Լաուրա Գևորգյան. «Միշտ ընտրել եմ ընտանիքը և հիմա էլ նույնը կանեի»


00:43 , 30 նոյեմբեր, 2013

3Kinoashkharh.am-ը գրում է.

ժողովրդական արտիստուհի Լաուրա Գևորգյանը 60-ականների Երևանի  ամենագեղեցիկ աղջիկներից  էր: Ինքը` դերասանուհին, մշտապես շրջանցում է այդ թեման, բայց նրա սերնդակիցները, մանավանդ այն երևանցի տղաները, որոնք չհասցրին Էդմոնդ Քյոսայանից առաջ գրավել գեղեցկուհու սիրտը, այդ մասին հրապարակավ  ու կարոտով են խոսում: Բայց Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտ դերասանուհին այնժամանակ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ կինոյում ընտրեց Էդմոնդ Քյոսայանին, խաղաց միայն նրա ֆիլմերում և հիմա, երբ արդեն գրեթե 20 տարի է, ինչ վախճանվել է  ամուսինը, հրաժարվել է նաև դերասանուհու  կարիերայից: Տարվա մի մասը` ձմեռն անցկացնում է Մոսկվայում, որդիների, թոռների և արդեն նաև ծոռնիկի հետ, իսկ  գարնանը վերադառնում է Երևան ու  հիմնականում ապրում է Ուշիի ամառանոցում:

-Քյոսայանի վերջին` «Համբարձում» ֆիլմի նկարահանումից անցել է արդեն 26 տարի, և ճիշտ այդքան Դուք չեք  նկարահանվել: Ինչո՞վ եք  լցնում ստեղծագործական դադարը:

 

- Առաջին հերթին` գրքերով, ընթերցանությամբ: Շատ եմ կարդում և հատկապես մեծ հաճույքով  եմ կարդում հուշագրությունները: Ցավոք, վերջերս  տեսողությունս ինձ նեղում է,   և առաջվա պես շատ կարդալ չեմ կարողանում. դրանից շատ եմ նեղսրտում:

- Դերասանուհու, մանավանդ` ճանաչված  ու սիրված արտիստուհու համար բեմից կամ էկրանից հրաժարվելը որոշ իմաստով զոհաբերություն  է, Դուք ինչպե՞ս  եկաք  այդ   որոշմանը:

- Իհարկե, չնկարահանվելու, չաշխատելու որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր: Իսկապես շատ  ծանր էր, բայց  ես  միշտ  Էդմոնդի  հետ եմ աշխատել, էդպես էր ստացվել  իմ աշխատանքի հենց սկզբից: Երբ  Էդմոնդն արդեն չկար, չգիտեմ, չէի ուզում արդեն ինչ-որ բան փոխել: Հրավերներ, իհարկե, կային, նաև` շատ հայտնի ռեժիսորներից: Տիգրանս էլ ինձ  շատ  էր  համոզում, որ նկարվեմ իր ֆիլմերում, բայց չուզեցի: Հետո` ես հո  միանգամից չկտրվեցի ամեն ինչից: Տղաներիս  հետ ինչ-որ  մի ժամանակ դեռ  այդ պրոցեսում էի, հետաքրքրություն կար` ինչ են անում, ուր են գնում: Հետո կամաց-կամաց, աստիճանաբար հեռացա  ու  վերջնականապես թողեցի այդ ամենը:

4

- Իսկ  ինչո՞ւ միայն Քյոսայանը, նա արգելո՞ւմ էր, խոչընդոտո՞ւմ էր այլ  ռեժիսորների հետ Ձեր  աշխատանքը, թե՞ դա Ձեր որոշումն էր:

- Ոչ, ի՞նչ եք ասում, Էդմոնդը երբեք  չէր արգելում: Հիշում  եմ` հրավեր  ստացա Լենինգրադից: Էդիկը  կարդաց սցենարը, ասաց` շատ լավն  է,  և բնականաբար չարգելեց, բայց  հարցրեց` երեխաներին  ի՞նչ ես  անելու, իսկ հետո  ավելացրեց` երեխաների հարցը լուծիր ու  նկարվիր: Դե  ես  երեխաներին ի±նչ էի անելու, Մոսկվայում մեն-մենակ, ոչ  ոք  չունեմ, հրաժարվեցի: Ես ինչպե՞ս կարող էի թողնել երեխաներին: Եվ այդպես  շարունակ, սկզբում  ոգևորվում էի, հետո վիրավորվում էի ու  ասում` չեմ գնում: Թե ում էի լավություն կամ վատություն անում, ես էլ չգիտեմ: Մի  անգամ Աբդռաշիդովը  հրավիրեց, որ  իր ֆիլմում նկարահանվեմ: Նկարահանող  արշավախումբը  պետք է  աշխատեր  Սև  ծովի ափին: Ես  էլ, իհարկե, շատ էի ուզում: Հիշում  եմ` Տիգրանս ասում էր` մամա,  գնա, մենք կմնանք մենակ: Չէ, էլի  չստացվեց: Իրականում Էդմոնդը, թեև  ասում էր` գնա, ահավոր  խանդում  էր:

Այսինքն`  Դուք  մշտապես   կանգնած եք եղել  նույն երկընտրանքի առջևընտանիքերեխաներ  կամ  կինո:

- Այո, և   միշտ ընտրել եմ ընտանիքը: Չգիտեմ`  ճի՞շտ եմ, թե՞ սխալ, բայց  դա է իմ ընտրությունը, և  հավատացեք` եթե  նորից սկսեի  ամեն ինչ, դարձյալ նույն ընտրությունը կանեի: Միշտ  բարի նախանձով եմ  նայել այն կանանց, որոնք տարված են կարիերայով, հանուն որի պատրաստ են ամեն ինչի: Այդպիսի  շատ կանանց եմ ճանաչել, նրանք միշտ զարմացրել են ինձ: Նրանք  բոլորովին ուրիշ են իրենց խառնվածքով, մարդկային տեսակով, արժեքներով, ամեն ինչի ընդունակ են, ոչնչի առջև չեն կանգնում հանուն կարիերայի: Ես չեմ ասում, որ դա վատ է, բայց ինձ համար մշտապես չափազանց կարևոր  է եղել ոչ միայն ընտանիքս, այլև այն, թե ինչ կմատածեն մարդիկ իմ մասին: Ես երբեք  չեմ անտեսել հասարակական կարծիքը ու միշտ կարևորել եմ, թե ինչպես կընկալվի իմ յուքանչյուր քայլն ուրիշների կողմից: Կարծում եմ, որ երբեք չէի կարողանա նրանց նման լինել:

Մի՞թե երբևէ  չեք  մտածել   թատրոնի մասին:

- Դե, իհարկե,  դերասանուհին  պետք է աշխատի  թատրոնում, որոհետև կինոն անցողիկ բան է, հիմնականը թատրոնն է: Եթե  ես  թատրոնում խաղայի, երևի  երբեք   չթողնեի: Իմ  չիրացված սերը թատրոնի հանդեպ  ու ձգտումը դեպի բեմը, թատերական կուլիսները, այդպես էլ ինձ համար մնաց անկատար երազանք, քանի որ թատերական ինստիտուտի  ուսանողական բեմից հետո թատրոնում  չեմ խաղացել: Թեև երբեմն կասկածում եմ, որ թատրոնում էլ չէի կարողանա աշխատել, մտածում եմ, որ իմ տեսակով ու սկզբունքներով  պարզապես առանց դերերի  կմնայի:

- Էդմոնդ Քյոսայանը խորհրդային կինոյի  ամենահաջողակ և սիրված  ռեժիսորներից էր: Անորսալիների մասին կինոպատումը դիտել է  50 միլիոնից ավելի հանդիսատես, որը խորհրդային չափանիշներով արդեն ռեկորդ էր: Ո՞րն էր Քյոսայանի կինոյի հանդեպ  մարդկանց մեծ սիրո, նրա ֆենոմենալ հաջողության գաղտնիքը:

- Դե իհարկե  տաղանդն  ու մտածելակերպը, բայց կարծում եմ, որ  ամենագլխավոր  հանգամանքն  այն է, որ Էդմոնդի բոլոր  ֆիլմերը չափազանց մեծ բարություն էին սփռում: Ինքը չարություն, բացասական էներգիա չէր ընդունում իր կինոյում: Հիշում եմ` ՙՄխիթար սպարապետի՚ ժամանակ ասում  էին` էսպիսի դաժանություններ, շատ վայրագություններ են կատարվել, բայց ինքը  բացարձակ այդ մասին չէր մտածում: Էդմոնդը  բոլորովին ուրիշ  գաղափարախոսություն  ու արժեքներ ուներ: Նրա  համար առաջնային էին բարին, լավը, սերը, հարգանքը: Ի վերջո, նրա  բոլորը  ֆիլմերում   կարմիր գծով  անցնում է բարության  գաղափարը: Նաև  չափազանց հետաքրքիր  անհատականություն էր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ