Արգենտինայի նախագահին կնվիրեն Ուրուգվայի նախագահի այգու ծաղիկներից պատրաստված օծանելիք


09:30 , 2 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները որպես սուրբծննդյան նվեր կստանա օծանելիք, որը պատրաստվել է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկայի այգում աճած ծաղիկներից: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են լատինաամերիկյան ԶԼՄ-ները: 

Մուխիկայի այգու ծաղիկներից պատրաստվել է օծանելիքի ընդամենը 3 սրվակ: Առաջինը մնացել է Մուխիկայի մոտ, երկրորդը 50 հազար դոլարով վաճառվել է աճուրդով, իսկ երրորդն օծանելիքի հեղինակը՝ ուրուգվայցի կինոռեժիսոր Մարտին Սաստրեն, որոշել է նվիրել հարևան Արգենտինայի նախագահին:

«Դա իմ նախաձեռնությունն էր, ինձ նույնիսկ թվում էր, թե դա չանելն անքաղաքավարություն կլիներ: Արգենտինայի նախագահը կին է. ես վստահ եմ, որ նրա, ինչպեսև ցանկացած կնոջ համար շատ հաճելի կլինի նման նվեր ստանալ»,- ասել է ռեժիսորը: 

Նրա խոսքով՝ «այդ նվերն Ուրուգվայի և Արգենտինայի ժողովուրդների եղբայրական հարաբերությունների, նրանց ընդհանուր անցյալի և ապագայի խորհրդանիշն է»: