Պանթեոնի բնակիչները. Գրիգոր Արզումանյան


14:29 , 7 հունիս, 2012

Խորհրդահայ պետական եւ կուսակցական գործիչ
Ծնվել է 1919թ. ապրիլի 22-ին Կապանի շրջանի Կավարտ գյուղում:
1941թ. ավարտել է ԵրՊԻ-ն, իսկ 1942թ.` Լենինգրադի ռազմատրանսպորտային ակադեմիան: 1941-1946 թթ. ծառայել է խորհրդային բանակում, 1954-1956թթ.՝ եղել է ՀԿԿ Երեւանի քաղկոմի երկրորդ քարտուղար: 1965-1972թթ.՝ ՀԿԿ Կոմկուսի քարտուղար, 1972-1976թթ. ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ:
Գ. Արզումանյանը վախճանվեց 1976թ. նոյեմբերի 28-ին:
Արզումանյանի մահվան առիթով ցավակցություն հրապարակեցին. ԽՄԿԿ Կենտկոմը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, ԽՍՀՄ Մինիստրների սովետը, Հայաստանի կոմկուսի Կենտկոմը, ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահությունը եւ Մինիստրների սովետը:
«Արզումանյանն աչքի է ընկել խոր գործիմացությամբ, կազմակերպչական ընդունակություններով, հանրապետության էկոնոմիկայի եւ կուլտուրայի զարգացման պրոբլեմների լուծման գործում ցուցաբերած սկզբունքայնությամբ եւ հետեւողականությամբ», - ասվում էր կառավարության հրապարակած մահախոսականում (Սովետական Հայաստան, 30 նոյեմբերի 1976):
Գ. Արզումանյանի թաղումը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին: Հրաժեշտը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական թատրոնի շենքում:
Շենքի պատին Արզումանյանի նկարն էր՝ երիզված սեւ ժապավեններով: Դագաղը դրված էր ճեմասրահում: Ալ բարձիկների վրա այն շքանշաններն էին, որոնցով հայրենիքը գնահատել էր Գ. Արզումանյանի վաստակը: Պսակներ կային ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահությունից, ՀԽՍՀ Մինիստրների սովետից, Ուկրաինական ԽՍՀ Մինիստրների սովետից, ՀԿԿ Երեւանի քաղկոմից եւ քաղսովետից, ՀԱՄԽ-ից, ՀԼԿԵՄ Կենտկոմից, Վրաստանի եւ Ադրբեջանի Մինիստրների սովետներից: Պատվո պահակ կանգնեցին Կ. Դեմիրճյանը, Բ. Սարկիսովը, Պ. Անիսիմովը եւ ուրիշներ:
Այնուհետեւ թափորը շարժվեց Կոմիտասի անվան զբոսայգի, որտեղ կայացավ սգո հավաք: Այն բացեց թաղման կառավարական հանձնաժողովի նախագահ Բ. Սարկիսովը: Հրաժեշտի խոսք ասացին Կ. Դեմիրճյանը, Գ. Մարտիրոսյանը (Մինիստրների սովետի նախագահի առաջին տեղակալ), Զ. Պատարիձեն (Վրաստանի Մինիստրների սովետի նախագահ), Մ. Մուրադյանը (Երեւանի քաղսովետի գործկոմի նախագահ), Ա. Ոսկանյանը (հանքափոր Քաջարանից):
Սգո արարողության ավարտին Գ. Արզումանյանի աճյունը հանձնվեց հողին:
Որոտացին հրացանային համազարկերը: Հնչում էր Հայկական ԽՍՀ-ի պետական օրհներգը:


Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2012/06/blog-post_2485.html#ixzz1yFwvpVli