Պուտինը բացահայտել է իր մտադրությունը


07:27 , 30 նոյեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Շատ փորձագետներ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի Երեւան կատարելիք այցի ընթացքում առանցքային հարցն են համարում Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին թափ հաղորդելը: Շատերի գնահատմամբ, Պուտինի այցի ընթացքում կքննարկվի Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզն ու կարագացվի այդ գործընթացը:

 Կրեմլի պաշտոնական հաղորդագրությամբ փաստացի հաստատվեց, որ Պուտինն իր այցը սկսելու է Գյումրիից՝ ռուսական 102-րդ ռազմակայան այցելելով: Չի բացառվում, որ այցը նշանավորվի սպառազինության նոր խմբաքանակով, որպեսզի չստացվի «դատարկ ձեռքով» այցելություն:

 Մաքսային միության հարցը Պուտինի այցի օրակարգում ընդամենը շղարշ է, քանի որ բուն այցը ուժի ցուցադրությունն է: Ռուսաստանը սեպտեմբերի 3-ին տապալելով Հայաստանի Եվրամիության հետ Ասոցացման գործընթացը, այլեւս որեւէ կերպ շահագրգռված չէ Մաքսային միությանը Հայաստանի արագ անդամակցությամբ: Դա գլխացավանք է Ռուսաստանի համար, քանի որ վիճակը շատ բարդ է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Բելառուսի եւ Ղազախստանի հետ հարաբերության եւ համաձայնությունների հանգելու առումով:

 Պուտինը Հայաստան է գալիս ուժ ցուցադրելու եւ բոլորովին պատահական չէ, որ այցը նա սկսում է Գյումրիում ռուսական ռազմակայանից: Ամբողջ հարցն այն է, թե ում է Պուտինն ուժ ցուցադրելու՝ Թուրքիայի՞ն, որի հետ իրականացնում է ատոմակայան կառուցելու 20 միլիարդ դոլարի ծրագիր, որին փորձում է համոզել անդամակցել Մաքսային միությանը,  նաեւ անցկացնում է Հարավային հոսք գազամուղը, որի հետ պատրաստվում է դիմագրավել Իրանի եւ Արեւմուտքի հարաբերության կարգավորման հեռանկարներին, թե՞ Ադրբեջանին, որի համար հանդիսանում է սպառազինության թիվ մեկ մատակարարը:

 Իսկ գուցե Պուտինը Հայաստանին է ուժ ցուցադրում, փորձելով ակնարկել, որ եթե 1920 թվականին կարմիր բանակը մտավ Հայաստան, ապա 2013 թվականին այն արդեն Հայաստանում է: Միգուցե դրա համար էլ Պուտինն ընտրել է դեկտեմբերի 2-ը՝ բոլշեւիկներին Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի տարեթիվը: Պուտինը Հայաստանին սպառնալու առիթներ ունի, որովհետեւ վերջին շրջանում նա անկասկած համոզվել է, որ Հայաստանը միայն իշխանությունն ու «ռուսական գծի» մեջ գտնվող քաղաքական ընդդիմությունը չէ, այլ արժանապատիվ քաղաքացիները, որոնք թեկուզ քիչ են, բայց ունեն արժանապատվության մեծ զգացում եւ սեփական հայրենիքի ու պետության ինքնիշխանության անհրաժեշտության մեծ գիտակցում: Միգուցե այդ քաղաքացիներին է Պուտինն ուժ ցույց տալիս, առավել եւս, որ ՀԱՊԿ համաձայնագրերով նա Հայաստանի իշխանությունից արդեն իսկ ստացել է Հայաստանի ներքին կյանքին միջամտելու իրավունք:

 Շատ հավանական է, որ Պուտինն ուժ է ցուցադրում Արեւմուտքին: Ավելին, միգուցե հենց Արեւմուտքն է այդ ուժի ցուցադրության գլխավոր հասցեատերը եւ Մոսկվան ակնարկում է, որ Կովկասում կմնա թեկուզ պատերազմի գնով: Ցուցադրելու այլ բան Կովկասում Ռուսաստանը չունի էլ: Տնտեսական եւ մշակութային առումով Ռուսաստանը պարտվել է շատ վաղուց, պատերազմը մնացել է վերջին հանգրվանը: Եվ այդ իմաստով, Մոսկվան արդեն ոչ թե հայտարարում է, որ Հայաստանը ֆորպոստ է, այլ պարզապես ցույց է տալիս դա իր անմիջական գործողություններով:

 Դա նշանակում է, որ Հայաստանում Մոսկվան ապահովելու է բացառապես այն միջավայրը, որը պահանջվում է իր զինված ուժերի բնականոն գործունեության համար: Այսինքն, Հայաստանը Ռուսաստանի համար վերածվում է յուրօրինակ ռազմական ավանի, կենսագործունեության համարժեք տրամաբանությամբ եւ հոգեբանությամբ, համարժեք կանոններով: Այսինքն, Ռուսաստանը փաստացի վերածվում է Հայաստանի քաղաքացիական ապագայի խոչընդոտի: Դա չի նշանակում, որ չի լինի քաղաքացիական կյանք: Կլինի՝ այնքան, որքան պահանջվում է «զինվորական ավանի» բնականոն կենսագործունեության համար:

 Դա է Ռուսաստանի մտադրությունը Հայաստանի մասով: Այլ ծրագրերի համար Մոսկվայում սպառված են թե ռեսուրսները, թե երեւակայությունը:

 Թեեւ, հարց է նաեւ, թե արդյոք բավականացնելու են ռեսուրսները Հայաստանը ֆորպոստի վերածելու համար: Ի վերջո, չնայած հասարակական պատկերի խայտաբղետությանը, Հայաստանում այդուհանդերձ միանգամայն հստակ եւ շոշափելի է ազգային եւ պետական արժանապատվության, պետական ինքնիշխանության գիտակցման վերելքը, որը միաժամանակ խարսխված է թե հոգեբանական գործոնի, թե ռացիոնալ եւ սթափ մտածողության վրա: Եթե Հայաստանի քաղաքացին ուժի չի ցուցադրում, ապա դրա պատճառը ոչ թե ուժի, այլ ցուցամոլության բացակայությունն է: