Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ հետ նրա դավաճանությունից հետո...


18:15 , 29 նոյեմբեր, 2013

Այլևս չէի հասկանում, թե ինչ է պատահում ինձ հետ նրա դավաճանությունից հետո․ այնպիսի մի դատարկություն էի զգում շուրջս ու ներսս, որ կարծես ուղեղս հանել էին գանգիցս ու ինձ նետել մի անապատ՝ թափառելու սոսկալի մի ամայության մեջ, աննպատակ ու անղեկ, առանց ձգտումների, առանց իդեալների, առանց փրկության որևէ հույսի։ Մի բան միայն զգում էի շատ պարզ ու շատ որոշակի․ դա վրեժի թույնն էր, որ կաթիլ առ կաթիլ կուտակվում էր սրտիս մեջ և սպառնում պայթելու այն աղջկա գլխին, որ այնքան անխղճորեն անարգել էր ոչ միայն իմ ամենանվիրական զգացումները, այլև ինձ` իբրև մարդու, և սպառսպուռ ջախջախել բոլոր հույսերս, իմ ամբողջ ապագան։ Քանի նա չէր դավաճանել ինձ, ես մի արծիվ էի՝ հոգով ու մտքով բարձունքներում սավառնող, այժմ դարձել էի թևերը կտրած ողորմելի մի ճնճղուկ՝ գետնի վրա ցատկոտող։ Կարո՞ղ էի ես այդ ներել նրան։ Ու վճռեցի անողոք լինել դեպի նա նույնքան, որքան անողոք եղավ նա դեպի ինձ։

Նար-Դոս, «Ես և Նա»: