  ծանակի  ենթարկեցին, երբ  նույն  այս  մարդու  ղեկավարած  երկրի  ռազմաբազայի  անփութության  հետևանքով, անմեղ  զոհեր  դարձան  մեր  երկրի  երկու  անչափահաս  պատանիներ, երբ  հենց  Ռուսաստանում  ընդգծված  վատ  վերաբերմունքի  և  հակակրանքի  են  արժանանում  մեր  երկրի  քաղաքացիները  և  ծեծի  ենթարկվում: Ո՞վ  է  մեր  անողնաշարավոր  պաշտոնյաներին  իրավունք  վերապահել  մեզ  և  մեր  երկրի  հետ   վարվել  կամայական  ձևով,  և  Անդրանիկի, Նժդեհի քրտինքով  պահած   երկիրը   վարձով  հանձնել  հազար  լարի  վրա  խաղացող  ռուսներին: Սա  մեր  երկիրն  է, թեկուզ  քանդված, ձեր  կողմից  ավերված  ու  թալանված, բայց  մեր  Հայաստանն  է, հազարավոր  ֆիդայինների   արյան  գնով   ձեռք    բերված, հարյուրավոր  հերոս  կանանց   քրտինքով  պահած`  Չարենցի  ու  Շիրազի  Հայաստանն  է: Ոչ  ոք  իրավունք  չունի  ինչ-որ  նախագահի  այցի  պատճառով   կաթվածահար  անի  Շիրակի  մարզի երթևեկությունը, ժողովրդին  ստիպի  մեյմունություն  անել   պուտինյան  ավտոշարասյան  անցնելու  պահին: Մենք  հայ  ենք, հպարտ   ու  պատվախնդիր, մի՛  կործանեք  դարերի  փոշով  պատված  մեր  արժանապատվությունը, հասկացեք` ԱՄՈԹ  է, գոնե  այս  բառի  նշանակությունը  հասկացեք, ու  ռուսների  դիմաց  պառկած  վիճակում մի  հայտնվեք, միևնույնն է, Պուտինը  իր  բրոնեպատ  մեքենայի  պատուհանից  նայելուց  ծիծաղելու  է  Ձեր  մեյմունությունների, ցեխին  արված  ասֆալտապատման, ձմռան  կեսին  մաքրված  արձանների  և   տարիներով  անսարք, բայց  հիմա  փոխարինված լապտերների պատճառով: