Տնային դիմակներ դդումից


17:00 , 29 նոյեմբեր, 2013

Маски для лица из тыквы

Դդումը միշտ հայտնի է եղել իր օգտակար հատկություններով: Ահա մի քանի դիմակի բաղադրատոմս:

Դդումի մի քանի կտոր 15 րոպե եփեք կաթի մեջ: Եթե մաշկը չոր է և թեփոտ, կաթի փոխարեն օգտագործեք սերուցք: Եփելուց հետո ճզմեք դդումը, ստացված դիմակը հաստ շերտով քսեք դեմքին: Պահեք 15-20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Դիմակ յուղոտ մաշկի համար: Մանր քերեք հում դդումը, մեկ ճաշի գդալ ստացված զանգվածին խառնեք մեկ ձվի սպիտակուց: Լավ խառնեք կամ հարեք, քսեք դեմքին և 15 րոպե անց մաքրեք գոլ ջրով:

Մեկ ճաշի գդալ քերած հում դդումը խառնեք նույնքան օսլայի հետ: Ավելացրեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ և երկու ճաշի գդալ լոլիկի հյութ: Քսեք 15-20 րոպեով, ապա լվացեք գոլ ջրով:

Օգտագործվում են նաև դդումի կորիզները: 2 ճաշի գդալ կորիզը կեղևազրկեք, լավ մանրացրեք և ավելացրեք քիչ քանակությամբ եռացրած ջուր: Եռացրեք այնքան, մինչև ստացվի խիտ զանգված: Մի քիչ սառեցրեք, քսեք դեմքին 15-20 րոպեով, ապա մաքրեք տաք ջրի մեջ թաթախված բամբակով:

Այս դիմակի շնորհիվ կկարողանաք անտեսանելի դարձնել պեպենները կամ պիգմենտային հետքերը: Մեկ ճաշի գդալ մաքրված կորիզները մանրացրեք մեկ ճաշի գդալ կաթի մեջ: Ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ: Խառնեք և քսեք դեմքին 15 րոպեով: Ապա լվացեք գոլ ջրով:

Երիտասարդացնող դիմակ: Կաթի մեջ եփեք մի քանի կտոր դդում, մինչև ստացվի խիտ զանգված: Մեկ ճաշի գդալ զանգվածին խառնեք մեկ դեղնուց, մեկ թեյի գդալ մեղր և մի քիչ կաթ: Քսեք դեմքին, պահեք 15 րոպե և ապա մաքրեք եռացրած տաք ջրով: