Քարոզչական փուչիկը պայթեց. գառի դիմակի տակ թաքնված են…


21:29 , 29 նոյեմբեր, 2013
                    Քաղաքական մեկնաբան

Ադրբեջանի Կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Նովելլա Ջաֆարօղլուն «ԱՊԱ» լրատվական գործակալությանը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 1-5-ը Ստամբուլում «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների ֆորմատով» հանդիպում է կայանալու  որին Հայաստանից մասնակցելու են «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ներկայացուցիչները:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի տնօրենի օգնական Տաթևիկ Աղաբեկյանը հերքել էր այն լուրերը, թե հանդիպումը նման ձևաչափում է անցկացվելու, ավելին՝ կենտրոնից մամուլում արձագանք հնչեց, որ իրենք այսպիսի ապատեղեկատվությունից հետո քննարկում են այդ հանդիպմանը գնալու նպատակահարմարության հարցը:

Այս արձագանքներից մեկ օր անց, այսօր, Ջաֆարօղլուն «ԱՊԱ»-ի հետ զրույցում հանդես է եկել պարզաբանմամբ,  որում նշել է, թե ինքը «ճիշտ չի արտահայտվել» և որ Ստամբուլում կայանալիք հանդիպմանը մասնակցելու են ոչ թե «Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքների» ներկայացուցիչները, այլ՝ կանայք Հայաստանից ու Ադրբեջանից:
Մինչ ադրբեջանցի իրավապաշտպանը փորձում է փրկել իրավիճակը և հերքման տեքստ է ուղարկում մի լրատվամիջոցի՝ «ԱՊԱ»-ին, որը որպես կանոն «չի սիրում մաքրել իր թքածը» ու հասկանալի է, որ նման քայլի է գնացել «համապատասխան ատյաններից եկած հրահանգներից հետո», մեզ մոտ դեռևս հստակ տեղեկություն չկա, թե արդյոք հայկական կողմը, այնուամենայնիվ, մասնակցելո՞ւ է «անհասկանալի նպատակներ հետապնդող» հանդիպմանը:

Մեկ շատ կարևոր հանգամանք, ինչի մասին անպայման արժե նշել այս թեմայի շրջանակներում. ի տարբերություն հայկական կողմին, որ իսկապես ներկայացնում են ոչ կառավարական կազմակերպություն, ադրբեջանական կողմը փաստացի ներկայացնում է կառավարական կառույց: Այլապես ինչպես հասկանալ, որ Wikileaks-յան գաղտնազերծումների շնորհիվ հայտնի է դառնում, որ 2008 թվականից առ այսօր, Ջաֆարօղլուն իր գաղափարների մասին «կիսվում» իր երկրի փոխարտգործնախարարի հետ, ով խոստանում է այն փոխանցել «համապատասխան ատյաններին», այդ թվում՝ Իլհամ Ալիևին: Ընդ որում՝ ֆինանսավորումը Բաքվից ու Անկարայից է:

Ինչպե՞ս հասկանալ, որ մի երկրում, որտեղ ոչ կառավարական կազմակերպությունների մշտական հետապնդումների թիրախ են ու մեծ դժվարություններով են գոյատևում, Ջաֆարօղլուի գլխավորած կենտրոնը գտնվում է Բաքվի թանկարժեք Իչերի Շեհեր թաղամասում, որտեղ մեղմ ասած, ոչ բոլոր կազմակերպությունները կարող են գրասենյակներ ունենալ, մանավանդ, եթե դրանք «ոչ կառավարական սեկտորից» են:
Ճիշտ է՝ Ջաֆարօղլուն ամեն գնով փորձում է հնարավորինս նուրբ ու «անշառ» լույսի ներքո ներկայացնել իր կազմակերպած հանդիպումների շարքը, սակայն առկա փաստերն ու իրադարձությունները հաշվի առնելով, հասկանալի է դառնում, որ իրականում հանդիպումների ճարտարապետը Ադրբեջանի իշխանությունն է, որը հանդես է գալիս «իրավապաշտպանի» դեմքով: