Անդրանիկ սարկավագ Մանուկյան. Հայաստան աշխարհում միայն բռնապետություն և անձնական ներքին շահ եմ տեսնում


07:58 , 30 նոյեմբեր, 2013

1Nyut.am-ը գրում է.

«Եթե հայ ժողովրդի մեջ կա ԽԾԲ, ապա հայ ազգը երբևիցե պետականություն և իշխանություն չի ունենա»,- երջանկահիշատակ Վազգեն 1-ին կաթողիկոսի ճեմարանում արված քարոզի ժամանակ ասած միտքը հիշեց «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, ով շարունակում է իր բողոքի ձայնը բարձրացնել Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բակում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի դեմ. «ԽԾԲ-ն ոչ թե պետականության մեջ պետք է լինի, այլ միայն առօրյա կյանքում»,- ասաց նա:

Սարկավագ Մանուկյանի խոսքով՝ թվում էր, թե Արցախյան պայքարից հետո հայը պետք է խաղաղ ապրեր իր անկախ պետությունում: «Իհարկե, միայն դրախտում է իդեալական կյանքը, սակայն այն, ինչ կատարվում է ամեն օր մեր երկրում, սարսափեցնում է ինձ: Ես չեմ ուզում` որպես մարդ արարած, անբարո ապրել իմ երկրում և ուզում եմ իմ անվան տերը լինել: Իրականում ես չեմ ուզում գնալ, քանի որ ես իմ երկրի գերին եմ, բայց ոչ երբեք` մի անհատ մարդու գերի կամ ծառա. ինչքան որ նրանց է տրված ապրելու իրավունք, այնքան էլ ինձ»,- մեզ հետ զրույցում նշեց նա` հավելելով, որ այլ ելք չլինելու դեպքում դիմելու է մեր երկրում գործող դեսպանատներին` քաղաքական ապաստան խնդրելով իր համար. «Ես արդար ձևով դիմելու եմ դրանց և, որպես քրիստոնյա, մարդավարի ապրելու եմ այլ երկրում: Մանավանդ միջազգային ասպարեզներում իմ ձեռք բերած անվամբ, ինձ դժվար չէ դա անելը»:

Մեր զրուցակիցը հարգում է օրենքը և փորձել է շարժվել օրենքով, սակայն խաբվել է. «Մեզ խաբեցին, որ պետք է օրենքով քննարկվի մեր հարցը: Սակայն Ղարաբաղյան շարժում տեսած, արյուն տեսած մարդիկ, որ այսօր դարձել են պաշտոնյա, ուրանում են այդ տղաների արյունը, և ես չեմ հարգում այն տղամարդուն, որ խոստումներ է տալիս, բայց հետո իր տաքուկ գրասենյակում այլ բան է որոշում և բանակով գնում է իր ժողովրդի դեմ»,- ասաց նա` ընդգծելով, որ եթե հանրապետության նախագահի, վարչապետի, քաղաքապետի անուններն են շոշափվում, ապա գոնե մեկ անգամ նրանք պետք է գան տեսնեն, լսեն իրեն «հոտին». «Եթե կհամարեն, որ ճիշտ է, ես ներողություն կխնդրեմ ամեն խոսքիս համար և կգնամ իմ երկրից: Ի՞նչ են անում, իրենց ոչ ուսյալ նազիր-վեզիրներին են ուղարկում, որ տղամարդ չեն, գավազանից վախեցածներ են: Խոսում ես հետները, բան ես բացատրում, իսկ իրենք չեն կարողանում պատասխան տալ, որովհետև մաքուր չեն, ազնիվ չեն, անարդարության մի մաս են»:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, իր իսկ խոսքով, հազար ու մի անելիք ու պլաններ ունի, բայց ստիպված է ամեն օրը քաշքշուկների և նյարդային ծանր դրության մեջ անցկացնել. «Այնպես են անում, որ իմ կարգավիճակին, ինձ ոչ սազական բաներ անեմ, բառեր օգտագործեմ, որ հետո ասեն գժվեց: Բա կգժվեմ, ինչ կանեմ, մարդ եմ չէ՞ ի վերջո: Մի քաղաք է մնացել, որ ամբողջ հայ ազգի կերպարն է, սա էլ են ուզում ավիրեն: Բարերարներն այնքան բարի են կամենում մեզ, լիքը գործ կա անելու, թող անեն»:

Շենքերի բնակիչներին բազմիցս խոստացել են, որ կհրավիրեն իրենց, քննարկում կկազմակերպեն, բայց մի քանի ամիս տանել-բերելու արդյունքը եղել է այն, որ  շինարարությունը նորից շարունակվում է: Այլ ելք չգտնելով` սարկավագ Մանուկյանը գնացել է նախագահի աշխատակազմ, որտեղ քաղաքապետարան զանգելուց հետո խոստացել են, որ մի քանի օրից պատասխան կտան, սակայն, բացի շինարարության վերսկսումից, այլ պատասխան չի եղել:

«Հայաստան աշխարհում միայն բռնապետություն և անձնական ներքին շահ եմ տեսնում: Արդեն դատարանից էլ հույս չունեմ, քանի որ դատարանի ձեռքերն էլ են կապված է: Եթե մի երկրում կա գավազան, որ բոլորի գլխին խփում է, և ոչ մեկը չի կարողանում բողոքել, ես մի բան եմ ենթադրում, որ բոլորը կա´մ վախեցած են, կա´մ ծախված: Դրա համար էլ ոչ մի ոլորտում լուծում չենք ունեա: Ես ավելի շատ հարգում եմ այդ գավազանը, որ կարողանում է այդքան բան անել, քանի որ եթե դիմացինը պարզ և շիտակ լիներ, կկարողանար պայքարել»,- ընդգծեց նա:

Շենքի բնակիչներից Ալբերտ Սարգսյանն էլ հավելեց, որ արդեն ժպտալով են նայում այս ամենին: Նրա տեղեկացմամբ, ամենը, ինչ կատարվում է իրենց շենքերի բակում, նկարահանվում է. «Առաջին օրվանից ֆիքսում ենք գործողությունները` թե´ մեր, թե´ «Լարկո գրուպի», որի հիման վրա ֆիլմ է նկարահանվում, նաև գիրք ենք տպելու` անուննեով և բոլոր փաստաթղթերով: Այն, ինչ անում են, չի կարելի ոչ մի կերպ թաքցնել: Երևանի քաղաքապետարանի կերպարանքն ամբողջովին պետք է ներկայացվի սերունդներին: Նաև պիտի պարզենք, թե ով է «Լարկո գրուպը» և ինչ ոսկե ձկնիկ ունի գրպանում»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե ինչու նորից չեն կանգնում տեխնիկայի առջև, նա պատասխանեց. «Մենք հո՞ զինված հարձակում չենք գործելու պետության վրա, պետությունը պաշտպանում է նրանց: Մինչև հիմա կանգնում էինք շինարարության դիմաց, քանի որ կարծում էինք, որ քաղաքապետը մոլորության մեջ է, տեղյակ չէ` ինչ է կատարվում: Սակայն այդ փաստաթղթերի տակ միայն Տարոն Մարգարյանի թույլտվության ստորագրությունն է և արդեն լավ գիտենք, որ վերևներում ամեն ինչ էլ շատ լավ գիտեն, որ մեր դիմումները պատռում են քաղաքապետարանում: Արդեն հասկանում ենք, որ գործ ունենք լուրջ պետական կառույցի հետ: Այս երկիրը հո՞ մամուռով չի ծածկված, տեսանելի է, չէ՞, թե ինչ է կատարվում»:

Անի Ռափյան